Որակական փոփոխությունների հնարավորություն է առաջացել

FotorCreatedԱյսօր հասարակությունը միանշանակ փոփոխություններ է ակնկալում, և հիմա առաջացել է փոփոխություններ իրականացնելու հնարավորություն: «Նոր Սահմանադրությամբ իսկապես պայմաններ կստեղծվեն իշխանության վերարտադրությունը նվազեցնելու համար,- սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` ներկայումս, ցավոք, ոչ միայն տնտեսությունն է ստվերային, այլ նաև քաղաքականությունը, որոշումները կայացվում են մի քանի մարդու կողմից՝ առանց հանրության հետ խորհրդակցելու, մինչդեռ` սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու քաղաքացիներին անմիջական ժողովրդավարությունը գործի դնել, որոշ քանակի ստորագրություններ հավաքելով` օրենք մտցնել խորհրդարան ու ստիպել քննարկել դա, իսկ եթե կազմակերպված հանրություն ունենանք, նաև հնարավորություն է տալիս սահմանադրական փոփոխություններ առաջարկելու:

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե սահմանադրական փոփոխությունները կարող են հանգեցնել միակուսակցական համակարգի ու իշխանության վերարտադրությանը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր էլ ոչինչ չի խանգարում, որ Հանրապետական կուսակցությունը վերարտադրվի և ունենա քաղաքական մեծամասնություն:

«Ոչ ոք չի ասում, որ այստեղ իշխանությունն իր շահը չունի, բնական է, որ իշխանությունը պետք է մտածի ինչ-որ կերպ իր տեղերը պահելու մասին, բայց ես երաշխավորում եմ, որ այդ` վերարտադրվելու հնարավորությունն առնվազն 50 տոկոսով նվազում է, և դուռ է բացվում երկրում որակական նոր փոփոխությունների ու նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ, անձը անձով փոխելով, առաջընթաց չի լինի, համակարգը պետք է փոխել այլ` ավելի լավ համակարգով:

Տպել Տպել