Հալեպում Քառասնաց Մանկանց եկեղեցու շրջանը ռմբակոծության է ենթարկվել

FotorCreatedՀալեպում ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան, սակայն դեռ տեղեկություններ չկան կրած վնասների մասին. «Շրջանն այս պահին անհասանելի է, հնարավոր չէ տեղեկություն ճշտել: Սակայն, ամենայն հավանականությամբ, վնասները մեծ են, քանի որ մի քանի ժամ ահռելի ռմբակոծություններ են տեղի ունեցել»,- նշեց Ռեիսյանը: Նրա խոսքով՝ թաղամասում նաև ասորիների, մարոնիտների եկեղեցիներ կան, իսկ բնակիչներ գրեթե չկան:

«Չնայած դժվարին իրավիճակին, այնուամենայնիվ, փորձում ենք դիմակայել»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքում ջրի և էլեկտրականության խնդիրը մշտապես առկա է, օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու ժամ են դրանք լինում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ առաջնորդարանի խոսնակը նշեց, որ նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են, Հալեպից հետևել են սրբադասման արարողությանը: Հայոց ցեղասպանությանն անդրադարձել են սիրիական բազմաթիվ հեռուստաալիքներ:

armenpress.am

Տպել Տպել