Հալեպի հայաշատ թաղամասում հրասանդներ են ընկել

FotorCreatedՀալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում ապրիլի 14-ի կեսօրին հրասանդներ են ընկել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ հրասանդներն ընկել են Կարեն Եփփե ճեմարանի մերձակայքում գտնվող բնակելի շենքի վրա՝ պատճառելով նյութական վնասներ:

«Բարեբախտաբար, բնակարաններում մարդիկ չեն եղել, սակայն երկու հարկաբաժին ամբողջովին ավերվել են, կարելի է ասել գոյություն չունեն»,- նշեց Ռեիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ավերված բնակարնները հայերի բնակարաններ են:

Ռեիսյանի խոսքով՝ Հալեպում անկայուն, մտահոգ վիճակը շարունակվում է, անակնկալներ մշտապես սպասելի են:

Ավելի վաղ Առաջնորդարանի խոսնակը տեղեկացրել էր, որ ապրիլի 11-ի ռմբակոծության հետևանքով առաջնորդարանի շենքը քարուքանդ է եղել և անգործածելի է:

Ռմբակոծության հետևանքով մի քանի հայեր էին վիրավորվել, ովքեր բժիշկների հսկողության տակ են գտնվում:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

armenpress.am

Տպել Տպել