ԵԽԽՎ-ն փորձում է ԼՂՀ հարցով նոր ձևաչափ ստեղծել Մինսկի խմբի շրջանակներից դուրս, ինչն անընդունելի է

FotorCreatedԱզգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչպես է եղել, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունվել է «խայտառակ փաստաթուղթ», որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև:

Նշենք, որ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթղթում գրված է. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը». հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Թադեուշ Իվինսկին են:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, թե զեկույցը նորություն չէ և արդեն մի քանի ամիս է՝ այս խնդիրը դրված է և հակազդեցության է բնականաբար արժանացել:

«Բայց փաստորեն ադրբեջանական լոբբիի մի ստվար զանգված է ձևավորվել հանձնաժողովում: Մեր պատվիրակությունը մի անգամ բոյկոտեց, և կարողացան տապալել, բայց այժմ կարծես պրոբլեմներն ավելի շատ են»,-ասաց նա և հավելեց, թե զեկուցողները Հայաստանում էին, և հայկական կողմն իր դիրքորոշումները հստակ ներկայացրել է:

ՀՅԴ պատգամավորը նշեց, թե ԵԽԽՎ-ն փորձում է ԼՂՀ հարցի առնչությամբ նոր ձևաչափ ստեղծել Մինսկի խմբի շրջանակներից դուրս, որն անընդունելի է, և դրա դեմ պետք է հայկական կողմը պայքարի:

«Ողբերգություն պետք չէ սարքել, ունենք պարզ բանաձևեր, սա նաև աշխարհաքաղական խնդիր է, և եթե մենք կարողանանք հավասարակշռված քաղաքականություն իրականացնել, գուցե հնարավոր կլինի խուսափել ավելի մեծ ճնշումներից»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ի՞նչ ուժեղ է ճնշում է, որ ՀՀ-ն չի կարող հակազդել, Աղվան Վարդանյանը նշեց, թե ուզած-չուզած այսօր ձևավորվել է ադրբեջանական այնպիսի ուժեղ լոբբի, որ Հայաստանն իր ուժերով չի կարող հակազդել:

Նա նաև հավելեց, թե ընդունված բանաձևերը հայկական կողմի համար «զրոյական արժեք ունեն, և որևէ բան չեն կարող խնդրում փոխել»:

«Միակողմանի զիջումները մենք բացառում ենք, և ես համոզված եմ, որ Հայաստանում չի գտնվի որևէ մեկը, որ միակողմանի զիջումների կգնա»,-եզրափակեց նա:

tert.am

Նոր որակի զարգացումներ՝ առաջիկայում

աղվանԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր` խորհրդարանական լսումների ընթացքում, ամփոփելով անցած քառօրյան, նախ շնորհավորեց նստաշրջանի ավարտի կապակցությամբ, ապա խոստացավ, որ առաջիկայում նոր որակի զարգացումներ են սպասվում` Սահմանադրության հետ կապված: Նա նշեց նաև` իրենք ուզում են, որ հանրաքվե տեղի ունենա:

«Այսօրվա օրենսդրության մեջ անհամապատասխանության կա, և մենք փորձում ենք այդ անհամաձայնությունները վերացնել: Կան մարդիկ, ովքեր զարգացումները միանգամից ու հենց հիմա են ուզում»,- նշեց Վարդանյանը` հավելելով. «Երբ Ընտրական օրենսգրքի բարեփոխման փուլ տեղափոխվենք, բոլորդ էլ կտեսնեք ՀՅԴ-ի մոտեցումները: Մենք ուզում ենք իշխանության վերարտադրությունը վերացնել»:

Պատգամավորը նշեց նաև, որ, վերջին ամիսների ներքաղաքական և Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված զարգացումները հաշվի առնելով, պետք է կարողանանք այս դրական ֆոնը պահել: «Պետք է կարողանանք ճիշտ օգտագործել և երկրի հիմքում դրական տեղաշարժեր անել: Այս` քիչ թե շատ հանդարտ վիճակը երկրի զարգացմանը պետք ծառայեցնենք»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԵԽԽՎ հանձնաժողովը բանաձև է ընդունել այն մասին, որ «Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը»: Նա նշեց, որ ադրբեջանական լոբբինգը լավ է աշխատում: Հիմնական խնդիրն այն է, որ Վեհաժողովը փորձում է ցույց տալ, որ Մինսկի շրջանակներից դուրս է քննարկվում Ղարաբաղի խնդիրը:

«Պետք չէ ողբերգություն սարքել սրանից: Սա աշխարհաքաղաքական խնդիր է, և պետք է հավասարակշռված քաղաքական դիրքորոշում ձևավորել: Այսօր ձևավորվել է ուժեղ ադրբեջանական լոբբի, որը Հայաստանը չի կարողանում հաղթահարել»,- նշեց Վարդանյանը` հավելելով. «Քանի դեռ մենք կարողանում ենք պահպանել Մինսկի ձևաչափը, որևէ լուրջ հետևանք մեր երկրի համար նման բանաձևերը չեն կարող ունենալ»:

yerkir.am

Տպել Տպել