Սահմանադրական փոփոխությունները փրկության դուռ են բացում

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա կլինի։ Այդ մասին նա ասաց Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

«Անգամ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում էին, որ չեն հանդիպելու, հանդիպում են, և դա լավ է։ Ես հեգնանքով կամ այլ մտքով չեմ ասում։ Ես ուրախ եմ, որ հասկանում են, որ եթե երկրում կարևոր իրադարձություն է տեղի ունենում և քաղաքական ուժն իրեն դուրս է դնում այդ պրոցեսից, դա լուրջ քաղաքական ուժ չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք ամբողջությամբ սատարում են իշխանությանը, քանի որ սա բխում է իրենց մոտեցումներից։ Թյուրըմբռնում է, թե մենք իշխանությունների ասածն ենք սատարում։ Այս պարագայում ճիշտ հակառակն է, մենք ենք ասել, կամաց-կամաց իշխանությունը եկել է այդ եզրակացությանը, և մենք տրամաբանորեն նույն դաշտում ենք հայտնվել, որովհետև նույն նպատակն ենք հետապնդում այդ հարցում»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա շատ ուրախ է, որ հնարավորինս շատ քաղաքական ուժեր կառուցողական դիրքորոշման են գալիս այս հարցում.«Պարզապես մերժել, բոյկոտել մի բան, որ գիտես ի վերջո պետք է ընդունվի և դու պետք է ապրես այդ կարգերի մեջ, չի կարելի դա արհամարհել, դա լուրջ չէ»։

Արմեն Ռուստամյանը նաև հավելեց, որ իրենք «ոչ» են ասում իշխանության վերարտադրմանը.«Մենք իշխանության վերարտադրման արմատներն արմատախիլ ենք անում այս Սահմանադրական փոփոխությունների միջոցով»։

Տպել Տպել