Նոր Սահմանադրությամբ` պաշտոնյաները կախվածություն են ունենալու քաղաքացուց

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններից երկիրը, բացի օգուտից, որևէ վնաս չի կրի: Էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ Լոքյանը նշեց, որ այսօր մեր երկիրը հասել է զարգացման որոշակի աստիճանի, երբ ծագել է սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ` մեծանում է պաշտոնատար անձի կախվածությունը քաղաքացուց: «Վարչապետը պարտավոր է յուրաքանչյուր տարի խորհրդարանի առջև երկրի սոցիալ-տնտեսական, ֆինանսական, պաշտպանական և այլ հարցերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել: Բավական է վարչապետի հաշվետվությունը խորհրդարանում որոշակի սանդղակի չբավարարի, փոքր թվով պատգամավորներով` 1/5-րդի չափով, կարող են վարչապետի անվստահության հարցը բարձրացնել»,- ասաց Լոքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը խորհրդարանում վարչապետի անվստահության հարցը չեն կարող բարձրացնել միայն նրա պաշտոնավարման առաջին տարում և պատերազմական դրության պայմաններում: «Դրանից հետո վեց ամիսը մեկ կարող են վարչապետի հրաժարական պահանջել, վարչապետին փոխել»,- պարզաբանեց նա:

Ըստ ՀՅԴ-ականի՝ նոր Սահմանադրությամբ` Ազգային ժողովը կարող է հաշվետվության կանչել վարչապետին և առաջարկել ինչ-որ նախարարի հետ կանչել: «Այսօր նախարարներն ասում են, որ եթե նախագահն իրենց չի ազատում, ուրեմն` վերջ, ժողովուրդը գոհ լինի, թե` ոչ, ոչ մի խնդիր չունեն: Վարչապետն այսօր միայն նայում է՝ իր ղեկավարն իրենից գո՞հ է, թե՞ ոչ, իսկ նոր Սահմանադրությամբ` նա պարտավորված է լինելու առաջնորդվել ժողովրդի տրամադրություններով: Քաղաքական ուժերը չեն կարող պահել մի վարչապետի, ով երկրում փոփոխություններ չի ապահովի»,- ասաց Լոքյանը:

Նրա խոսքով՝ որևէ մտավախություն չկա, որ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո պատերազմական վիճակում գտնվող մեր երկիրը կարող է թուլանալ: «Այսօր Գերմանիա՞ն, Իտալիա՞ն, թե՞ Իսրայելն է թույլ երկիր, որ ունի կառավարման այդ մոդելը»,- ասաց Լոքյանը և հավաստիացրեց, որ պաշտպանության առումով ժողովուրդը կարող է հանգիստ լինել: «Եթե այսօր անվտանգության խորհուրդը ղեկավարում է երկրի նախագահը, ապա, նոր փոփոխությամբ, այն ղեկավարելու է վարչապետը: Եթե այսօր պաշտպանության նախարարը համարվում է պաշտպանության ընդհանուր պատասխանատուն, այն ժամանակ էլ է նույնը լինելու, միայն ռազմական դրության պայմաններում է վարչապետը դառնալու երկրի գերագույն գլխավոր հրամանատար»:

Լոքյանի խոսքով՝ այսօր աշխարհում խորհրդարանական կառավարում ունեցող 100–ից ավելի երկրներ կան, որոնք ունեն լավագույն պաշտպանական մեխանիզմներ:

Այս գերկենտրոնացումից պետք է ազատել երկիրը

FotorCreated
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչների մարզային հանդիպումները շարունակվում են: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանն այսօր Արմավիր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ներկայիս եւ առաջարկվող սահմանադրության հիմնական տարբերությունները: «Մեր խնդիրն է վերափոխել, բարեփոխել սահմանադրությունը, որպեսզի այն համապատասխանի մեր ժողովրդի պահանջներին: Դեռ 1991 թվականին, երբ նախագահական ընտրություններ տեղի ունեցան, Դաշնակցությունը ժողովրդի առաջ հանդես եկավ հիմնական սկզբունքային մեկ հարցով՝ որ մենք հիմնական նախագահական կառավարման համակարգին դեմ ենք եւ մեր ժողովրդի հետագա զարգացման հիմքում տեսնում ենք խորհրդարանական կառավարումը: Ի՞նչ է տալիս մեզ խորհրդարանական կառավարումը. ամենառաջինը՝ երկրի բոլոր խնդիրների լուծումը մեկ մարդուց այլեւս կախված չի լինի: Այս գերկենտրոնացումից պետք է ազատենք երկիրը»,- նշեց Դավիթ Լոքյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ հայտարարեց, որ այսօր դրված է շատ կարեւոր հարց, շատ ավելի կարեւոր, քան ցանկացած համապետական ընտրություն, որովհետեւ հիմա ոչ թե ընտրում ենք անձերի, այլ ընտրում ենք, թե ինչպիսի տեսլական պիտի ունենա մեր երկիրը: «Համոզված եմ, որ բոլորը դժգոհ են այն իրավիՃակից, որ այսօր ունենք, թե տնտեսական առումով, թե տիրող անարդարությունների, թե սոցիալական քաղաքականության եւ բոլորիս մոտ կա գիտակցում, որ օր առաջ մեր երկրում փոփոխությունների կարիք կա եւ այդ փոփոխությունները պետք է լինեն համակարգային: Ես ձեզ հավատացնում եմ՝ մենք դեկտեմբերի 6-ին ճակատագրական ընտրության ենք գնալու, որի հետեւանքները միայն մենք չէ, որ զգալու ենք: Նախընթաց 25 տարիների կիսաձախող փորձը պիտի մեզ համար դաս լինի, որ հիմա ճիշտ հիմքի վրա դրվի պետությունը: Հակառակ պարագայում ընտրությունից ընտրություն դժգոհելու ենք եւ չենք տեսնելու լույսը: Եվ նրանք, ովքեր ոչ են ասելու նոր սահմանադրությանը՝ ասելու են այո ներկայիս վիճակին»,- նշեց Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն էլ անդրադարձավ համամասնական ընտրակարգին: Նա նշեց, որ դա Դաշնակցության համար սկզբունքային խնդիր է եղել դեռ վաղուց: «Մեր խորհրդարանում 41 մեծամասնականով ընտրված պատգամավոր կա, եթե դուք նրանցից գոնե մեկի անունը տաք, որը պատասխանատվություն է կրում ժողովրդի առջեւ, ես կասեմ՝ սխալվել եմ: Մեր երկրում մեծամասնականով ընտրվում են այն մարդիկ, ովքեր ունեն փող եւ դիրք իշխանությունում»,- նշեց Առաքելյանը:

yerkir.am

Տպել Տպել