Մեր հասարակությունը հավաքական իմաստնություն ունի՝ գնահատելու, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ

FotorCreatedԱյսօր, երբ «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավի շատը գնացել, քիչն է մնացել, մեր հանրությունը որքանո՞վ է տեղեկացված սահմանադրական փոփոխություններին։ Կողմերին հաջողվե՞լ է կոտրել անտարբերության սառույցը եւ շահագրգռել ընտրողին՝ դեկտեմբերի 6-ին «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվեի դրված փաստաթղթին։

«Հայոց Աշխարհ»ի հարցերին պատասխանում է Դաշնակցության քարոզչական 5 խմբերից մեկը գլխավորող Արսեն Համբարձումյանը

-Հասկանալի է, որ հասարակության մեծ մասին հետաքրքրում են առաջին հերթին առօրյա սոցիալ-տնտեսական խնդիրները՝ մարդիկ ուզում են հասկանալ, ի՞նչ են փոխելու սահմանադրական բարեփոխումներն իրենց կյանքում։

Զգալի թիվ են կազմում մարդիկ, որոնք դեռեւս անտարբերության թմբիրի մեջ են։ Նախընթաց ընտրական գործընթացների, վատ կառավարման հետեւանքով ժողովրդի մեջ կարծրացել է այն մտայնությունը, թե իրենից ոչինչ կախված չէ՝ իրենց կարծիքը որոշիչ չի լինելու։ Սա ամենավտանգավորն է, որովհետեւ քաղաքացին օտարվում է պետությունից, իսկ պետությունից օտարված քաղաքացին չի կարող լավ պետություն կառուցել։

Անշուշտ, շատերը գիտակցում են, որ բարեփոխումների արդյունքում հնարավորություն է առաջանում շտկելու իրավիճակը՝ ոչինչ չանելով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել։

Հանդիպումների ժամանակ փորձում ենք տեղ հասցնել մեր մոտեցումները, մարդկանց բացատրել, որ իրենց առօրյա մտահոգությունների կիզակետում գտնվող բոլոր խնդիրները, ի վերջո, հետեւանքներ են. եթե ուզում ենք հետեւանքները վերացնել, պետք է խորամուխ լինենք պատճառների մեջ, ճիշտ ախտորոշումներ անենք եւ հասկանանք, որ այդ խնդիրները կարող են լուծվել մի դեպքում՝ երբ ունենանք դինամիկ զարգացող տնտեսություն, հակակշիռների վրա հիմնված կառավարման համակարգ, պատասխանատու եւ հաշվետու իշխանություն, իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ։

Հակառակ պարագայում, մեղմ ասած, միամտություն կլիներ ակնկալել, թե ոտքերն ամպոտ, հրեշտակի թեւերով մեկը կգա ու կլուծի բոլոր խնդիրները։ Կարծում եմ, մեր քաղաքացիների գիտակից հատվածում գնալով արմատավորվում է այս գիտակցումը որ բոլոր դժգոհություններից, իշխանությունների եւ քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքից անկախ, առաջարկվող համակարգը տալիս է այդ հնարավորությունը։

-Այդուհանդերձ, սոցիոլոգների դիտարկումներով, մարդիկ, «այո» կամ «ոչ» ասելով նախագծին՝ ավելի շուտ արտահայտելու են իրենց վերաբերմունքը իշխանությունների, քան բուն սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Կարծում եք՝ մինչեւ հանրաքվե կհաջողվի՞ ջարդել այս կարծրատիպը։

-Քարոզարշավի նպատակներից մեկն էլ դա պիտի լինի։ Համենայն դեպս, փորձում ենք հասարակությանը բացատրել, որ սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելիս չպետք է առաջնորդվել նման մտայնություննեով, որովհետեւ այս հարցում ջրբաժանն ամենեւին էլ ընդդիմության եւ իշխանության միջեւ չի անցնում։

Չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը «պրոյեկտել» բարեփոխումների վրա։ Դա նման է երկսայր սրի, որովհետեւ «ոչ» ասելով՝ քաղաքացիները, ըստ էության, ոչ թե անվստահություն են հայտնում իշխանություններին, այլ ակամա նպաստում են իշխող վերնախավի դիրքերի է՛լ ավելի ամրապնդմանը եւ գործող քաղաքական համակարգի անփոփոխելիությանը։

-Իսկ կընկալի՞ ընտրողը խորհրդարանական մոդելին անցնելը որպես փրկօղակ։

-Օր առաջ երկրում փոփոխություններ իրականացնելու ակնկալիքն այնքան առարկայական է, որ իրավունք չունենք չօգտագործելու այս պատեհ հնարավորությունը։ Ակնկալել, թե փողոցային պայքարի միջոցով մեր երկրում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, արմատական, համակարգային ինչ-որ փոփոխություններ արձանագրել՝ սա, մեղմ ասած, հավատ չի ներշնչում՝ գոնե ընդդիմության ներկայիս ռեսուրսները եւ հրապարակի վրա գտնվող հիմնական դերակատարներին նկատի ունենալով։

Կարծում եմ, մեր հասարակությունը հավաքական իմաստնություն ունի՝ գնահատելու, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ։ Իրողությունն այն է, որ իշխանությունը պատրաստ է զիջելու իր ունեցած իշխանության մի մասը՝ ամբողջը չվտանգելու համար։ Ընդդիմությունն էլ պիտի հասկանա, որ չունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են վաղը եւեթ ամբողջ իշխանությունը վերցնելու համար։

Այս իրավիճակում խելամիտ փոխզիջումը, կարծում եմ, հենց այն է, որ իշխանությունը պատրաստ լինի՝ զիջելու իշխանության մի մասը, ընդդիմությունն էլ պատրաստ լինի վերցնելու իշխանության այդ մասը հետագայում համակարգային փոփոխություններ իրականացնելու ակնկալիքով։ Այսինքն՝ դա գործընթաց է, որը պետք է լինի շատ տեսանելի եւ հասկանալի։ Իրատեսական չէ ակնկալել, թե ոչինչ չփոխելով՝ հնարավոր է 2017 կամ 2018թ. ընտրություններում հաջողության հասնել։

-Փոփոխությունների օգտին բերվող ամենածանրակշիռ փաստարկներից մեկն այն է, թե որեւէ կուսակցություն մինչ օրս Հայաստանում համամասնական ընտրակարգով 40 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, եւ ուրեմն՝ մեկ կուսակցության քաղաքական մենաշնորհի «ամրապնդման» վերաբերյալ մտահոգություններն անտեղի են։ «Ոչ»-ի կողմնակիցները, սրան ի հակակշիռ, ասում են՝ մինչեւ հիմա իշխող կուսակցությունը նման խնդիր չի դրել։

-Չեմ բացառում, որ իշխող մեծամասնությունը կարող է իր առաջ նման խնդիր դնել։ Բայց ընդդիմադիր մյուս ուժերի փաստարկները, առ այն, որ բարեփոխումներին «այո» ասել՝ նշանակում է հավերժացնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը, չեմ ընդունում։

Եթե քաղաքական ուժը չի հավատում վաղվա իր հաջողությանը՝ վստահ է, որ իշխող կուսակցությունը սահմանադրությունը փոխելուց հետո, Ընտրական նոր օրենսգրքի պայմաններում էլ ստանալու է ձայների «վերահսկիչ փաթեթը», պետք է դուրս գա քաղաքական պայքարից։ Մենք կարծում ենք, որ առաջարկվող փոփոխություններն ընդդիմադիր ուժերին անհամեմատ ավելի մեծ հնարավորություն են տալիս՝ քաղաքակիրթ քաղաքական պայքար մղելու եւ հաջողելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Այդ դեպքում գործող քաղաքական մեծամասնության հաջողության հասնելու հնարավորություններն էապես նվազում են. կույր պետք է լինել այս հնարավորությունը չտեսնելու համար։

Ի վերջո, նույն ընդդիմադիր ուժերը՝ բոլորը անխտիր, ընդամենը մեկ-երկու տարի առաջ իրենց քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրների շարքում ամրագրել էին այն գաղափարները, որոնք այսօր առաջարկվում է վերանայել։ Առաջարկվող փաթեթն անդրադառնում է բոլոր այդ հարցերին՝ անցում 100 տոկոսանոց համամասնական ընտակարգի, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգի ձեւավորում եւ այլն։

Այդ փոփոխություններին «ոչ» ասել՝ նշանակում է պահպանել այսօրվա իրավիճակը, երբ ընդդիմությունն ամբողջությամբ օտարված է իշխանությունից, անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքում վստահության ինչ քվե է ստացել, եւ մղվում է տոտալ անհանդուրժողականության դաշտ, որտեղ կառուցողական մոտեցումները տեղ չունեն։ Որտեղ ընդդիմությունը ծրագիր չունի՝ միայն հայհոյախոսում է իշխանություններին, իսկ իշխանությունն ամեն կերպ «դիմագրավում» է ընդդիմության հաջողությանը։

Այս արատավոր համակարգը փոխելուն է միտված առաջարկվող փաթեթը։ Այստեղ, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը պետք է խելամտություն դրսեւորեն եւ փորձեն թացը չորից զատել։ Սա է ճիշտ ճանապարհը. ամբոխավարությամբ, հերթական իշխանափոխության ամսաթվեր հնչեցնելով՝ ոչինչ չես փոխի։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց Աշխարհ»
armworld.am

Տպել Տպել