ՀՅԴ ճամբարները կամուրջ` հայրենիքի եւ սփյուռքի միջեւ

FotorCreatedՀՅԴ կողմից իրականացվող երիտպատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը որ մեկնարկել է 1993 թվականից, երբ Արցախում պատերազմը դեռ ավարտված չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրյայի ապահովումը:

ՀՅԴ կառույցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը՝ սկաուտական անվան տակ կայացել է 1994թ. օգոստոսին՝ Մարտունու շրջանի Աշան գյուղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը՝ 1993թ. մայիս-հունիս ամիսներին՝ Աշանի «Աբունց չափար» տեղամասում:

Աշան գյուղում ճամբարները կազմակերպվել են նաև 1994 թվականի հուլիս ամսին՝ Արտեմիս Գրիգորյանի, Ալինա Խաչատուր-Մովսեսյանի և Արամ Ֆրանկյանի պատասխանատվությամբ:

1994թ. Իրանից Արցախ եկավ կուսակցական ընկեր Վարուժը, ով Պատարա գյուղի դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Ռիտա Մնացականյանի և Կարեն Արզումանյանի հետ քննարկեց բանակումներ կազմակերպելու հարցը: Եվ արդեն 1994 թվականի դեկտեմբերին պատանեկան բանակում կայացավ նաև Պատարա գյուղի դպրոցում: Բանակումին հիմանակնում մասնակցում էին Ստեփանակերտի համար 1 դպրոցի եւ Պատարա գյուղի դպրոցի աշակերտները:

«Պատերազմ ապրած պետությունը ի վիճակի չէր պատանիների համար ծրագրեր իրակացնել՝ պատերազմի թողած բացասական երևույթներից ազատվելու համար: Այդ պատճառով ՀՅԴ կառույցները որոշեցին կազմակերպել ամառային բանակումներ, որոնց նպատակն էր՝ պատանիների համար հետաքրքիր ամառային հանգիստ կազմակերպել: Պատանեկան բանակումները հնարավորություն տվեցին նորից բարձրաձայնել պետական արժեքների, հայրենասիրության ու ազգասիրության մասին: ՀՅ Դաշնակցությունը այդ պատասխանատվությունը ստանձնեց 1993թ. մինչև այսօր, և այդ ծրագիրը կկրի շարունակական բնույթ»,- ասում է Ռիտա Մնացականյանը:

ՀՅԴ ծրագրով Արցախի պատանիներին հնարավորություն է տրվել մասնակցելու նաև Արցախից դուրս կազմակերպվող բանակումներին:

Ընկերուհի Մարո Քեշիշյանի հայթայթած ֆինանսկան միջոցների շնորհիվ Կարկառ գետի մոտակայքում կազմակերպվող ճամբարներները կրել են շարունակական բնույթ:

1999-ին Իրանից եկան Արմոնդ Թահմազյանը, Ժիրայր Շահիջանյանը և ուրիշներ, ովքեր դարձան պատանեկան ճամբարների ծրագրի շարունակողներ:

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն երիտասարդական թևերի հետ համատեղ ամեն տարի ամռանը կազմակերպում է ավանդույթ դարձած բակային ճամբարները:

Պատաենկան ճամբարները նպատակաուղղված են երեխաների մեջ կազմակերպվածություն, կարգապահություն եւ ազգային ոգու սերմանմանը: Ճամբարները նաև հնարավորություն են տալիս կապ հաստատել սփյուռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջեւ, առիթ են ընձեռում, որպեսզի սփյուռքահայ երիտասարդները ավելի մոտիկից եւ ավելի լավ ծանոթանան հայրենիքում առկա խնդիրներին:

<<Սփյուռքի ՀՅԴ կառույցների կողմից Արցախում կազմակերպելով ամառային ճամբարները նպատակ ունեն արցախցի պատանիների ամառային արձակուրդները հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելու: Միեւնույն ժամանակ միտված են Սփյուռքի եւ արցախի երիտասարդների միջեւ ամուր կապ հաստատելուն»,- ասում է Ֆրանսիայի ՀՅԴ <<Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամ, Ֆրանսիայի կողմից Արցախում իրականցվող ճամբարի գլխավոր պատասխանատու Հարութ Շիրինյանը: Ճամբարների ծրագրերը շատ լայն, հետաքրքիր ու բազմազան է: Նրանց ուսուցանվում է ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմություն, կազմակերպվում են զանազան հետաքրքիր խաղեր, ֆիլմի դիտումներ, ձեռագործություն եւ այլն:FotorCreated

Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների ջանքերով ամեն ամառ Արցախում կյանքի կոչվող պատանեկան ամառային ճամբարներին մասնակցելու հնարավորություն են ունենում Արցախցի մոտ 1000 պատանիներ: Ճամբարին կարող են մասնակցել 9-16 տարեկան պատանիներ: Ամառային ճամբարի տևողությունը 2 շաբաթ է:

Արդեն 11 տարի է, ինչ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միությունը (ԶՈՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թվում նաեւ` կազմակերպում է պատանեկան ճամբարներ«Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով: «Զավարյան» ուսանողական միության կողմից կազմակերպված ճամբարների աշխարհագրությունը շատ հստակ է. նրանք 10 տարի շարունակ գործունեություն են ծավալում եւ ճամբարներ են կազմակերպում Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներում:

«Ամառային ճամբարների ծրագրին մասնակցող սփյուռքահայ երիտասարդները ծրագրի շրջանակներում տեսնում ենք Հայրենիքի այս հրաշք մասնիկը՝ Արցախը, ծանոթանում և մասնակցելով այս ծրագրին՝ մեր կապը հայրենիքի հետ ավելի է ամրապնդվում:

Այս ճամբարները յուրօրինակ կամուրջ են ստեղծում սփյուռքի եւ Հայրենիքի ու Արցախի երիտասարդների միջեւ: Ծրագրի շրջանակներում հայրենիք են վերադարձել և հաստատվել մոտ 10 երիտասարդ: Մյուս ընկերները խոստացան ուսումը ավարտելուց հետո նույնպես հայրենիքում հաստատվել»,- ասում է ճամբարների շնորհիվ Հայաստանն ու Արցախը ճանաչած եւ արդեն Հայաստանում հաստատված Փաթիլ Ասլանյանը:

Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միությանը ճամբարների ծրագրերը անց է կացնում 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունունում, իսկ 2010 թվականից նաեւ Արցախում: Մտահաղացումը տվել են դաշնակցական երիտասարդներ Սոսեն և Ալենը: Հայրենադարձներ Սոսեն եւ Ալենը, Հայաստանում ամուսնանալուց հետո անմիջապես հաստատվեցին հայրենիքում՝ օրինակ ծառայելով տասնյակ այլ երիտասարդների համար: Ցավոք, ավտովթարը խլեց երիտասարդ հայրենադարձների կյանքը:

Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության ծրագրի շրջանակում ճամբարներն են կազմակերպվել Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում և Մարտունիում: Արևմտյան Ամերիկայի ծրարին անցյալ տարի միացել են նաև Հոլանդիայից 3 ընկերուհի:

Մեկ տարի շարունակ ՀՅԴ միությունների անդամները տարբեր ձեռնարկներ են կազմակերպում, որպեսզի իրականություն դարձնեն Արցախում ամռանը ճամբար կազմակերպելու ցանկությունը:

Արցախում ամառային ճամբարներ կազմակերպելու նախաձեռնությանը միացել է ԼԵՄ-ը (Լիբանանի երիտասարդական միությունը)՝ ճամբարներ իրականացնելով քաղաք Մարտունիում և Շուշիում՝ «Անուշ Հայրենիք» խորագրով:

Արդեն 3-րդ տարին է, ինչ ամառային ճամբարների ծրագրեր է կազմակերպում նաև Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունը:

Այս տարի Արցախում նախատեսվում է իրակացնել 6 պատանեկան ճամբարներ, որոնք կկազմակերպվեն Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում, Մարտունիում, և Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքում:

Ճամբարներն արդեն մեկնարկել են Ստեփանակերտի թիվ 2-րդ դպրոցում և Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում:

Լուսինե Թեւոսյան

aparaj.am

Տպել Տպել