Հոսանքի անգամ մեկ դրամի թանկացումն արդարացված չէ

FotorCreatedԱյսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ:

Անդրադառնալով թեմային՝ Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդեց, որ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների մասով քաղաքականությունը պետք է փոփոխվի՝ ընդգծելով, որ «այդպես հնարավոր չէ շարժվել առաջ»: Խոսելով իրենց ակնկալիքների մասին՝ Մինասյանն ասաց, որ ցանկանում են ստանալ մի քանի հարցերի պատասխաններ:

«Առաջին ակնկալիքն այն է, որ մենք առհասարակ համակարգի վիճակի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն կարող ենք ստանալ: Երկրորդը՝ էն հարցադրումները, որ կհնչեն հարցուպատասխանի ժամանակ, հնարավոր կլինի նաև հանրությանը տեղեկացնել, թե ինչ է կատարվում, և էն կասկածները ու էն համոզմունքը, որ ձևավորվել է հանրության և մասնագիտական շրջանակներում, նաև դրանց վերաբերյալ պատասխաններ հնչեցվեն: Ինչպես նաև՝ մեր պնդումները, որ համակարգը, քանի դեռ անկախ միջազգային փորձաքննության չի ենթարկվել, անկախ աուդիտի չի ենթարկվել՝ տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական, տնտեսական մասերով, մենք չենք կարող խոսել որևէ բարձրացման մասին: Եվ բացի դա, մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների նկատմամբ պետք է կիրառելի լինեն բոլոր այն նորմերը, որոնք մենք պահանջում ենք պետական մարմինների համար», – ասաց Դաշնակցության պատգամավորը:

Մինասյանը նշեց, որ իր կարծիքով սակագնի ոչ 17, ոչ էլ 7 դրամով բարձրացումը այս պահին արդարացված չէ․ – «Միանշանակ արդարացված չեն, 1 դրամն անգամ արդարացված չէ որովհետև դա բերում է բացասական այնպիսի դրսևորումների, որը թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ քաղաքացիների կենսամակարդակը կտրուկ նվազեցնում է, իսկ դա նշանակում է, որ մեր տնտեսությունը կարող է վերջնականապես գահավիժել»:

Մինասյանի խոսքով, նախ պետք է գործ ունենանք, ոչ թե այս կամ այն մասնավոր սուբյեկտի ներկայացուցչի հետ, այլ մենք ինքներս մեր կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ գործ պետք է ունենանք, որովհետև խորհրդարանը պետք է քննարկի վարվող պետական քաղաքականությունը, և այդ համատեքստում նոր պահանջներ պետք է դրվեն․ – «Իսկ մասնավոր սուբյեկտի ներկայացուցիչներին պետք են այնքանով, որպեսզի տեղեկատվություն փոխանակվի»:

Նաիրա Բուլղադարյան

azatutyun.am

Տպել Տպել