Մաղթենք, որ Ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի բան չպատահի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը

FotorCreated– Հալեպի գնդակոծման հետևանքով ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, ինչպիսի՞ իրավիճակ է վերջին երկու օրվա ընթացքում հայկական թաղամասերում, քանի՞ վիրավոր կա:

– Հրթիռակոծությունները, բախումները շարունակվում են, բայց, օրինակ, երեկ երեկոյան հրթիռակոծությունները հայկական թաղամասի մեջ չէին, քաղաքի այլ ծայրամասային հատվածներում էին: Անշուշտ, ուրբաթ գիշերվա-շաբաթ առավոտվա ավերները ունեցան իրենց ազդեցությունը հայկական համայնքի վրա: Ուրբաթ գիշերվանից միչև շաբաթ առավոտ տեղի ունեցած հրթիռակոծությունները մեծ վնասներ, ավերածություններ բերեցին, սակայն երևի Աստծո նախախնամությամբ մեր համայնքում միայն մի քանիսը վիրավորվեցին, մարդկային զոհեր չունեինք: Կոնկրետ վիրավորների թվի մասին չեմ ուզում խոսել. ոչ մի բան չի փոխի: Մի քանի վիրավորներ ունեինք, որոնք բժշկական խնամքի տակ են:

– Հայկական ունեցվածքի առումով ի՞նչ պատկեր է, տուժած շենքերը հնարավո՞ր է վերականգնել:

– Բնականաբար, քանդված, ավերված շատ բնակարններ կան, բայց դրանց կողքին մենք ունենք «Սիմոն Վրացյան» կենտրոնը, որը բավականին մեծ վնասներ է կրել և վերջին շրջանում Ազգային առաջնորդարանի գրասենյակները փոխադրվել էին, և անհնար է, որ այդ շենքը ծառայության մեջ մնա, մինչև լրիվ չվերանորգվի:

– Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և այն , որ վերջին շրջանում ռմբակոծվում են քրիստոնեական թաղամասերը, կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմությունը հստակ քաղաքականություն ունի նաև հայկական համայնքի առումով:

– Ոչ մեկը չի կարող աննկատ անցնել, մանավանդ եթե ընդդիմության քաջալերող կողմը հիմնականում Թուրքիան է: Հետևաբար այդ ամենի մեջ հեռու չէ Թուրքիայի գործոնը նաև հայերի նկատմամբ: Սակայն այդ ամենի կողքին, երբ հանցագործություններ, հրթիռակոծություններ են տեղի ունենում, չենք ուզում տարբեր կամ սխալ մեկնաբանություններ լինեն, բայց բոլոր հավանականությունները տարբեր ուղղություններով նկատի ենք ունենում:

– Ապրիլի 24-ին ընդառաջ հայկական թաղամասերում հնարավո՞ր են սրացումներ:

– Մենք ամենավատին էլ պետք է պատրաստ լինենք: Ամենավատին միշտ պատրաստ լինելը սխալ բան չէ, այնպես որ ենթադրություններ չանենք: Անհավանական ոչինչ չկա, ամեն բան կարող է լինել: Մաղթենք, որ ոչ մի բան չպատահի, և վնասներ չլինեն:

-Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ պետք է բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ վերջ տալու համար Սիրիայի քաղաքացիական պատերազմին: Այս հայտարարությունը շատերին տեղիք էր տվել կարծելու, որ դրական տեղաշարժ է լինելու, բայց, փաստորեն, սրացումները շարունակվում են:

– Սովորաբար հայտարությունները և իրական գործողությունները զուգահեռաբար չեն ընթանում:

1in.am

Տպել Տպել