Կառավարման նախագահական համակարգը հատուկ է իսլամական պետություններին

ռեստՍահմանադրության փոփոխությունների «թեժ աշունը» չսկսված՝ օգոստոսին ՀՅԴ-ն հայտարարեց, որ իրենց առաջարկները գրեթե ամբողջությամբ ընդգրկված են նոր սահմանադրության մեջ։ Թերևս սա հետաքրքիր հայտարարություն է, քանի որ ենթատեքստում ունի նաև պատասխանատվության բաղադրիչ։ Արդյոք ՀՅԴ-ն պատրա՞ստ է վերցնելու այդ պատասխանատվությունը՝ հարցրինք ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ։

-Չստացվելու բան չկա, արդեն ստացվել է։ Մեր գրեթե բոլոր առաջարկները ներառված են սահմանադրության փոփոխություններով։

-Խոսքս քաղաքական պատասխանատվության մասին է։ Եվ քանի որ բարեփոխումների որոշակի հատվածը ձեր կուսակցության առաջարկներն են, ուզում եմ հասկանալ՝ հետագայում կիսելո՞ւ եք քաղաքական պատասխանատվությունը, թե՞ ոչ։

-Այո, մենք պատրաստ ենք քաղաքական պատասխանատվություն կրելու։ Նորություն չէ, որ մենք միշտ պաշտպանել ենք խորհրդարանական կառավարման համակարգը։ Երբ այդ փոփոխությունը իրականություն դառնա, բոլորն այն կողջունեն, համոզվելով, որ դեռևս 1995 թ. չպետք է թույլ տայինք, որ այսօրվա գործող համակարգը հաստատվեր։ Եթե հիշում եք, այն ժամանակ ևս մենք կողմ էինք խորհրդարանական կառավարման մոդելին, սակայն դաշնակցությանը չպաշտպանեցին այդ հարցում։
-Հայերիս մոտ ցանկացած ոլորտում հաջողություն է արձանագրվում անհատական գործունեության դեպքում, թիմային աշխատանքը, լինի սպորտում, մշակույթում, մեծ հաջողություն չի արձանագրում։ Հաշվի առնելով դա, մտավախություն չունե՞ք, որ խորհրդարանական կառավարման դեպքում երկրի համար խիստ կարևոր ռազմավարական հարցերում օրենսդիր մարմինը որոշումներ ընդունելու խնդիր կունենա։

-Այդ հարցին ժամանակին շատ լավ պատասխանել է Մոնտեսքյուն. «Ժողովրդի նկարագրին համապատասխան ժողովուրդը պետք է ընտրի իրեն համարժեք կառավարման համակարգ»։ Այդ գաղափարը մեր ժամանակներում զարգացրել է Վլադիմիր Նազարյանը։ Հայ ժողովրդի նկարագիրը ուսումնասիրելուց հետո 1992 թ. նա հրատարակեց «ՀՀ Սահմանադրության կոնցեպցիան» գիրքը, որում շատ հստակ ասված է. «Այն բոլոր ազգերը, որոնք կուրորեն հնազանդվելու հակում ունեն հոգևոր կամ աշխարհիկ առաջնորդներին, նախընտրում են միապետական կամ նախագահական համակարգ։ Իսկ այն ժողովուրդները, որոնք ունեն քննադատող միտք, ազատատենչ են, չեն համարում, որ որևիցե մեկից պակաս են և չեն կարծում, որ պետք է որևիցե մեկին կուրորեն հետևեն, ունեն կոլեգիալ մարմնի կառավարման համակարգի ձգտում»։

-Բայց մենք ականատեսն ենք, որ եթե անգամ խորհրդարանում ճիշտ և առողջ գաղափար է առաջարկում ընդդիմությունը կամ իշխանությունը, այն չի ընդունվում ընդդիմախոսների կողմից։ Սրանից ելնելով է, որ հարց է առաջանում՝ ռազմավարական հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում խնդիրներ չե՞ն առաջանա խորհրդարանական կառավարման ժամանակ։

-Նախագահական կառավարման համակարգի դեպքում նման խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու՝ ծեծելո՞վ, զոռելո՞վ։

-Ոչ ծեծելով, ոչ զոռելով։ Երկրի նախագահը որոշում կընդունի։

-Իսկ ո՞վ է որոշել, որ ինքն է ճիշտ։ Այսինքն՝ ընտրենք մեզնից մեկին, և ինչ ասի, հետևենք նրա՞ն. դա հատուկ է իսլամական պետություններին։ Չմոռանանք, որ մենք 1990-1991 թթ. ունեցել ենք խորհրդարանական համակարգ՝ ի դեմս Գերագույն խորհրդի, և լավագույն որոշումներն ու ժողովրդավարական դրսևորումները հենց այդ ժամանակ են արձանագրվել։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

irates.am

Տպել Տպել