Հայ-թուրքական արձանագրությունների համար ՀՅԴ-ն առաջարկում է լուծման երկու տարբերակ

«Երեք տարի առաջ ոչ միայն համոզված էինք, այլև իշխանություններին էինք ներկայացնում, որ հայ-թուրքական արձանագրություները ապագա չունեն: 3 տարի անցել է, և եթե իրենք վերհիշեն, թե ինչի էին ձգտում և ինչի հասան, ինչ էինք մենք նախազգուշացնում և ինչ կատարվեց, կհստականա, որ մեր ասածները հիմնականում իրականացել են»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի այսօրվա եթերում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 3 ամյակին, նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ սխալ էր տեսակետը, թե արձանագրություններով կթուլանան Ադրբեջանի դիրքերը, Թուրքիան չի կապի ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Պարզ արդյունքը ի՞նչ է՝ սահմանները փակ են, դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի են սրացել, Ղարաբաղի խնդրի լուծումն ավելի է բարդացել, Թուրքիան ավելի է միջամտում ղարաբաղյան հարցին: Հստակ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ավելի է հզորացել և ավելի է միասնաբար պայքարում»,- ասաց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ, ըստ էության, Թուրքիայի մոտեցումները ևս ընդունվում են միջազգային հարթությունում, մասնավորաբար, Քեթրին Էշթոնը վերջերս կրկին հայտարարել էր, թե քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել, դյուրին չի լինի սահմանի բացումը:

Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ Արմեն Ռուստամյանի, դժվարացրին նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Իսկ հայությունը, ըստ նրա, պառակտվեց: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե արձանագրությունները հօգուտ Հայաստանի են, Արմեն Ռուստամյանը հարց է ուղղում. եթե այդքան ճիշտ եք, եթե մեզ համար ամեն ինչ լավ է, ինչո՞ւ չեք վավերացնում:

«Պարզ հարց ենք տալիս, եթե բոլորի համար ակնհայտ են, բացի իշխանություններից, որ քանի դեռ Արցախի հարցը չի կարգավորվել, չեն վավերացվի արձանագրությունները, դրանք պահելու իմաստն էլ ո՞րն է»,- ասում է Արմեն Ռուստամյանն ու առաջարկում լուծման երկու տարբերակ՝ կա՛մ վավերացնել արձանագրությունները Սահմանադրական դատարանի առաջադրած վերապահումներով, կա՛մ դրանք չեղյալ հայտարարել:

«Վատն այն է, որ մենք սպասում ենք, թե ինչ կանի Թուրքիան, նախաձեռնությունը զիջել ենք նրան: Մեր նախաձեռնողականից միայն անունն է մնացել»,- խոսքն այսպես ամփոփեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

1in.am

Տպել Տպել