Արծվիկ Մինասյանի համար «մտահոգվողներին»

FotorCreatedՀայաստանյան լրատվամիջոցներում այս օրերին երկու թեմա է քննարկվում` սահմանադրական բարեփոխումներ և ՀՅԴ: Ընդ որում` դժվար է ասել` որն է առաջին տեղում` սահմանադրական բարեփոխումների հետ կապված այս ողջ իրարանցո՞ւմը, թե՞ ՀՅԴ-ն, որ պաշտպանում է հրապարակ բերված բարեփոխումների ծրագիրն ու այն համարում իր հաղթանակը:

Եվ պատկերացրեք` լինում են օրեր, երբ մամուլը, սահմանադրական բարեփոխումների փաթեթն ու Սերժ Սարգսյանին թողած, Դաշնակցության և առանձին դաշնակցականների վարքն է քննում բարեփոխումների ֆոնին ու այնպիսի եզրակացությունների հանգում, որ մարդ մնում է ափիբերան` ֆիլմի հերոսի խոսքով` վայ, մամա ջան, էս ինչ է կատարվո~ւմ…

Մի պարզ օրինակ բերեմ, որ լավ պատկերացում կազմեք մեր լրատվամիջոցների վառ երևակայության մասին: ՀՀ նախագահի մոտ սահմանադրական բարեփոխումների հետ կապված քննարկմանը ներկա էին Արմեն Ռուսատամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ Արծվիկ Մինասյանը, ով, ըստ որոշ գնահատականների, ՀՅԴ թիվ 1 սահմանադրագետն է, ներկա չէր: Այս դրվագն իսկ բավական էր հայրենի մի շարք լրատվամիջոցներին, որպեսզի գրեին, թե Դաշնակցությունում ինչ-որ բան այն չէ: Իսկ թե ի՞նչ, դա արդեն հեշտ է մոգոնելը: Օրինակ` ինչո՞ւ այդ առիթից չօգտվել և հերթական անգամ չպնդել, որ ՀՅԴ-ն գնում է կոալիցիա, իսկ Արծվիկ Մինասյանն էլ նեղացել է, որովհետև ՀՅԴ-ում որոշել են իրեն պորտֆել չտալ: Դժվար թե ՀՀ նախագահ-ՀՅԴ հանդիպման վրա սևեռված մեր գործընկերները չիմանան, որ քաղաքական խնդիրները, սովորաբար, քննարկում են տվյալ քաղաքական ուժի քաղաքական ղեկավարության հետ, այս դեպքում` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի:

Իսկ Արծվիկ Մինասյանի բացակայությունն էլ կարող էր հազար ու մի այլ պատճառ ունենալ, քան այն, ինչ իրենք են մտածում: Նրանց ներսում նստած քրոնիկական հակադաշնակցականությունը, որ, հավանաբար, գալիս է բոլշևիկյան դարաշրջանից, ստիպում է առիթը օգտագործել հերթական անգամ Դաշնակցությանը հարվածելու համար:

Մենք այլ բացատրություն չունենք, քանզի հստակ էր, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը չէին մասնակցում նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի լավագույն սահմանադրագետները, բայց նշվածների մասին մամուլը, չգիտես` ինչու, չի գրում, թե նրանք ներքին խնդիրներ ունեն:

Ինչևէ, ոմանց խիստ հետաքրքրում է հարցը, թե ինչու Արծվիկ Մինասյանը ակտիվ չէ առաջվա նման, և արդյո՞ք, կոալիցիա մտնող ՀՅԴ-ի պորտֆելներից զրկվելը չէ պատճառը, որ նա այլևս չի խոսում: Ի՞նչ կարելի ասել Արծվիկ Մինասյանի ճակատագրով «մտահոգ» մեր առաջատար լրատվամիջոցներին: Թերևս ճիշտ կլիներ մի քիչ էլ համբերել և սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նիստերի հետ համոզվել, որ Արծվիկ Մինասյանը ոչ միայն մտադիր չէ լռել, այլև վճռական է` կուսակցության հետ իր կատարած հսկայական աշխատանքը առաջ տանելու հարցում: Եվս մի դիտարկում և դրանով ամփոփենք. նաև Արծվիկ Մինասյանն է քանիցս հայտարարել, որ ՀՅԴ-ում կոալիցիա մտնելու և պորտֆելներ ստանալու հարց չի քննարկվում:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am

Տպել Տպել