Անկարան իրավացիորեն էր անհանգստացել. անգամ Գալիպոլիին չհաջողվեց ստվեր թողնել 100-ամյակի միջոցառումների վրա

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում եւ Սփյուռքում: Բազմահազարանոց երթ տեղի ունեցավ հայաշատ Բեյրութում:

FotorCreatedԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, ով տեղեկություններ փոխանցեց Բեյրութում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ:

-Պարոն Գանտահարյան, Բեյրութում տեղի ունեցավ հզոր երթ: Հայաստանն ընդունեց բարձրաստիճան պատվիրակների, երկրների ղեկավարների: Հերթական անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնեցինք՝ հիշում ենք եւ պահանջում: Ձեր կարծիքով, ինչ-որ բան փոխվե՞ց տեղի ունեցածից հետո:

-Նախ Բեյրութում իրոք տեղի ունեցած ցույցը հզոր էր ու բազմամարդ։ Ցուցարարների թվի առումով, ես կասեի, նաեւ աննախադեպ էր։ Մի քանի հանգամանքներ կարող են լույս սփռել քայլերթի տարողունակության եւ հզորության իրողության վրա։ Նախ, իհարկե, 100-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին հատուկ ժողովրդական լայն զանգվածների ներգրավվածությունն ապահովելու միտումները։ankara1 ankara2

Լիբանանում շուրջ չորս տարի է արդեն գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական հանձնաժողով, որում ներառվել են համայնքում գործող հայ քաղաքական կուսակցությունների, առաքելական, կաթոլիկ եւ ավետարանական համայնքների, ինչպես նաեւ ազդեցիկ միությունների ներկայացուցիչները։ Ուրեմն, աշխատանքներին ապահովվել էր համահամայնքային ներկայացուցչություն։ Կենտրոնական հանձնաժողովը համագործակցում էր ինչպես տեղում ՀՀ դեսպանատան, այնպես էլ 100-րդ տարելիցի միոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ։ Պետք է ասել, որ հատուկ ռազմավարություն էր մշակվել այս տարվա քայլերթին ապահովել լիբանանյան, ոչ հայկական մասնակցություն. եւ դա աշխատեց։ Այստեղ մի քանի հանգամանք պետք է նկատի ունենալ.

Ա. Միջինարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող էթնիկ զտումները, ջարդերն ու տեղահանությունները եւ այդ համատեքստում տարածաշրջանի ապաքրիստոնեացման միտումները հատուկ զգայունություն էին առաջացրել Լիբանանի քրիստոնյա ազգաբնակչության նկատմամբ, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում հայերին։

Բ. Այս զորակցության ենթատեքստում կար իսլամական կրոնական ծայրահեղական խմբավորումներին Անկարայի ունեցած հովանավորչության, աջակցության եւ ֆինանսավորման իրականությունը, որը տեսանելի է։ Ուրեմն, թուրքական գործոնի դեմ զորակցական առումով կար որոշակի համալրում՝ տարբեր լիբանանյան շրջանակների։

Գ. Տեղի քրիստոնյաների վրա հսկա ազդեցություն գործեց Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունները։ Արդյունքն աննախադեպ զորակցությունն էր լիբանանահայության քայլերթին՝ հասարակական եւ քաղաքական առումներով։ Համայնքի մոբիլիզացումը 100-ամյակի առիթով, նաեւ արտաքին քաղաքական պայմանները հանգեցրին մեծածավալ բողոքի ակցիայի՝ Լիբանանում:

Կարծում եմ, որ մինչ այժմ ներազգային առումով կարեւորագույն խնդրի իրագործում էր համահայկական հռչակագրի հրապարակումը, որն ուղենիշային իմաստ ունի մեր հետագա աշխատանքների պլանավորման առումով։ Հայկական կողմը, սակայն, անհրաժեշտ է, որ հռչակագրի ճշտած հիմնադրույթների հիման վրա ամբողջացնի հատուցման իրավական թղթածրարը։ Սա կլինի 100-ամյակի առիթով ճանաչման պահանջից դեպի հատուցման պահանջ անցման ամենակարեւոր ուղենիշը։ Արտաքին առումով կարծում եմ, որ Վատիկանի հայտարարություններից հետո դոմինոյի ազդեցության տեսության աշխատելը տարբեր բացատրություններ կարող է ունենալ։ Քաղաքական բանականությունը հերթական անգամ հուշում է, որ 100-ամյակը որոշ տերությունների կողմից Անկարայի վրա ճնշում բանեցնելու եւ որոշակի ուղերձներ փոխանցելու առիթ է: Իսլամական ծայրահեղականության հովանավորչությունն Անկարայի կողմից եւ օսմանականություն հաստատելու հոխորտանքները մյուս կողմից պատճառներ են, որ արեւմտյան որոշ ուժեր “stop” ասեն Անկարային։ Կարմիր քարտերից մեկն էլ Հայոց ցեղասպանության խնդիրն է։ Այստեղ, ուրեմն, մեր եւ որոշակի ուժերի շահերի համընկնումն է, որն առաջացրել է մեզ համար այս հանգրվանին նպաստավոր դոմինոյի վարկածի աշխատելը։

-Թուրքիան Ապրիլի 24-ը հակադրեց Գալիպոլիի միջոցառումներով, որին եւս ներկա գտնվեցին մի շարք պետությունների ղեկավարները: Ձեր կարծիքն այս մասին: Հնարավոր համարու՞մ եք, որ Թուրքիան երբեւէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ խոսք կգնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Էրդողանը նման ակնարկներ անում է, սակայն դարձյալ հիշատակելով Ղարաբաղյան խնդիրը: Ասել է թե՝ նախապայմաններից հրաժարվել համառորեն չեն ցանկանում:

– Գալիպոլին, կասկած չկա, որ հակաքայլ էր. դա գիտակցում էին նաեւ այն երկրների պետությունները, որոնք մասնակցել են Գալիպոլիի 100-ամյակի նշման արարողություններին։ Գալիպոլիի նշումն իհարկե Թուրքիայի իրավունքն է. խնդիրը դրա թվականի տեղափոխումն է, որը բացահայտ է դարձնում Անկարայի նկրտումները։ Սա փաստում է նաեւ այն մասին, որ Անկարան խիստ անհանգստացած էր 100-ամյակի միջոցառումների տարողունակությամբ։ Փաստը ցույց տվեց, որ Անկարան իրավացիորեն անհանգստացել էր, որովհետեւ անգամ Գալիպոլիին չհաջողվեց ստվեր թողնել 100-ամյակի վրա։ Այսօր թավշյա ժխտողականություն է, որ իրականացվում է Անկարայի կողմից։ Կա իհարկե դերերի բաշխում. մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարությամբ։ Ցավակցությունները, անգամ «Ցեղասպանություն» բառեզրի իբրեւ թե պարագայական եւ պատահական օգտագործումները ոչինչ չեն փոխի ժխտողականության էությունից։ Կարծում եմ, որ Անկարան կընդունի ցեղասպանությունը միայն այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դրան չի հաջորդի հատուցումը, մանավանդ տարածքային բաժինը։ Եվ որովհետեւ «ցեղասպանությունը» իրավական եզրույթ է եւ փոխկապակցված է հատուցման եւ փոխհատուցման հետ, ուրեմն քաղաքական պահի դրությամբ Անկարան չի ընդունի Ցեղասպանությունը:

Արմենուհի Վարդանյան

galatv.am

Տպել Տպել