Սահմանադրական այս փոփոխությունները նոր շունչ են տալու մեր երկրի զարգացմանը

FotorCreatedՍահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը հանրաքվեի դնելու որոշումը ցույց տվեց, որ խորհրդարանում ոչ միայն մեծամասնությունը, այլ ճնշող մեծամասնությունը՝ (104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ») կողմ է այս բարեփոխումներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք շատ դրական ենք համարում ողջ նախագիծը, որովհետև մեր առաջարկությունների 95% -ը մինչև այդ էր ընդունվել և հիմա էլ լրացուցիչ առաջարկներ եղան և բավարարվել են մեր առաջարկները»,- ասաց նա և հավելեց, թե սա Դաշնակցության պատկերացրած նախագիծն է:

«Սա նոր շունչ է տալու մեր երկրի զարգացմանը, ովքեր դա չեն ուզում, թող դրա պատասխանը տան, դեմ են քվեարկում ինչի՞ն, կողմ քվեարկելով գործողին, որին իրենք դե՞մ են եղել»,-հարցրեց նա:
Հայտարարությունը ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից, թե ժողովրդի հետ աշխատելու և համաժողովրդական «ոչ» ասելու փուլ է սկսում, ՀՅԴ պատգամավորը մեծ նշանակություն չի տալիս. «Անընդհատ դրա մասին լսում ենք, բայց ոչինչ էլ չենք տեսնում»:
Արմեն Ռուստամյանը նկատեց թե, իհարկե, դեմ արտահայտողներ էլ կլինեն: «Դեմ արտահայտողներ կլինեն, ով է ասում, որ չի լինի, հո միաձայն չի անցնելու Սահմանադրությունը: Բնականաբար, դա կլինի, դա նորմալ է»,-ասաց նա, իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություներին, թե հանրությունը դեմ է այս փոփոխություններին, Ռուստամյանը նշեց, թե հանրության անունից իրենք իրավունք չունեն խոսել:
Պնդումների հետ, թե սա նոր սահմանդրություն է, Ռուստամյանը համաձայն է. «Այո՛, սա նոր Սահմանադրություն է, բայց դա էական չէ, կարևորն այն է, թե ինչ սահմանադրական կարգ է սահմանվել»:

Արմեն Ռուստամյանը նաև նկատեց թե ժողովրդին պետք է հստակ բացատրել և իրենք հենց դա էլ անելու են առաջիկայում: «Թող «ոչ»-ն էլ իր փաստարկները բերի, տեսանք արդեն, թե ինչքան փաստարկված ոչ է, հիմա մենք մեր արգումենտերը շատ հստակ ունենք, կներկայացնենք, մեր ժողովուրդը խելոք, գիտակից ժողովուրդ է՝ կկողմնորոշվի և կքվեարկի»,-ասաց նա:

tert.am

Տպել Տպել