Դաշնակցություն հանուն Արցախի

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի ելույթը Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 124-ամյակի տոնակատարության ժամանակ

FotorCreatedՄեծարգո պարոն նախագահ, Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ,

Այսօր այստեղ ենք միասին 124-րդ անգամ նշելու Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը: Մենք՝ դաշնակցականներս, այն բարձրաձայնելով որպես տոնակատարություն, բարձրաձայնում ենք նաև, որ այն լոկ տոնակատարություն չէ, այլ՝ հաշվետվության օր:

Դաշնակցությունը 124 տարի է արդեն, որ տոնում է իր տոնը ժողովրդի հետ և հաշիվ տալիս իր ժողովրդին: ՀՅԴ օրվան նվիրված միջոցառումներն ավանդաբար զերծ են եղել զուտ կուսակցական ընկալումից: Մենք այն միշտ վերածել ենք հայրենասիրական ոգու բարձարացման յուրօրինակ տոնի և այդ տոնը նվիրել ժողովրդին: Եվ ինչպես մեծն դաշնակցական Ռուբեն Տեր-Միանասյանն է ասել. «Դաշնակցության տեսաբանը ժողովուրդն է: Մեր ծրագիրը հարմարեցնում ենք ժողովրդին և ոչ թե ժողովրդին մեր ծրագրին: Մենք հագուստն ենք հարմարեցնում մարմնին և ոչ թե մարմինը՝ հագուստին, և դրա մեջ է մեր ժողովրդականության գաղտնիքը և կուսակցության ուժը»:

1890 թվականին հայ ժողովուրդը հիմնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ համախմբի մեր ազատության երթը: Մենք մղեցինք 1918 թ. Մայիսյան հերոսամարտը և հայրենի հողի վրա կերտեցինք Հայաստանի անկախ Հանրապետությունը:

Հայության կամքով ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետության պատասխանատվությունը: Հայոց կորուսյալ հողերին տեր կանգնելու նպատակով՝ 1917թ-ին ՀՅԴ-ն ստեղծեց Արցախի ինքնիշխան կառավարությունը, որը ժողովրդի հետ միասին մինչև 1920թ. անխաթար պահեց Արցախի սահմանները:

Այդ օրերին էր, որ ՀՅԴ Արցախի «Ապառաժ»-ի Կենտրոնական Կոմիտեն հատուկ կոչով դիմեց բնակչությանը և քաղաքական ուժերին, որում ասվում էր. «Նեցուկ լինել նոր կառավարությանը և պատրաստ լինել ինքնազոհությամբ նվաճված ազատությունը ամրապնդելու: Պետք է լռեն կուսակցական տարաձայնությունները, խմբվել, խտացնել շարքերը՝ դիմադրելու համար հակահեղափոխական փորձերին»:

1920թ. Դեկտեմբերի 2-ին, հավատարիմ հայրենիքի գոյության համար պայքարելու իր ուխտին, ՀՅԴ-ն կամավոր հրաժարվեց իշխանությունից՝ գերադասելով հայրենիքի ֆիզիկական անվտանգությունը և դարձավ վտարանդի, գործեց Սփյուռքում՝ հայրենիքի անկախության գաղափարի շուրջ համախմբելով հայությանը՝ ստեղծելով կրթական, մշակութային, մարզական, բարեգործական, երիտասարդական միություններ, հոգալով սերունդների հայեցի դաստիարակության գործը:

Գործելով աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ միշտ վեր է պահել եռագույնը՝ երիտասարդության սրտում անթեղած պահելով Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու, Ազատ Անկախ Միացյալ Հայաստան ունենալու գաղափարը: Այսկերպ էր ՀՅԴ-ն Սփյուռքում զինվորագրում հայության դատի նվիրյալներին, ովքեր հետագայում պիտի գործեին Հայաստանում ու Արցախում:

Այսօր ՀՅԴ-ն ՀՀ իշխանության հետ համագործակցաբար, իսկ ԼՂՀ-ում որպես իշխանություն, փորձում է մասնակիցը լինել յուրաքանչուր հայի համար ապահով, արդար ու շեն տուն հիմնելու գործին:

Հայաստանի և Արցախի հզորացումն ու ամրապնդումը մեր գերխնդիրն է: Մեր պետականությունը միակ միջոցն է հայ ժողովրդի անվտանգ գոյության, զարգացման և ազգային երազների իրականացման համար:

1989թ-ից գործում ենք Արցախում, գործել ենք ընդհատակում, ստեղծելով մարտական խմբեր, ինքնակազմակերպել մեր ժողովրդին: 1991 թ-ին հավատարիմ լինելով ազգային-ազատագրական պայքարին՝ մի կողմից ստանձնել էինք պատասխանատվություն ԼՂՀ պետականաշինության գործին՝ ակտիվ դերակատարություն ունենալով անկախության հանրաքվեի անցկացմանը և առաջին Գերագույն խորհրդի ընտրություններին, մյուս կողմից՝ մեր կազմավորած ջոկատները մարտնչում էին Գետաշենում, Շահումյանում, Արցախի մյուս շրջաններում:

Մենք Արցախով և Արցախի ազատագրական պայքարով ենք սկսել մեր գործունեության նոր շրջանը՝ անմնացորդ նվիրվելով Արցախին:

Արցախի ազատագրումը Դաշանակցության համար եղել և մնում է Հայ Դատի, ամբողջական հայությամբ՝ ամբողջական Հայաստանի կերտման անբաժան մասնիկը: Ավելին՝ Արցախը հայ դատի փորձաքարն է:

Մենք համատեղած համայն հայության ներուժը՝ գործում ենք Աստվածային խոյանքով վերանվաճած մեր Արցախ պետության իրավական անկախությունը կերտելու և միջազգային ճանաչմանը հասնելու համար:

Մենք աշխարհասփյուռ կառույցներով և ազգային գաղափարական հզոր հենքով համայն հայությանը համախմբում ենք Արցախի շուրջ՝ Արցախի պետականությանը սպառնացող և օրեցօր ահագնացող վտանգը չեզոքացնելու համար:

2012թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն քաղաքական որոշում է կայացրել՝ սատարել ԼՂՀ գործող նախագահին՝ այդպիսով կրելով քաղաքական պատասխանատվություն: ՀՅԴ Արցախի կառույցի իշխանություն լինելու քաղաքական որոշումը շահադիտական չէ կամ անձին ուղված որոշում չէ, այն ելնում է մեր ժողովրդի և մեր պետականության շահից՝ հայ ժողովրդի առջև ստանձնած մեր պատասխանատվությունից:

Ոչինչ չի խոստանում Դաշնակցությունը իր անդամներին՝ ո՛չ դիրք, ո՛չ պատիվ, ո՛չ գանձ և ո՛չ էլ հանգիստ: Եթե երբեմն հասցնում է քաղաքական բարձր դիրքի, միմիայն նրա համար, որ կատարի դաշնակցական պարտականություն: Երեկ պարզ զինվոր էիր կամ խմբապետ, այսօր դառնում ես նախարար, բայց չես դադարում մնալ դաշնակցական, ենթակա ՀՅԴ Ծրագրին և Կանոնագրին։ Ու երբ նկատում է թե նոր դիրքում դու փորձում ես մտածել ու գործել որպես ոչ դաշնակցական, նա քեզ գահավիժում է չարաչար, առանց նայելու հռչակիդ ու դիրքիդ: Շատերս լսել ու տեսել ենք հայտնի անուններ, որ ստեղծել է Դաշնակցությունը և գահավեժ անկումներ, որը ստեղծել է նույն Դաշնակցությունը՝ նույն մարդկանց համար։ Սա իմ խոսքերը չեն այլ մեծանուն դաշնակցական Նիկոլ Աղբալյանի:

Սիրելի ընկերներ,

Դաշնակցականը միայնակ ասպետ չէ պայքարի դաշտում: Դաշնակցականները իրենց գիտակցական և բարոյական կողմերով մոտավորապես նման են իրար, այս հենքի վրա ամեն մի դաշնակցական իր նկարն է գործում գորգի զարդերի նման, տարբեր են գույները, նկարն ու դասավորությունը, տարբեր է մեծությունը, բայց նույնն է հենքը, և բոլորն էլ գորգ են:

Մենք հեղափոխական ենք և հեղափոխականությունը Դաշնակցության անվան անբաժան մասն է: Այն ինքնանպատակ չէ, այլ՝ պայքարի ձև: Սակայն եղել են շրջաններ, որ ՀՅԴ-ն եղել է բարեփոխիչ ու խաղաղ կազմակերպություն: Շատերը այս կերպարանափոխությունը փորձում են որակել որպես անսկզբունքայնություն, մինչդեռ մենք ուժեղ ենք և ազատ ամեն կարգի նախապաշարումներից:

Մենք սոցիալիստներ ենք և արդար հասարակարգի ձգտողներ: Սոցիալիզմը հայ մարդու ինքնագիտակցության մեջ է, և մենք կերտելու ենք այն: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գտնում է՝ սոցիալիզմի ճանապարհով է, որ մարդկության քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումն ընթանում է արդար եւ համերաշխ հարաբերություններով:

Սոցիալիզմը ձգտում է ինչպես անհատի ազատությանը, այնպես էլ ազգերի` իբրեւ հավաքական անհատականությունների ամբողջական ազատագրությանը, անկախությանը ու գերիշխանությանը եւ նրանց համերաշխ համակեցությանն ու իրավահավասար գործակցությանը:

ՀՅ Դաշնակցությունը հավատում է, որ սոցիալիստական իդեալը անիրականանալի է առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց սոցիալիզմի:

Այս զուգահեռ պայքարները մղվում են ժողովրդավարական միջոցներով, իսկ ժողովրդավարության խափանման պարագայում՝ նաեւ հեղափոխությամբ:

ՀՅ Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման:

Ահա այն տեսլականը, որով արդեն 124 տարի առաջնորվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Ունենալով 124 տարվա քաղաքական պաշար, գաղափարական ամուր հենք եւ ազգի ու պետականության հզորացման հստակ տեսլական՝ մենք՝ դաշնակցականներս, հենց այս կերպ ենք պատկերացնում Արցախի ու Հայաստանի համատեղ ապագան:

Հարգելի գործընկերներ,

Այս տոնակատարության կարգախոսն է Դաշնակցություն հանուն Արցախի: Եվ Դաշնակցություն հանուն Արցախի կարգախոսով է, որ ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատել է իր դերակատարումն Արցախի Հանրապետության ազգային, քաղաքական և հասարակական կյանքում՝ հաստատելով, որ.

– շարունակելու է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը,

– համախմբելու է համայն հայության ներուժը Արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական և ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար,

– հետամուտ է լինելու ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը,

– գերակա խնդիր է համարելու համահայկական ճիգերով ԼՂՀ վերաբնակեցումը և բնակչության էական աճը,

– ապահովելու է Դաշնակցության ներդրումը ԼՂՀ տնտեսական և սոցիալական զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ռազամավարական ծրագրերի մշակման և իրագործման գործընթացներում,

– սատար է լինելու Արցախի իշխանության՝ Արցախի կրթական, մշակութային, առևտրային ներկայացուցչություններ բարեկամ երկրներում հիմնելու նախաձեռնությանը:

Դաշնակցություն հանուն Արցախի կարգախոսով է, որ ՀՅԴ-ն ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Լիբանանում, Քուվեյթում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ավելի քան 30 երկրներում գործելու է հանուն Արցախի հզորացման՝ իր շուրջը համախմբելով աշխարհասփյուռ հայությանը:

Դաշնակցություն բառիս բուն իմաստով, կարգախոսով է, որ կարող ենք արցախցիրներս՝ անկախ գաղափարական, քաղաքական մոտեցումներից, մեկտեղել մեր կարողությունները, դիմակայել թե՛ արտաքին և թե՛ ներքին մարտահրավերներին: Եվ միայն այս կերպ Արցախի ժողովուրդը կարող է ազդակ ուղարկել և իր շուրջը համախմբել համայն հայությանը:

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ մենք կարող ենք ակնկալել, որ ազգը երբևէ կհասնի այն գիտակցությանը, թե Դաշնակցությունը պատմական ազդակ է հայ իրականության մեջ և իր գիտակցության չափով նյութապես կնպաստի ՀՅԴ գոյությանը և գործին: ՀՅԴ-ն ավանդապահ կուսկացկություն է և այդ ավանդության մեջ է իր միության և նույնության գաղտնիքը: Նա այնքան անփոփոխ չի մնում, որ հնանա ու անպետքանա հանրային կյանքի ղեկավարության համար, բայց նաև այնքան չի փոխվում, որ դառնա հեղեղուկ : Նա իր բնույթով մնում է նույնը , բայց հարմարվում է կյանքին: Փոփոխությունները ոչ թե բեկում են, այլ՝ հոսում, ոչ թե հեղաշրջում, այլ՝ բարեշրջում:

Եվ ուրեմն ոչինչ չի մնում ասել, քան կրկնելու՝ Դաշնակցություն հանուն Արցախի:

aparaj.am

Տպել Տպել