Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր առցանց արշավ է սկսել` հանուն ցեղասպանության հարցում արդարության

FotorCreatedՀայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծմանն աջակցելու նպատակով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սկսել է «Արդարության երթ» առցանց արշավը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնախմբի հաղորդկացության բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, արշավի նպատակն է օգնել ընդլայնել անհատ և համայնքային ակտիվիստների ազդեցությունը, ովքեր պայքարում են քաղաքացիական և հանրային կառավարման հարթակներում հայամետ ձայների բարձրացման համար: «1915 թվականին հայերը հարկադրված տեղահանությունների են ենթարկվել, որպես վերապրածներ տարել ցեղասպանության սարսափները: Այսօր մենք միանում ենք ամբողջ աշխարհի մեր դաշնակիցներին` ևս մեկ անգամ երթի դուրս գալու համար, սակայն այս անգամ հայ ազգի գոյության արդար իրավունքն ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Ակցիային մասնակցելու համար ցանկացողները կարող են այցելել www.marchtojustice.org կայք, տեսանյութ պատրաստել և տեղադրել այն մասին, թե ինչու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հատկապես կարևոր հայոց արդարության մասին բարձրաձայնելու համար, նամակներով դիմել պաշտոնյաներին և համաշխարհային առաջնորդներին` պահանջելով արդարացի լուծում Հայոց ցեղասպանության հարցում և, վերջապես, ներգրավել ընկերներին և հարազատներին:

armenpress.am

Տպել Տպել