ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություն է, չի կարող որևէ ալյանսի մեջ լինել, որտեղ իր քաղաքական մոտեցումները չեն հարգվում

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր, մարտի 27-Ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնություններին, նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն. «Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին»:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու:

«Սա չի կարելի թույլ տալ, և մեզ համար անհասկանալի են մոտիվները, թե ինչպես ինչ-որ պայքար կարելի է կապել ապրիլի 24-ի հետ: Մենք պարզապես ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` զերծ մնալ այդպիսի գաղափարից»,– ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Նրա բնորոշմամբ՝ Սեֆիլյանը կարող է շարունակել իր պայքարը, սակայն ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի: Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու այդ հանրահավաքներին, քանի որ իրենք գործ չունեն մի ուժի հետ, որը գալիս է պառակտելու ազգային միասնությունը: «Ես նման ուժի հետ ո’չ հանրահավաք գնալու ցանկություն ունեմ, ո’չ սեղան նստելու»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը կողջունի՞ իշխանությունների` ուժի դիմելու քայլերը, Ռուստամյանը պատասխանեց, որ բոլոր երկրներում նման շարժումների դեպքում կատարվում են քայլեր, որոնք անհրաժեշտությունից բխած են և արդարացված:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին` լրագրողի հարցին, նշեց, որ այդ հարցին ՀՅԴ-ն բազմիցս է պատասխանել: «Երբ որ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ է լինում, ասում են` լուրեր են պտտվում, թե դուրս եք գալիս, դուրս ենք գալիս, ասում են, որ մտնելու եք»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորին է հայտնի ՀՅԴ-ի դիրքորոշումը:

«ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություն է, չի կարող որևէ ալյանսի մեջ լինել, որտեղ իր քաղաքական մոտեցումները չեն հարգվում: Մենք յոթ կետ ենք հրապարակել, այդ կետերի մասին վաղուց ենք խոսում, սակայն չենք հասել դրա լուծմանը: Այդ յոթ կետերով է պայմանավորված` ՀՅԴ-ն կլինի այստեղ, թե` այնտեղ»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ այժմ մի իրավիճակ է ստեղծվել, որ ՀՅԴ-ի կողմից հրապարակված յոթ կետերի լուծումը քիչ-քիչ իրականանում է: Որպես օրինակ` Ռուստամյանը նշեց, որ հետ են կանչվել հայ-թուրքական արձանագրությունները, խոսվում է բիզնեսն իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության, խորհրդարանական կառավարման համակարգի մասին: Պատգամավորն ընդգծեց, որ սա իրենց` վաղուց արձանագրած պահանջներն են:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսներում, նշեց՝ ամեն բան պետք է այնպես արվի, որ որևէ մեկը հարկային ստուգումների դաշտից դուրս չմնա, և տնտեսության ստվերայնությունը այդ աստիճանի չհարվածի երկրի զարգացմանը: «Եթե ասվում է, որ պայքարում են կոռուպցիայի ու ստվերների դեմ, դա պետք է յուրաքանչյուրին վերաբերի` անկախ նրանից, թե ով որտեղ է գտնվում, պետք է հասկանան, որ մի օր պատասխան են տալու: Ի՞նչ է, մտածում էին՝ այդ ուղտն իրենց դուռը չէր չոքելո՞ւ»,- ընդգծեց նա:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը: «Խորհրդի կազմը վստահություն չի ներշնչում, քանի որ դրանում ներգրավված անձինք իշխանության կարկառուն ներկայացուցիչներ են, իսկ իշխանությունն իր դեմ չի կարող պայքարել»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Տպել Տպել