Ս.թ. նոյեմբորի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովը, Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովան, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, Սանկտ-Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ և Վասիլեօստրովսկի շրջանի բնակիչներ:
Հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որն ուղեկցվեց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարեցին Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ: Տեղի հայ համայնքի երգչախմբի կողմից հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:
Կոմիտաս վարդապետի՝ մոտ 3,5 մետր բարձրությամբ գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է:
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես են եկել Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորել է քաղաքի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները և նշել որ խաչքարի բացումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության:







