ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Արցախին հատկացվող օգնության մեծացման համար

FotorCreatedԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը: «Հայ դատի գրասենյակը շարունակելու է ճնշումներ գործադրել, որպեսզի շարունակվի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնությունը: Կոչ է արվում ֆինանսական օժանդակություն հատկացնել նաև Հայաստան գաղթած և այդտեղ հաստատված սիրիահայերին` նրանց վերաբնակեցման համար»,- ասաց Չուլջյանը:

Հուլիսի 10-ին ԱՄՆ Սենատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննարկելով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության հարցը, առաջարկել էր 2016 թվականի ֆինանսական տարում ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց օգնելու և առաջացած կարիքները հոգալու համար: Հայաստանի մասով առաջարկվել էր հատկացնել 20 մլն 60 հազար դոլարի տնտեսական օգնություն և 1 մլն 700 հազար դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև 600 հազար դոլար Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար: Հայաստանի համար առաջարկված 20 մլն 60 հազար դոլարի օգնությունը 10 տոկոսով ավելի է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած օգնությունից:

Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննելով արտաքին օգնության հարցը, լռելյայն համաձայնություն էր հայտնել հայկական հատկացումների վերաբերյալ:

Չուլջյանի խոսքով` առաջին անգամ չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի պալատներից մեկը լռություն է պահպանում հայկական հատկացումների մասով: «Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր հանձնաժողովի ներկայացրած բանաձևը քննարկվի երկու պալատների լիագումար նիստում, իսկ տարբերությունները պետք է հարթվեն: Սովորաբար գերադասվում է այն պալատի առաջարկը, որը հստակ դիրքորոշում ունի հարցի շուրջ: Մյուս տարբերակն այն է, որ բանաձևերից ոչ մեկը չի քննարկվի, այլ կընդունվի ընդհանուր մեկ միասնական փաստաթուղթ»,- բացատրեց նա` տեղեկացնելով, որ վերջնական որոշումը պետք է կայացված լինի մինչև հոկտեմբեր:

armenpress.am

Միացյալ Նահանգները կօգնի Ղարաբաղին

eliz
Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում և ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը:

Այս մասին «Ամերիկայի Ձայնին» պատմեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը:

«Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարևոր քայլ էր՝ Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար», – ասաց Չուլջյանը:

Նրա խոսքով, 1998-ից ի վեր Լեռնային Ղարաբաղին հատկացվողամերիկյան օգնությունը կարևոր դեր է խաղում տեղի բնակչության մարդասիրական խնդիրները կարգավորելու համար: Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշմամբ, 10 տոկոսով ավելացել է նաև ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասնելով 20 միլիոն դոլարի:

Հայաստանին ամերիկյան հատկացումների միջոցով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում և լիակատար բուժում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում և բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով և բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ: Հայաստանում տասնյակ գյուղեր ապահովվել են ոռոգման և խմելու ջրով, լուսավորվել են մարզային քաղաքների և գյուղերի փողոցներ, մանր արտադրողներին վարկ ստանալու հնարավորություն է տրվել:

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, Միացյալ Նահանգների օգնությունը նաև կարևոր խորհրդանշական դեր է կատարում. – «Սրանք կարևոր քայլեր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի կապերն ամերիկյան կառավարության հետ ամրապնդելու ուղղությամբ»:

Հայ համայնքն այժմ փորձում է նաև երաշխավորել, որպեսզի Սիրիայի փախստականներին ԱՄՆ-ի կողմից հատկացվող 195 միլիոն դոլարի օգնության մի մասը տրամադրվի նաև Սիրիայից Հայաստան և այլ երկրներ տեղափոխված հայերին:

«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է աշխատանքները, որպեսզի համոզված լինի, որ այն բոլոր հայերը, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան և այլ երկրներ, օժանդակություն ստանան», – ընդգծեց Եղիսաբեթ Չուլջյանը:

azatutyun.am

12/07/2015

Տպել Տպել