Մենք քարոզելու ենք մեր ճշմարտությունը

FotorCreatedԱյսօր` Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք՞ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի ազատ, թափանցիկ և արդար, և եթե այն արդար ու թափանցիկ չանցկացվի, ի՞նչ դիրքորոշում կունենա ՀՅԴ-ն:

Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ, ընտրությունների հետ կապված, Դաշնակցության դիրքորոշումը վաղուց է հայտնի` ՀՅԴ-ն պահանջում է ազատ, արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացում:

«Բնական է, որ մենք կողմ ենք, որ քարոզարշավը երկու կողմերի` թե’ «ոչ»-ի, թե’ «այո»-ի համար լինի հավասար, հանրաքվեի մասին օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Շատ կարևոր է, որ հանրաքվեն իսկապես անցկացվի ազատ, արդար ու թափանցիկ, և որ դա վստահության մթնոլորտում տեղի ունենա: Իհարկե, միշտ կլինեն մարդիկ` ասելով, որ ազատ, արդար չի եղել, բայց հանրաքվեն պետք է անցնի ազատ ու արդար: Եթե այդպես չլինի, մենք մեր գնահատականը կտանք»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչպե՞ս է անցկացնելու ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այս ամբողջ ընթացքում Դաշնակցությունը ներքին աշխատանքներ է տարել, հանդիպում-քննարկումներ իրականացրել 50 կոմիտեությունների հետ, և երկու հավաք է մնացել՝ Տավուշում ու Սյունիքում, որը կիրականացնեն մոտակա օրերին:

«Մենք «այո»-ի առանձին քարոզչություն ենք անելու, որևէ միասնական շտաբի չենք մասնակցելու: Մենք ունենք փաստարկներ ու ապացույցներ` սահմանադրական փոփոխությունների «այո»-ն համոզելու համար: Ունենք քարոզչական խումբ` հայտնի դաշնակցական քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ունենք գրաֆիկ ու ժամանակացույց, և հանրապետությունով մեկ մենք կիրականացնենք «այո»-ի քարոզարշավը»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞ւ չեն ցանկանում միանալ միասնական «այո»-ի քարոզչությանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ չեն ծրագրում միանալ «այո»-ի միասնական որևէ շտաբի այն պատճառով, որ խորապես համոզված են, որ այդ հարցում Դաշնակցությունը պետք է քարոզի զուտ Դաշնակցության տեսակետները, փաստարկներն ու ապացույցները:

«Մենք պրոուժ չենք եղել, մոռացեք դրա մասին, մենք քարոզելու ենք մեր ճշմարտությունը: Երբ մենք քառյակում էինք, մենք առաջ էինք տանում խորհրդարանական կառավարման համակարգի գաղափարը: Այս հարցը եղել է Դաշնակցության սկզբունքային հարցը, և մենք իրավունք ունեն մեր ճշմարությունը փոխանցելու»,- ասաց նա:

Լրագրողները հարցրեցին` իսկ ինչպե՞ս են տոնելու, եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխություններն ընդունվեն: «Իսկ ինչպե՞ս պետք է տոնենք: Երկու օր առաջ էլ գրվեց, թե Դաշնակցության խմբակցությունում քեֆ-ուրախություն էր: Լրատվամիջոցները աղոտ պատկերացում ունեն քեֆ-ուրախության վերաբերյալ: Եթե սեղանին դրվել է մեկ շիշ կոնյակ ու միրգ, ու մարդիկ շնորհավորել են մարդու ծննդյան տարեդարձը, դա դեռ քեֆ-ուրախություն չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, իհարկե, կնշեն այդ փաստը, բայց դա չի արվի համազգային տոնախմբությամբ:

Լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են համոզելու քաղաքացիներին, որ նրանք կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին: Պատգամավորն ընդգծեց, որ իսկապես խնդիր կա` քաղաքացիներին պարզ ու մատչելի բացատրել սահմանադրական փոփոխությունների կարևորությունը:

Աղվան Վարդանյանի խոսքով` իհարկե, կան մարդիկ, որոնց ինչ էլ ասես, նրանք դեմ են արտահայտվում, ուստի իմաստ էլ չունի նրանց վրա ժամանակ ծախսել, որովհետև նրանք պատրաստ չեն բովանդակային քննարկման, պատրաստ չեն բանավիճելու ու փաստարկներ ներկայացնելու:

«Ես երաշխավորում եմ, որ մեր կուսակցության մեջ էլ պարզ, հասարակ մարդիկ են, որոնք գնահատում են առկա իրավիճակի արդյունքում ստեղծված խնդիրները, որոնց մասին բազմիցս խոսել ենք: Երկրում ստեղծված խնդիրներն են` իշխանության գերկենտրոնացում, նախագահի անսահմանափակ լիազորություններ, զրոյական պատասխանատվություն, ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու անհնարինություն, ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային քաղաքականություն, արդարադատական համակարգի կախյալություն»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով համեմատել, թե ինչ է բերելու հաջորդ համակարգը, եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները:

Ըստ նրա` սահմանադրական փոփոխությունները բերելու են որոշումների շատ ավելի թափանցիկ կայացում, իշխանության ապակենտրոնացում, ընդդիմության դերակատարության էական բարձրացում և այլն:

Աղվան Վարդանյանը նշեց, որ Սահմանադրությունը, լինելով քաղաքական բարդ փաստաթուղթ, միևնույն ժամանակ էական նշանակություն է ունենալու մարդու առօրյայի վրա:

«Մարդիկ տեսնում են, որ այս Սահմանադրությամբ, ունենալով իրականում սուպերնախագահական համակարգ, նրանք ունեցել են այս խնդիրները: Եկեք` նաև միամիտ չլինենք, մենք անկեղծորեն ասում ենք, որ ակնկալել, որ մեկ օրից միանգամից ամեն ինչ փոխվելու է, այդպես չէ, քանի որ դա ենթադրում է հսկայական աշխատանք` նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված, կուսակցությունների մասին օրենքի հետ կապված: Մարդիկ տեսնում են տարբերությունները, որ իրենք կարող են մասնակից լինել որոշումների կայացմանը:Մենք անսահման փաստարկներ ունենք, մեր փաստարկների էությունն ու խորությունը նաև տարբերվում են քաղաքական ուժերի արգումենտներից, որովհետև իշխանությունները չեն կարող քննադատել իրենց այսօրվա վիճակը: Իսկ մենք դնում են այսօրվա իրականության բոլոր վատ կողմերը, նաև թե ինչ հնարավորություններ են տալու սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որ անգամ քաղաքականացված, իրազեկված մարդիկ դժվարությամբ են հասկանում մի շարք նրբություններ ու խորություններ: Ուստի ակնկալել, որ ամբողջ հասարակությունը և յուրաքանչյու քաղաքացի մինչև վերջ պատկերացնելու է սահմանադրական փոփոխությունների էությունը, նման բան չկա: Սակայն այդ փոփոխությունները առաջնորդում են, ղեկավարում են քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մտավորականները և այլն:

«Որքանո՞վ դա համոզիչ կլինի, մարդիկ կքվեարկեն նրա օգտին, ում հավատում են: Ժողովրդավարությունը շատ լավ բան է, բայց աշխարհում միշտ էլ մեծամասնության կարծիքը ձևավորել են քաղաքական վերնախավն ու մտավորականները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

yerkir.am

Տպել Տպել