Տերյան 65 հասցեում բացվեց Սոս Սարգսյանի հուշատախտակը

FotorCreatedՀայ ճանաչված ու սիրված դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում բացվեց նրա հուշատախտակը։ «Այս տանն ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը» նշված է վարպետին նվիրված հուշատախտակի վրա: «Երբ անում էի այս գործը, մտածում էի, որ նա շատ լավ մարդ էր: Սոս Սարգսյանը շատ մեծ սիրո պաշար ուներ, որը շռայլում էր բոլորին: Նա երբեք չէր ստում. սա շատ կարևոր հատկանիշ է: Ես սիրով էի ստեղծում այս հուշատախտակը»,- նշեց հուշատախտակի հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանը:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը վստահ է` սերունդները մշտապես սնվելու են Սոս Սարգսյանի ստեղծագործական և բարոյական ժառանգությունից: «Այսօր ոչ միայն հիշատակի ու խոնարհումի, այլև հպարտության օր է, որովհետև մենք ունեցել ենք Սոս Սարգսյանի հետ ապրելու հնարավորություն: Հայ մշակույթի սյուներից մեկը մեր աչքի առաջ է ստեղծագործել, մենք ճաշակել ենք նրա գեղեցիկ ներկայությունը»,- նշեց նա: Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը սիրով է վերհիշում վարպետին:

«Սոսը մեզ հետ է, իր քաղաքում: Այս փողոցով անցնողն, ինչքան էլ շտապի, պիտի կանգ առնի և նայի իրեն, մի բան մտածի: Նրա բոլոր ստեղծած կերպարները հավերժ ապրելու է, ինչպես և Սոսը»,-շեշտեց նա: Վարպետի այրին` Նելլի Սարգսյանն նշեց, որ իր համար Սոսից հետո աշխարհը դատարկվել է: «Որպես մարդ` նա հեքիաթային էր, զուսպ, համեստ, մեծահոգի, ազնիվ»,- ընդգծեց նա:

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` իրենք հետևում են վարպետի որդեգրած սկզբունքներին: «Սոս Արտաշեսովիչը մեզ միշտ ասում էր` արվեստը ճաշակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյան առաջին անգամ, արդեն պաշտոնապես մենք ներկայացում կխաղանք որպես Սոս Սարգսյանի անվան պետական թատրոն»,- նշեց Վարդան Մկրտչյանը:

Նրա խոսքով` կցուցադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ ի նվիրում վարպետի հիշատակին։

Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ:

Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի»(1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ»(1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.): Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսորԿիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛կինոբեմադրությունների հաջողված փորձեր: Վարպետը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին:

armenpress.am

Տպել Տպել