ՀՅԴ-ն առաջարկում է

Դեկտեմբերի 9-ը հռչակել ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլ ցեղասպանության դեմ պայքարի օր

FotorCreatedԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության ճանաչման միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին:

«Հավանաբար, տեղյակ եք, թե ինչու է ապրիլի 24-ը համարվել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Հայոց» բառը հատուկ չի շեշտվել` նկատի առնելով, որ ցեղասպանություն ապրած այլ ժողովուրդները կարողանան այդ օրը հայերի հետ միասին հիշել այդ օրը: Այս փոփոխությամբ ստացվում է, որ մենք հատուկ շեշտում ենք, որ ապրիլի 24-ը միայն հայերին էր վերաբերում, որքանո՞վ է դա նպատակահարմար:

Երկրորդ հարցը՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը նշանակում է, որ մեր հայկական տոնացույցում ունենում ենք անընդհատ զոհերի մասին վկայություն: Այն, որ Դուք այն կապում եք ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ, այնտեղ զոհերի մասին խոսք չկա, այնտեղ կա պայքարի, կանխարգելման ու պատժի մասին: Այլ կերպ ասած` ճիշտ չի՞ լինի, որ դեկտեմբերի 9-ը հռչակվի Ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային օր»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ պայքարի օր հայտարարելն ավելի տրամաբանական կլիներ:

Արտակ Զաքարյանը նշեց, որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանության կանխարգելման ու պատժի մասին է խոսում: «Քանի որ մեր հիշատակի օրացույցում չունենք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր, բնականաբար, դեկտեմբերի 9-ը մեզ հնարավորություն կտա հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու այդ բոլոր ժողովուրդներին»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց` ասելով. «Ես այնպես հասկացա, որ մեր առաջարկը մերժում եք: Եվս մեկ անգամ ընթերցեք ՄԱԿ-ի կոնվենցիան, այնտեղ զոհերի մասին խոսք չկա, ինչո՞ւ ենք մենք արհեստականորեն ձևավորում դա, երբ կարող ենք ցեղասպանությունների դատապարտման շրջանակներում նաև հարգել ցեղասպանությունների զոհերի հիշատակը, բայց տոնացույցում ունենալ ցեղասպանության զոհերի հիշատակի երկու օր՝ առանձնացնելով դրանք: Դրանով վնաս ենք հասցնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պետք է տրամաբանության շրջանակներում գործենք»:

Արտակ Զաքարյանն էլ պատասխանեց. «Տրամաբանության շրջանակներում է, չէի ցանկանա, որ դուք մտածեք, թե մենք ձեր առաջարկը մերժում ենք, կաշխատենք միասին, կլավացնենք օրենքը»:

Տպել Տպել