ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

FotorCreatedՀայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հրավերով այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հյուրընկալվեցին Ֆրանսիայի դեսպանատանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այս ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերին: Երկուստեք կարևորվեց Ֆրանսիա-Հայաստան-Իրան տնտեսական բազմակողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում` տարածաշրջանային համագործակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:

Քննարկվեցին նաև արցախյան բանակցային գործընթացի, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գորընթացի հետ կապված հարցեր:

Հանդիպման ժամանակ բարձրացվեց Ֆրանսիա մուտքի թույլտվությունների տրամադրման հետ կապված որոշակի դժվարությունների հարցը, ինչի կապակցությամբ դեսպանը վստահեցրեց, որ որևէ արհեստական խոչընդոտ այս առումով չկա, և արվում է ամեն ինչ ընթացակարգային դժվարությունները վերացնելու ուղղությամբ:

Տպել Տպել