Էդ մուրը ձեր դեմքին քսեք

Հրաչ Մուրադյանի սպանությունից երկու տարի անց

FotorCreatedԱստված անզոր չի լինում: Աստված հավատ է: Այն կամ կա, կամ` չկա: Պարզապես մի քիչ անհասկանալի է, երբ Աստծուց ամեն օր շահ ու բարիք ակնկալողները հիշատակի ու ցավի օրերին, հանկարծ արթնանում ու այլ բաներ են պահանջում: Օրինակ` բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը, որի երկու տարին է լրանում: Աստված նույնիսկ անակնկալի կարող է գալ ու հարցնել` քեզ ի՞նչ պատահեց, ով աղոթարար որդյակ իմ…

Ինչևէ, երեկ հրապարակվեց Հրաչ Մուրադյանի այրու` Լարիսա Աղաբեկյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին:

Ուրիշ բան չասենք` նամակը հրապարակվեց yerkir.am կայքում:

Դեռ 24 ժամ չանցած hayeli.am-ը հասցրեց ՀՅԴ-ին մեղադրել Լարիսա Աղաբեկյանին իշխանությունների դեմ միայնակ թողնելու համար: Պարադո՞քս է: Իհարկե: Բայց միայն առաջին հայացքից: Խորքում, սակայն, այլ բան կա` հարվածել Դաշնակցությանը և հենց այս հիշատակի օրերին, հերոսի` Հրաչի հիշատակով:

Բայց նախ` մի հարց պարզենք: Հրաչը դաշնակցական էր: Բայց արդյոք միայն Դաշնակցությա՞նն էր Հրաչը: Ո՞ւր էին տարատեսակ սրտացավները նրա կենդանության օրոք, ինչո՞վ սատարեցին, երբ նա իր շուրջը իր պատկերացրած Հայաստանն ու մարդկային հարաբերություններն էր կառուցում, իր պատկերացրած դաստիրակությունը ներարկում մատաղ սերնդին:

Հասկանալի է, զբաղված էին Աստծուց ինչ-որ բաներ խնդրելով ու իրենց լրատվամիջոցներում մանր-մունր խարդավանքներ հրապարակելով: Հրաչին սպանեցին: Սպանեցին հենց նրանք, ում հիմա ծառայում են առանձին գրչակներ` որ մի հնարքով մուր քսեն Դաշնակցությանը, մեղադրեն` իշխանության հետ խաղերում Հրաչի հիշատակը շահարկելու մեջ: Անիմաստ զբաղմունք է, բայց տհաճություն ես զգում, երբ նկատում ես այս արարածների գալարմունքը:

Նայում ես ու զարմանում` ասա, ի՞նչ կապ ունեք դուք Հրաչի հետ, որ հիմա այդպես սրվել եք, թե ՀՅԴ-ն ոչինչ չի անում գործի բացահայտման ուղղությամբ: Լավ է, գոնե, բոլորը գիտեն, որ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված հենց ՀՅԴ-ն է եղել բոլոր ակցիաների ու պահանջագրերի հեղինակը և մինչ օրս էլ ՀՅԴ-ն է միայնակ ճնշում գործադրում իրավապահ և պետական մարմինների վրա` գործը բացահայտելու համար: Ուրիշ ժամանակ բոլորը խոսում են պետականությունից և օրինականությունից: Չգիտես ինչո՞ւ, սակայն, Դաշնակցության պարագայում մոռանում են այդ ամենը և կուսակցությունից ակնկալում, որ նա հիմա մաուզերները պետք է առնի ու ընկնի սարերը: Այսինքն ի՞նչ, օրենքները Դաշնակցության համար չե՞ն: Այս ամենը հիմա դնենք մի կողմ, որովհետև իրենց գրածներին իրենք էլ չեն հավատում:

Գանք Աստծո թեմային:

Մեր բախտից է, իհարկե, որ լավ են ընբռնել, թե Հրաչի հուղարկավորության օրը ինչ է ասել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Այո, նա հստակ տարբերակել է հայր Աստծուն Դաշնակցության Աստծուց` հայտարարելով` «Եթե չպատժվեն, կպատժվեն Աստծո կողմից, եթե Աստված չպատժի, Դաշնակցության Աստվածը կպատժի»: Այս պարզ բանը հասկացողներին կցանկանայինք նաև հիշեցնել, որ եթե Աստված երբեմն մի բան այնպես չի անում ու հետո սրբագրում է, ապա Դաշնակցության Աստվածը վճռահատում է մեկ անգամ ու անդառնալի: Կարծում ենք` բանը դրան չի հասնի:

ՀՅԴ-ն այս թեմայով իր ասելիքը ասել է իշխանություններին: Իսկ նրանք, ովքեր միայն տարելիցից-տարելից են հիշում Հրաչին, լավ կանեն լռել ու չշահարկել ցավը, ինչ է, թե հրահանգ ունեն հայտարարելու, որ Դաշնակցությունն իր տեղում չէ:

Էդիկ Անդրեասյան

Տպել Տպել