ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է մնում կառավարության կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում անդամ առաջադրելուց:

«Մենք ձեռնպահ ենք մնում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում թեկնածու առաջադրելուց, քանի որ երկար տարիներ է` մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, այդ թվում` ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու ծրագիր, որը չի մերժվում և ոչ էլ կյանքի է կոչվում»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհորդ ստեղծելու մասին որոշում, որում նախատեսվում է հասարակական սեկտորի ներկայացուցիչների, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, կառավարության անդամների ներգրավվածություն:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ որևէ արդյունավետ աշխատանք չի տարվում. «2014 թվականին, նախագահի գլխավորությամբ ստեղծվեց կոռուպցիայի դեմ խորհուրդ, հիմա այն չեղյալ է հայտարարվել և ստեղծվել է վարչապետի գլխավորությամբ նոր կառույց, որը հայտնի չէ, թե ինչ մոդել է որդեգրում»,- ասաց Մինասյանը: Վերջինս շեշտեց այն հանգամանքը, որ հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենա ստեղծված կառույցը:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՀՀ-ը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, ունի մի շարք հակակոռուպցիոն մարմիններ, որոնք պիտի որ օգնեն պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն, «Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ անարդյունավետ աշխատանք է ընթանում»:

Հակառոպցիոն պայքարի կարևոր տարրերից մեկն, ըստ ՀՅԴ պատգամավորի, անհրաժեշտ միջավայր ձևավորելն է: «Մարդը պիտի հասկանա, որ կոռուպցիայի մեջ մտնելով՝ ավելի մեծ վնասներ կստանա, քան եթե չմտնի այդ ամենի մեջ: Պատշաճ վարձատրության համակարգի գոյությունն է նաև կարևոր: Պատասխանատվությունը ևս կարևոր է, եթե պատասխանատվության մասով չունենանք լուրջ համակարգ, այս ամենի մասին խոսելն անիմաստ է»,-ընդգծեց Մինասյանը:

Վերջինս նշեց նաև. «Չենք մերժում որևէ բան, պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, բայց կոնկրետ գաղափարների, ծրագրերի շուրջ, ոչ թե ինչ-որ ամորֆ մարմնի շուրջ»:

Տպել Տպել