Ի՞նչ է անում նախաքննական մարմինը Հրաչ Մուրադյանի սպանությունից երկու տարի անց

ՀրաչԱպրիլի 2-ին լրացավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության 2-րդ տարին:

Կարծիք կա, որ գյուղապետի սպանության գործը, հենց սկզբից տանելով սխալ ուղղությամբ, մտցրել են փակուղի:

Մուրադյանի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ գյուղապետի մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանը հայտարարեց. «Քննեք ընտրությունների ընթացքը և կգտնեք այն ճիվաղին` թուրքին, ով սպանեց Հրաչին աշխատավայրի դիմաց»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ևս խորհուրդ տվեց ուսումնասիրել անցյալի դեպքերը:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ գործով, որպես մեղադրյալ, ներգրավված Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, կարելի է ասել, որ գործն այլ ուղղությամբ տանելու փորձ անգամ չի կատարվել:

Գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով yerkir.am-ը պարբերաբար հարցումներ է ուղարկում նախաքննական մարմնին:

Գործի քննությունն իրականացնող` ՀՀ քննչական կոմիտեի ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանն ուղղված մեր վերջին հարցման մեջ մասնավորապես հետաքրքրվել էինք`

1. Վերջին 6 ամիսների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, նախաքննական մարմնի հանձնարարությամբ համապատասխան մարմիններն ի՞նչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել:

2. Գործով, որպես մեղադրյալ, ներգրավված Արայիկ Պետրոսյանի նկատմամբ վերջին 10 ամիսների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:

3. Ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ մինչ այժմ չի դադարեցվում Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

4. Քննչական մարմինը մինչ այժմ այս գործով էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ հայտնաբերե՞լ է, եթե` ոչ, ապա ի՞նչ աշխատանքներ են կատարվում է այդ ուղղությամբ:

Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցագործությունն ամբողջական բացահայտելու, հնարավոր հանցակիցներին և քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու, ինչպես նաև քրեական գործի վերջնական ընթացքը լուծելու նպատակով կատարվել և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ, որոնց շուրջ շարունակվում են իրականացվել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նշված քննչական և դատավարական գործողությունները, ինչպես նաև օպերատիվ- հետախուզական միջոցառումները հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ մեզ չհաջողվեց պարզել, թե ի՞նչ հիմքով մինչ այժմ չի դադարեցվում Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է տալ Պետրոսյանի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվելը նախաքննական մարմնին, եթե գործում առկա ծանրակշիռ փաստարկների հիման վրա նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: Ասել է թե` եթե Պետրոսյաննն ինչ-որ առնչություն ունենար սպանությանը, բնականաբար, ազատ չէր արձակվի:

Մնում է ենթադրել, որ նախաքննական մարմինը պարզապես չի ցանկանում խոստովանել վերը նշված փաստը` որ հանցագործության բացահայտումը հենց սկզբից սխալ ուղղությամբ է տարվել՝ նպաստելով իրական հանցագործների քողարկմանն ու գործի՝ փակուղի մտնելուն:

yerkir.am

Տպել Տպել