Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի…

են հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի…

Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրվածպարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով:

Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է:

Բեկոր

Կենսագրությունը

Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում: Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ: Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա): Ամուսնացել է 1985թ.: Ունեցել է երեք որդի:բեկօր

Արցախյան պատերազմ

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն… Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել:

Շուշիի ազատագրումը

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:

Բեկորի մահը

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար:

Բեկորի հիշատակին

1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի: Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։

Բեկորի խոսքերից

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»: Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:


Ես մի զարկն եմ քո կռվի…

Հերոսները չեն մեռնում. նրանք ապրում են մեր հոգիներում: Տարիները չեն կարող մոռացնել տալ այն հուշերը, որ արմատավորվում է մեր սրտերում: Որպես ազգասիրություն ուսանելու պայծառ օրինակ` դեռեւս շատ կկերտվի հերոսների ամբողջական դիմանկարը եւ կփոխանցվի սերունդներին:

Օգոստոսի 24-ին Աշոտ Ղուլյանի (Բեկոր) մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ նրա հուշաքարի ներքո Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի կողմից կազմակերպվեց միջոցառում:

Աշոտ Ղուլյան հերոսի, մարդ հրամանատարի հիշատակը հարգելու էին եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը, անդամները, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները, ՊԲ սպաներ եւ հրամանատարներ, Բեկորի մարտական ընկերներն ու բարեկամ-հարազատները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր, որոնց թվում «Ասկոլկա» բանաստեղծությունը` նվիրված հերոսին, որը պատմում է հողի եւ ազատության համար մարտիրոսված մարտիկի կյանքը:

Աշոտ Ղուլյան, Բեկոր, Դաշնակցական մարտիկ, որ Ղարաբաղյան շարժման սկզբից ընդունվեց ՀՅԴ շարքերը եւ իր ողջ էությամբ, գործելաոճով, մտածելակերպով, հոգով ու կարգապահությամբ արտահայտեց իսկական դաշնակցականի բնական կեցվածքը: Նրա մարտական ընկերների վկայությամբ` բոլոր մարտերի ժամանակ առաջինն ինքն էր նետվում ռազմադաշտ եւ վերջինը դուրս գալիս: Նա հաղթող է դուրս եկել բոլոր մարտերից: Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման սկզբից մինչեւ չարաբաստիկ օգոստոսի 24-ը Բեկորը միայն հաղթանակներ էր տարել:

Գաղափարի ու զենքի իր ընկերների հետ նահատակվելով դիրքերում` Բեկորը թողեց անկատար տենչեր: Նա հրաժեշտ տվեց կյանքին` նորածին որդուն չտեսնելով, որին հոր պատվին կնքեցին Բեկոր անունով: Նրա թաղման օրն անգամ մայր բնությունն էր ողբում: Միջոցառման օրը պատահաբար լսեցի, թե ինչպես Բեկորի բարեկամուհիներից մեկը պատմում էր նրա թաղման օրը տեղի ունեցածը: Նրա խոսքերով` օգոստոսյան տոթ օր էր,երբ Բեկորի աճյունը հանձնում էին հողին: Երբ հուղարկավորությունն ավարտվեց, կիզիչ արեւը փոխարինվեց կատաղի տարափով. «Մի անհասկանալի եւ տարօրինակ իրավիճակ. բնությունն ասես խելագարվել էր, միանգամից իրար էին խառնվել անձրեւ, փոթորիկ եւ քամու ուժեղ սուլոցներ: Բնությունն ասես ակնհայտորեն ժխտում էր մեր սիրելի Աշոտի մահվան փաստը»,- ասում էր նա:

Շատերն են վկայում այն մասին, որ Բեկորը երբեք ամպագոռգոռ բառեր չէր ասում հայրենասիրության մասին. նա այսպես էր մեկնաբանում այն. «Այդ հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ` քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով»:

Հավերժ փառք այն բոլոր խոնարհ հերոսներին, որոնք իրենց արյունով կերտեցին մեր լուսավոր ապագան:

Ռուզան ԱՎԱԳՅԱՆ
«ԱՊԱՌԱԺ» 25-31 օգոստոս 2007թ.


Անպարտելի Բեկորը

«Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

Այս համոզմունքով է պատերազմի տարիներին առաջնորդվել Բեկոր անունը ստացած Աշոտ Ղուլյանը, որին ճանաչում է արցախյան պատերազմի գոնե մեկ դրվագի ծանոթ յուրաքանչյուր մարդ: Ճակատագիրը նրա վրա բազում պարտականություններ էր դրել, որոնք նա բարեխղճորեն կատարեց իր կարճատեւ կյանքի` 33 տարիների ընթացքում: «Դժվարություններով ու հոգսերով լի էր Աշոտի կյանքը»,-ասում է այրին` Նելլի Ղուլյանը, ու մեկ առ մեկ հիշում Աշոտի հետ ապրած 7 տարիների բոլոր պահերը:

BekorAshot-psak1985-ին են ամուսնացել Աշոտն ու Նելլին, որոնց ընտանիքները մինչ այդ տարիներ շարունակ ընկերություն էին անում: Մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը` Արթուրը, իսկ 1989-ին` Հմայակը: Ցավոք, երրորդ որդուն Աշոտը չհասցրեց տեսնել: Նա ծնվեց 1993-ին` Աշոտի զոհվելուց հետո: Նրան մայրը կոչեց հոր մարտական անունով` Բեկոր: Փոքրիկ Բեկորը հերոս հորը ճանաչում է մոր, հարազատների, բարեկամների եւ ընկերների պատմածով միայն: Նա, ի տարբերություն ավագ եղբայրների, հնարավորություն չի ունեցել շփվել, գորգի վրա «կռիվ տալ» հոր հետ, ամեն մարտից առաջ «հաջող» ասել հորը:

«Երեխաներին շատ էր սիրում: Ամեն անգամ, երբ մի մարտից մյուսն էր գնում, տուն էր գալիս կարճ ժամանակով եւ, հանգստանալու փոխարեն, երեխաների հետ հատակին մեկնված` գորգի վրա խաղում էր, կատակում, ուրախանում: Մարտից առաջ միշտ մտնում էր տուն, որ երեխաները հաջող ասեն»,- հիշում է Նելլին, ու աչքերն իսկույն արցունքոտվում են:

«Խոջալուի ազատագրումից մի քանի օր հետո երկու օրով տուն գնաց: Երբ տնից եկավ, պատմում էր, թե երեխաների հետ ինչ խաղեր են արել: Պատմում էր ու երեխայի նման ծիծաղում` անկեղծ ու վարակիչ ծիծաղով: Երեխաները նրա Աստվածն էին, եւ նրանց յուրաքանչյուր արտահայտություն Աշոտի համար խորհրդավոր իմաստ ուներ: Ժամանակի սղության պատճառով այնքան հազվագյուտ էր շփվում երեխաների հետ, որ նրանց ամենասովորական իսկ արտահայտությունը նրան գյուտ էր թվում»,- գրում է մարտական ընկեր Արմեն Դանիելյանը Բեկորի մասին իր գրքում:

Կինն ասում է, որ Արցախյան շարժումն իրենց ընտանիքի համար սկսվել էր դեռեւս 1987-ին, երբ սկսվեց գաղտնի ստորագրահավաքը, որի ակտիվ մասնակիցներից էր նաեւ Աշոտ Ղուլյանը: Այնուհետեւ սկսվեցին ցույցերը, սակայն Աշոտը, ինչպես կինն է պատմում, միշտ ասում էր, որ ցույցերով հարցը չի լուծվի: Այդ օրվանից նա սկսեց մտածել զենք ձեռք բերելու մասին:

Բարձրագույն կրթություն չունեցող, երիտասարդ տարիներին դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ աշխատած Աշոտը ընկերների աջակցությամբ սկսում է ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգ հրացաններ պատրաստել: Նրա ստեղծած առաջին զենքը 16 գծանի կարճափող հրացանն էր: «Քանի~-քանի~ անգամ է նա այդ ինքնաշեն զենքերի փորձարկման ժամանակ վիրավորվել: Մեր երկրորդ երեխայի ծնվելու օրը նա կրկին վիրավոր պառկած էր Եղվարդի հիվանդանոցում: Երբ լուրը լսեց, եկավ Ղարաբաղ` ձեռքն ու կոկորդը կապած»,-պատմում է կինը: Ամեն անգամ վիրավորվելիս մինչեւ վերջ չի մնացել հիվանդանոցում, մի քիչ ապաքինվելուց հետո շտապել է մարտական ընկերների մոտ:

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն…

Արմեն Դանիելյանն ասում է, որ նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ Աշոտը շատ հոգատար էր վաշտի բոլոր տղաների նկատմամբ, նույնիսկ նոր միացած տղաներին չէր ուզում մարտի տանել` ասելով. «Ռիսկ չեմ անում նրանց կյանքն էլ վտանգել»:

«Ամեն անգամ մարտի դաշտ գնալուց առաջ Աշոտը հավաքում էր տղաներին, բացատրում անելիքը: Եվ երբ գնում էր մարտի, բոլորը հավատում էին, որ Բեկորը հաղթանակով է վերադառնալու, Բեկորը բոլորի համար անպարտելի էր: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա որեւէ հանձնարարություն ստացած լիներ ու առանց մինչեւ վերջ կատարելու վերադառնար»,- նշում է մարտական ընկերը:

Իսկ մարտերի գագաթնակետը, ինչպես ասում է Աշոտի կինը, Շուշիի ազատագրումն էր. «Նա դեռեւս շարժման սկզբից, մարտական գործողությունները չսկսված, երբ կանխազգում էր պատերազմի անխուսափելիությունը, միշտ խոսում էր Շուշին ազատագրելու անհրաժեշտության մասին: Ու այդ մասին շատ հանգիստ ու համոզված էր խոսում»:

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, եւ հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացել էր Բեկորը:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռեւս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր եւ, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր:

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար… Գնդակն այս անգամ մահացու էր:

«Աշոտը շատ էր սիրում ճամփորդել, աշխարհ տեսնել, ծով…Հենց նույն տարվա օգոստոս ամսին նախատեսված էր նրա այցը արտասահման, որտեղ պետք է այցելեր արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, ուսումնասիրեր այդ երկրների ռազմական փորձը, նրանց կարողություններն ու հնարավորությունները` Ղարաբաղյան պատերազմում ներգրավման համար: Սակայն, այս անգամ գնդակը խլեց նրա կյանքը»,- արցունքոտ աչքերով պատմում է Նելլին:

Հոր` ճամփորդության հանդեպ սերը փոխանցվել է Հմայակին, ով ներկայումս սովորում է Հունաստանի Սալոնիկ քաղաքի ռազմաբժշկական ակադեմիայում: Բեկորի ավագ որդին` Արթուրը, ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ այժմ ծառայում է Ղարաբաղի պաշտպանության բանակում: Կրտսեր որդին` Բեկորը, փոխադրվել է 10-րդ դասարան: Նա էլ ուզում է շինարար դառնալ:

Արցախի հերոսի որդիները եւ կինը մի նպատակ էլ ունեն, որի մասին, ինչպես կինն է հավաստիացնում, բարձրաձայնում է առաջին անգամ. Շուշիում Բեկորի անունը կրող փողոցում նրա ընտանիքը մի հողամաս է վերցրել, որտեղ նպատակ ունեն թանգարան կառուցել` Բեկորի եւ նրա վաշտի տղաների մարտական ուղու մասին նյութերը պահպանելու համար: Աշոտի կինը հուսով է, որ այդ գործում աջակցություն կգտնի: Իսկ հետագայում նա նպատակ ունի ամուսնու զոհված վայրում եկեղեցի կառուցել:

Նելլին վստահ է, որ եթե ինքը չհասցնի բոլոր նպատակներն իրագործել, որդիները կանեն: «Թանգարանի հարցը չպետք է շատ ուշացնել, քանի դեռ վաշտի տղաները կան, եւ հիշողությունները դեռ թարմ են»,- ասում է Նելլին:

Տարիներ առաջ մարտերի միջեւ դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՀԵՏՔ» 30 հունիսի 2008թ.


Հանդիպում` նվիրված Աշոտ-Բեկորի 50-ամյա հոբելյանին

«Ղարաբաղը լոկ սկիզբն է, վերջը պիտի լինի Արևմտյան Հայաստանը»,- այս խոսքերը պատկանում են մի մարդու, ում անունը անմահ լեգենդի պես ապրում է յուրաքանչյուր արցախցու հոգում` որպես անմնացորդ նվիրումի ու հերոսության վառ մարմնացում. նրա մասին զինակիցներն ասում են` նրան մենք դեռ էն գլխից ենք ճանաչել որպես հերոս, որովհետև նա ընտրել էր ազգին ծառայելու ամենաճշմարիտ ու ազնիվ բանաձևը…Նրա անունը Աշոտ Ղուլյան էր կամ, պարզապես` Բեկոր…

Հոկտեմբերի 6-ին լրացավ մեծանուն արցախցու ծննդյան հիսուն ամյակը: Օրը նշանավորվեց հերոսին նվիրված մի շարք միջոցառումներով: Գաղափարակից ընկերոջ մասին ջերմ ու անկեղծ զրույցի համար ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության ընկերները հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կազմակերպեցին հանդիպում Բեկորի մարտական ընկերներ Արմեն Դանիելյանի և Արկադի Կարապետյանի հետ:

Ո՞վ է եղել Աշոտ-Բեկորը, ինպե՞ս է կերտվել նրա մարտական կենսագրությունը , ինչպիսի՞նն էր նա իր էությամբ ու կերպարով. այս հարցերի շուրջ ծավալված զրույցն օգնեց ամբողջականացնելու Բեկորի մասին մեր պատկերացումները` լրացնելով այն մարտական ընկերների հուշերով ու հետաքրքիր դրվագներով:

«Եվ ես, եւ Աշոտն ունեինք «հերոս» բառի մե՛ր բնորոշումը. ճիշտ ապրելը մենք համարում էինք հերոսություն, որորվհետև գտնում էինք, որ իսկական հերոսը նա է, ով ոչ միայն հանուն հայրենյաց մարտերի ժամանակ, այլ ընդհանրապես իր ապրած կյանքում միշտ հավատարիմ է մնում ճիշտ ապրելու և արդար ուղով քայլելու սկղզբունքին: Աշոտ Ղուլյանն իր ապրած կյանքով և անմահությամբ սրբագործեց հերոսի այս բնորոշումը` ցույց տալով, որ, իրոք, իսկական հերոսի պսակը ճիշտ ապրելն է… »,- Բեկորի մասին իր խոսքում շեշտեց Արկադի Կարապետյանը, ապա նշեց.« Ինչու՞ եմ սա ասում. որովհետև պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք հերոսաբար կռվող շատ-շատ տղաներ, որոնց մի մասն այսօր կենդանի է, բայց, ավաղ, այլեւս չունի, կորցրել է նախկին հերոսի իր կերպարը, կյանքի վայելքները շփացրել են նրանց , հեռացրել մարդկային բարձր արժեքներից, օտարացրել իրենց երբեմնի նկարագրից: Գու՞ցե ես չեմ ճիշտ հասկանում, թե ինչ է «հերոս» ասվածը, բայց, համենայնդեպս, սա իմ կարծիքն է, որին հետամուտ էր և Աշոտը… Ընդհանրապես ասում են` ոչ մեկին քեզ համար կուռք մի դարձրու. պատմելով Բեկորի մասին` ես չեմ ուզում ձեզ ներշնչել, որ նրան պիտի ձեզ համար կուռքի պես մի բան դարձնեք, ես ցանկանում եմ, որ նա ձեզ ու առհասարակ բոլոր հայ երիտասարդների համար լինի մեծ չափանիշ, վառ ու օրինակելի կերպար: Նրան ու նրա նմաններին պետք է ոչ միայն հիշել, այլև ձգտել ընդօրինակել, իմանալ, որ մարդը կարող է նաև այդ ձևով ապրել…»:

Աշոտ Բեկորի մասին խոսելիս ընկերները փորձում էին լրացնել իրար, իսկ որոշ դրվագներ ու հիշողություններ արթնանում էին հենց խոսքի պահին:

Մարտական ընկեր Ա. Դանիելյանն այսպես բնորոշեց Բեկորին.« Նա մեծ էր. մեծ էր նրանով, որ երբեք չէր մտածում փոքր բաների մասին, նրա միտքն ամբողջությամբ կենտրոնացված էր հայրենիքի ու ժողովրդի ապագայի խնդրին: Այս առումով նա միշտ հեռուն էր տեսնում: Մեր ընկերական զրույցներից մեկի ժամանակ / դրանք հիմնականում տեղի էին ունենում ուշ գիշերներին/, նա ասաց.«Այս կռվում մենք, անշուշտ, հաղթանակ ենք տանելու, իսկ քաղաքականության ասպարեզում մեր հաղթանակները դեռևս հարց են… »:

Արմեն Դանիելյանի խոսքերով` Բեկորը չէր սիրում երկար-բարակ խոսել, բայց նա ընդունակ էր մեկ անգամ զրուցելով` ազդել մարդու պատկերացումերի ու մտածողության վրա` ճիշտ ճանապարհով ուղղորդելով նրան: Թվում էր` մարդն իմաստնանում է նրա հետ զրուցելով, ստանում ավելին, քան կարող է տալ սովորական զրույցը…

«Աշոտը գիտեր գնահատել ու սիրել իր զինվորներին. ամեն մի զինվորի կորուստով նա խոր վիշտ էր ապրում, լռում էր երկար և մենք ցավ էինք կարդում նրա աչքերում…»,- պատմում է մարտական ընկերը , ապա ավելացնում.« Ապրած տարիները կապ չունեն, գործն է արժեվորում մարդուն: Նա ապրեց ընդամենը երեսուերեք կարճ տարիներ, սակայն հասցրեց անել ավելին, քան մարդ կարող է անել իր ապրած ողջ կյանքի ընթացքում. նա անմահացավ իր գործով, հայրենասերի իր անկրկնելի կերպարով` դառնալով մշտարթուն հիշողություն…»:

Հանդիպման վերջում երիտասարդները շնորհակալություն հայտնեցին անմիջական ու անկեղծ զրույցի համար և հոտնկայս շնորհավորեցին Աշոտ-Բեկորի ծննդյան 50-ամյա հոբելյանը:

Հ. ԱՎԱԳՅԱՆ
«ԱՊԱՌԱԺ», 1-17 հոկտեմբեր, 2009թ.


Բեկորի հուղարկավորության ժամանակ

Խոնարհ Հերոսներ – Աշոտ Ղուլյան – Մաս 1

Խոնարհ Հերոսներ – Աշոտ Ղուլյան – Մաս 2

Խոնարհ Հերոսներ – Աշոտ Ղուլյան – Մաս 3

Աշոտ Ղուլյան

Տպել Տպել