Բոլոր դէպքերում էլ դէմ ենք լինելու ապակայունացնող ծայրայեղութիւններին

«Ալիք»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ

FotorCreated– Պրն. Բաղումեան, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ապրիլեան հեւքը բաւականին սեւեռւած պահեց համաշխարհային ընտանիքի ուշադրութիւնը` Հայաստանի եւ հայութեան վրայ:
Հայոց պահանջատիրութեան նոր փուլ ու հանգրւան թեւակոխելու Ձեր պատկերացումը: Որո՞նք են լինելու ըստ Ձեզ` հայութեան պահանջատիրական շեշտադրումները 100-րդ տարելիցից յետոյ:

– Ճիշտ է, հիմա մենք տրամաբանօրէն թեւակոխում ենք պահանջատիրական նոր փուլ: Այն, որ ոմանք շեփորում են թէ մենք` հայերս դեռ չենք ձեւակերպել մեր պահանջները, ճշմարտութեանը չի համապատասխանում: Տասնամեակներից ի վեր, մեր պահանջները որպէս այդպիսիք յայտնի են: Ձեւակերպւած ու գրւած են մեր ազգային կուսակցութիւնների քաղաքական ծրագրերում` հողային պահանջ, նիւթական հատուցում եւ մշակութային արժէքների վերականգնում: Հարցը այն է, թէ ինչպիսի փուլերով կամ շեշտադրումով պէտք է առաջ քաշւի մեզ բոլորիս յայտնի պահանջների ամբողջութիւնը: Այս նիւթով բաւական մանրակրկիտ ուսումնասիրութիւն է պատրաստւել ՀՅԴ-ի պատւէրով: Հիմք ունենալով թէ՛ մեր քաղաքական հայեացքները, թէ՛ միջազգային օրէնքի նորմերը եւ թէ՛ ժամանակակից աշխարհի հասկացութիւնները, մի քանի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագէտներ կազմել են այն: Սա, իհարկէ դեռ տակտիկայի ոլորտում չէ, այլ հայեցակարգային մակարդակում է պահւած:

Իհարկէ, Ցեղասպանութեան ճանաչման փուլը խոշոր չափով աւարտւած է: Միջազգային այն հաստատութիւնները, որոնց մօտ դեռեւս մի փոքրիկ մարդկային արժանապատւութեան նշոյլ մնացել էրªարդէն արձագանգեցին: Բայց մենք դեռեւս ճանաչման փուլը պիտի առաջ մղենք Թուրքիայում: Որտեղ, արդէն ազգաբնակչութեան 10 տոկոսը ամբողջապէս համոզւել է Ցեղասպանութեան պատմական իրողութեան առնչութեամբ, ու եւս 15 տոկոս, որը այս կամ այն չափով ընդունում է հայկական ՙջարդերի՚ պատմական իրողութիւնը եւ Թուրքիայի բարոյական պատասխանատւութիւնը: Սա բաւական նոր երեւոյթ է ու եթէ մենք այս ուղղութեամբ ճիշտ քաղաքականութիւն վարենք ու լաւ աշխատենք, ապա աւելի մեծ թւով Թուրքիայի քաղաքացիներ կը ստւարացնեն վերոնշեալ տոկոսները, որը նախապայման է մեր պահանջատիրական արշաւի յաջողութեան համար:

-Պրն. Բաղումեան, Արցախեան հիմնահարցի ներկայիս փակուղային թւացող ընթացքի (ստատուս քւօ) փոփոխման հիմքեր տեսանելի՞ են: Դէպի Ռուսաստան թեքւելու եւ մասնաւորապէս Եւրասիական Միութիւն մտնելու ադրբեջանական լարախաղացութիւնը որքանով է ազդելու նշւած ստատուս քւոյի փոփոխմանը:

– Այդ մտահոգութիւնը տեղին է: Եթէ Ադրբեջանը սակարկութեան միջոցով վերջնականապէս որոշի մտնել Եւրասիական միութիւն, ապա Արցախեան բանակցութիւնները կարող են յայտնւել վտանգաւոր անհաւասարութեան մէջ: Բայց մի շարք հարցեր, ինչպէս օրինակ թուրքական ազդակը, նաւթային միջազգային ընկերութիւնների ներդրումնները Ադրբեջանում, Ռուսաստանի Դաշնութիւն-Արեւմուտք հակամարտութիւնը եւ դրան առնչւող սանկցիաների արգելքը եւ այլ արգելակիչ հանգամանքներ, այսօր դժւարացնում են Ադրբեջանի վերջնական թեքումը դէպի Եւրասիական միութիւն:

-Թէ՛ Հայաստանը, եւ թէ՛ ողջ Սփիւռքը գրեթէ համատեղ խոր մտահոգութիւն են ապրում սիրիահայութեան տագնապով:

Ըստ Ձեզ` հայաշխարհը` թէ՛ որպէս հայաստանեան պետական, եւ թէ՛ Սփիւռքի հետ` որպէս համազգային միաւոր, բաւարար չափով պատրաստ է եղել այդ աննախադէպ տագնապը դիմագրաւելու:

-Գիտէք երեւի, որ անցնող երեք տարիների ընթացքում Սփիւռքեան մեր գրեթէ բոլոր գլխաւոր հաստատութիւնները զբաղւել են սիրիահայութեան օժանդակութեան գործով: Սա հիմնականում կատարւել է նիւթական օգնութիւնների տեսքով: Այս կապակցութեամբ մեր ազգային-հասարակական եւ կրօնական հաստատութիւնները, ինչպէս նաեւ ժողովուրդը մասնակցել են բազմաթիւ նւիրահաւաքների: Որոնք, ի տես չկասեցւող պատերազմական պայմանների, դեռեւս պիտի շարունակւեն: Օժանդակութիւնները կատարւել են առօրեայ կարիքները հոգալու ուղղութեամբ ուտեստեղէն, վառելանիւթ, կրթական եւ բժշկա-առողջապահական համակարգ, ինչպէս նաեւ անվտանգութեան եւ պաշտպանութեան պէտքերին. մէկ խօսքով, կենցաղային պահանջներին ու ֆիզիկական ապահովութեանը: Ինչ խօսք` այս օժանդակութիւնները չեն ծածկում ամբողջ պահանջները: Բարեբախտաբար, սիրիահայ գաղթօջախը ընդհանրապէս միասնական է:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ ԼՂՀ- ի վերաբերմունքին, մենք կարող ենք միայն մեր գոհունակութիւնը յայտնել:Թէ՛ ժողովուրդը, թէ՛ հասարակական կազմակերպութիւնները («Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւնը եւ այլն), իշխանութիւնները, մինչ այժմ, արել են իրենց կարելին` հնարաւորութիւնների սահմաններում: Հարցը գտնւել է նրանց մնայուն ուշադրութեան ներքոյ` յատկապէս խիստ հոգատար վերաբերմունք է ցուցաբերւել ՀՀ-ում` եւ ԼՂՀ-ում` ապաստան գտած սիրիահայերին:

Շեշտեմ, որ այս աշխատանքների կարեւոր բաժնի մղիչ ուժը, կատարողը եւ մասնակիցը Դաշնակցութիւնն է, իր բազմաթիւ կառոյցներով: Այս աշխատանքները ՀՀ իշխանութիւնների եւ եկեղեցու հետ սերտ համագործակցութեան արդիւնք են եղել եւ շարունակում են լինել:
Սիրիական պատերազմի հոլովոյթի եւ ապագայի մասին ոչ ոք չէր կարող եւ այժմ էլ չի կարող կանխատեսումներ անել: Մի շարք կարեւոր պետութիւնների ներկայացուցիչների հետ մեր ունեցած խորհրդակցութիւններից կարող ենք եզրակացնել, որ ոչ միայն մենք, այլեւ այդ անմիջական դերակատար պետութիւններն էլ անզօր են ապագան նկարագրել: Այժմ, մենք փորձում ենք ապահովել նաեւ օտար աղբիւրներից նիւթական օժանդակութիւնները հաշւի առնելով նիւթական մեծ բացերը եւ հազարաւոր գաղթականների խնամակալութիւնը, որը տարածւում է ամիսների ու թերեւս տարիների վրայ, ինչպէս նաեւ նախապատրաստւել անակնկալ, արտակարգ իրավիճակները դիմակայելու համար:

Այս բարդ պայմաններում Դաշնակցութիւնը ո՛չ պնդում է անհատների կողմից համայնքը չլքելու վրայ եւ ոչ էլ խրախուսում` զանգւածային գաղթ: Միաժամանակ, փորձում է օժանդակել թէ՛ մնացողներին եւ թէ՛ գնացողներին, վերջիններին խրախուսելով նախընտրաբար կայք հաստատել Հայրենիքում: Նախապատերազմական 80 հազարանոց համայնքի զգալի մասը այսօր պարտադրաբար գաղթել է, որից շուրջ 10.000-ը Հայաստան:

-ՀՅԴ կառոյցը վերջերս Արցախի խորհրդարանական ընտրութիւններում տոկոսային բարւոք դիրք ապահովեց ու փաստօրէն հանդիսացաւ Արցախի Հանրապետութեան քաղաքական 2-րդ ուժը: Անկախ առանձնայատկութիւններից, նաեւ հաշւի առնելով Հայաստանեան ներքաղաքական կեանքում իշխող Հանրապետական կուսակցութեան ՙմոնոպոլիան՚, ինչպիսի՞ դեր ու դիրք կարելի է վերապահել 125-ամեայ ՀՅԴ-ին` հայաստանեան քաղաքական կեանքում:

– Հայաստանեան քաղաքական կեանքում մեր մօտեցումը միշտ էլ եղել է կառուցողական: Մենք միշտ փորձել ենք շինիչ ու պատասխանատու գործունէութիւն ծաւալել: Բարելաւել իրավիճակը, բայց այդ պատրւակով, թէկուզ ակամայ, չգնալ ապակայունացման, զանգւածային խառնակչութեան, քաղաքացիական ներքին բախումների: Բոլորս պիտի հասկանանք, որ Հայաստանի համար անյետաձգելիօրէն անհրաժեշտ են տնտեսական ու սոցիալական բարեփոխումները, աղքատութեան վերացումը, հասարակական արդարութեան ու քաղաքացիական արժանապատւութեան հաստատումը, ու բազմաթիւ այլ դրական պայմանների ստեղծումը: Սրանց ստեղծման գլխաւոր խոչնդոտը իհարկէ, իշխող համակարգն է, որն էլ առաջին հերթին պէտք է վերանայի իր վարքագիծն ու նահանջի իր այսօրւայ դիրքերից: Միւս կողմից այս բարեփոխումների մղիչ ուժը ընդդիմութիւնն է, որը իր բազմաբնոյթ եւ բազմոլորտ գործունէութեամբ պիտի ապահովի իշխողների նահանջը եւ կերպափոխի անընդունելի համակարգը: Հարցի ամբողջ նրբութիւնը այն է, որ այս հոլովոյթը, ոչ մի կողմի անպատասխանատու քայլերի պատճառով չպիտի յանգի քաղաքացիական բախումների ու խաթարի երկրի ներքին ու արտաքին անվտանգութեանը:

Մեր այս մօտեցումը, կարծես թէ ի վերջոյ ընկալւում է Հայաստանեան քաղաքական շրջանակներում: Եւ սա մենք համարում ենք մեր կարեւորագոյն ձեռքբերումներից մէկը: Իսկ, թէ քաղաքական որ թեւի մէջ կը լինի ՀՅԴ-ն, համարում ենք երկրորդական: Եթէ ընդդիմութիւն ենքª պահանջելու ենք բարեփոխումներ` բողոքելով ու քննադատելով: Եթէ իշխանութիւն ենք, փորձելու ենք դուռ բացել բարեփոխումների համար, դիւրացնել` ծրագիրներ առաջադրելով ու համոզելով: Երկու դէպքում էլ դէմ ենք լինելու ապակայունացող ծայրայեղութիւններին եւ հնարաւորինս կանխելու ենք դրանք:

Տպել Տպել