ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները

Համառօտ ակնարկ

ՀՅ Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբեր այդ անունով գործում են աւելի քան վեց տասնամեակից ի վեր, սակայն նրանց ակունքները աւելի վաղ ժամանակներից են: Առաջին աշխարհամարտի վերջում Ամերիկայի Միացեալ Նահանգներում կազմուած «Հայաստանի անկախութեան համար ամերիկեան կոմիտեն», իսկ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ «Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը» եղել են այն կառոյցները, որոնց միջոցով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միջազգային մակարդակով քաղաքական, յարաբերական եւ քարոզչական աշխատանքներ էր տանում յանուն հայ ժողովրդի իրաւունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախութեան:

Երկրորդ աշխարհամարտի վերջին, Ամերիկայի Միացեալ Նահանգներում ՀՅԴ-ն կազմեց Հայ Դատի յանձնախումբ, որը Նիւ Եորքում ունեցաւ գրասենեակ եւ հայ ժողովրդի իրաւունքների խնդիրը ներկայացրեց նորակազմ Միաւորուած ազգերի կազմակերպութեանը:

Հայոց Ցեղասպանութեան յիսնամեակի առիթով Սփիւռքի բոլոր համայնքներում Դաշնակցութիւնը կազմեց յատուկ յանձնախմբեր, որոնք էլ այնուհետեւ կոչուեցին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբեր եւ գործում են առ այսօր: Մի շարք երկրներում գործում են նաեւ Դաշնակցութեան այդ շրջանների մարմիններին ենթակայ Հայ Դատի գրասենեակներ:

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների առաջադրանքներին մաս են կազմում ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ հատուցման հարցերը, այլ նաեւ Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրներ, Ջաւախքի հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը եւայլն:

Վերջին տասնամեակներում, միջազգային քաղաքական կեանքի ամենակարեւոր մայրաքաղաքներում` Վաշինգտոն, Մոսկուա, Բրիւսէլ եւ Բէյրութ Դաշնակցութիւնը հաստատել է Հայ Դատի գրասենեակներ, որոնց օտարալեզու անուանումը պատշաճուել է իրենց քաղաքական միջավայրին:

Այս գրասենեակներից առաջինը հաստատուեց 1984 թ., Վաշինգտոնում: Այն հանդիսանում է ամերիկահայութեան քաղաքական առաջադրանքներն ու շահերը ամերիկեան քաղաքական շրջանակներում հետապնդող գլխաւոր կառոյցը:

Մոսկուայի գրասենեակը հաստատուեց 1993թ. եւ հիմնականում գործում է որպէս Դաշնակցութեան Բիւրոյի քաղաքական գրասենեակ: Այս գրասենեակի միջոցով նաեւ քաղաքական որոշ աշխատանքներ են տարւում ԱՊՀ անդամ հարեւան երկրներում:

Բրիւսէլի գրասենեակը հաստատուեց 2002թ. նկատի ունենալով ընդհանրապէս աշխարհում ընթացող գործընթացները, յատկապէս` մեր տարածաշրջանի վրայ ազդեցութիւն ունեցող քաղաքական հոլովոյթներն ու նրանց մէջ Եւրոպայի դերակատարութիւնը, անհրաժեշտ էր զարկ տալ Եւրոպայում մեր քաղաքական աշխատանքներին: 1990-ականների կէսերին, գլխաւորաμար ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւններում Արցախի հարցի պաշտպանութեան նպատակով, Ժնեւում գործել էր Հայ Դատի գրասենեակ: Բրիւսէլի գրասենեակը եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը գործում են եւրոպական կառոյցների եւ Եւրոպայում գտնուող միջազգային կազմակերպութիւնների հետ: 2009թ.-ից Թբիլիսիում գործում է Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի պաշտօնապէս գրանցուած ներկայացուցչութեան գրասենեակը:

2005թ.-ին, Բէյրութում բացուեց Հայ Դատի Մերձաւոր (Միջին) Արեւելքի գրասենեակը: Այն ունի տարածաշրջանային առաքելութիւն, յատկապէս` արաբական եւ իսլամական երկրների քաղաքական եւ հասարակական շրջանակներում Հայաստանի, հայութեան եւ հայկական հարցերի նկատմամբ դրական կեցուածք ձեւաւորելու նպատակ:

Եւ վերջապէս, 2001թ.-ից Երեւանում գործում է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակը: Նման գրասենեակ անցեալում գործել է Աթէնքում, երբ քաղաքական արգելքների պատճառով Բիւրոյի նստավայրը տակաւին Երեւանում չեր հաստատուել: Այս գրասենեակի պարտականութիւնն է համադրել Բիւրոյի եւ շրջանների Հայ Դատի գրասենեակների ու յանձնախմբերի աշխատանքները, պահել Բիւրոյի միջազգային յարաբերութիւնները: 2008թ.-ին Երեւանում գրանցուեց «Հայ Դատ» հիմնադրամը, որի առաքելութիւնն է Հայ Դատի տարբեր խնդիրների շուրջ՝ գլխաւորաբար կրթական, ակադեմական եւ գիտա-հետազօտական աշխատանքների կազմակերպումը:

Տպել Տպել