Գնում ենք լուրջ, արմատական փոփոխությունների

FotorCreatedԹալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական այն փոփոխություններին, որոնք վերաբերելու են խորհրդարանին, որը պետք է իրականում ընտրվի մարդկանց վստահության քվեով:

«Այսօրվա խորհրդարանը ձևավորված է 41 մեծամասնական և 90 համամասնական պատգամավորներից: Թեև Հանրապետական կուսակցությանը տված համամասնական քվեով այդ կուսակցությունը ունի 43 տոկոս, բայց այն մեծամասնականի հաշվին զբաղեցնում է մեծամասնությունը: Սա նշանակում է, որ այս պառլամենտը չի արտահայտում իրական պատկերը` տեսնելու պառլամենտում այն ուժերին, որոնք ի վիճակի են ծրագրեր կյանքի կոչել: Սահմանադրական փոփոխություններով` այս վիճակը փոխվում է, քանի որ վերանում է մեծամասնական ընտրակարգը»,- ասաց պատգամավորը:

Նա բացատրեց, թե ինչով են հիմնականում տարբերվում միմյանցից նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերը:

«Մեկ հարցում է միայն դրանց տարբերությունը` ով է ձևավորում գործադիր իշխանությունը: Նախագահական համակարգի ժամանակ գործադիր իշխանությանը ձևավորում է նախագահը, կիսանախագահականի ժամանակ` նախագահը` իբր հաշվի առնելով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը, իսկ խորհրդարանական կառավարման ժամանակ գործադիր իշխանությունը ձևավորում է միայն խորհրդարանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը տվել է իր արդյունքները շատ երկրներում, որոնք համարվում են զարգացած:

Ըստ պատգամավորի` հարցը, որն այսօր բարձրացվում է, թե` այսօր կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանը կարող է հայտնվել ծանր պայմաններում` փոխելով կառավարման համակարգը, միանշանակ պատասխան ունի` ոչ, որովհետև շատ ավելի երկար ժամանակ պատերազմական դրության մեջ գտնվող Իսրայելը հենց խորհրդարանական կառավարման ձևն ունի, և երբեք Իսրայելի պաշտպանունակության և անվտանգության հարցը ոչ ոք դեռ կասկածի տակ չի դրել:

«Գերագույն հրամանատարի գործառույթը պատերազմի ժամանակ փոխանցվում է վարչապետին, խաղաղ պայմաններում բանակի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ միասին: Նոր համակարգով` առաջարկվում է բարձրացնել անվտանգության խորհրդի դերը, որի սահմանած կանոնների ներքո աշխատելու է թե’ պաշտպանության նախարարը, թե’ բանակը»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է մեկ այլ մտահոգությանը, թե ԵՏՄ-ում պետության նախագահներն են միմյանց հետ հանդիպում, և խորհրդարանական կառավարման դեպքում ո՞վ է գնալու այդ հանդիպումներին, նա ասաց, որ Հայաստանից այդ հանդիպումներին կարող է մասնակցել վարչապետը, ով, ի դեպ, չի կարողանալու միանգամից կամ հանկարծակի որոշումներ կայացնել` առանց քննարկելու իր ընտրողների հետ, առանց խորհրդակցելու խորհրդարանի հետ, ինչպես ականատես ենք եղել գործող կառավարման համակարգի դեպքում:

«Սա նշանակում է, որ մենք ունենում ենք շատ ավելի լավ և արդյունավետ կառավարման ձև, երբ ցանկացած անձ, ով ներկայացնում է Հայաստանը, չի կարող ինքնուրույն որոշում կայացնել` առանց հաշվի առնելու խորհրդարանի ու ժողովրդի կարծիքը: Ցանկացած ժամանակ այդ անձը, որը ներկայացնում է Հայաստանը` լինի վարչապետը, նախագահը, թե` դեսպանը, հաշվետու է լինելու: Մինչդեռ` այսօր ունենք մի համակարգ, երբ նախագահը, ընտրվելով հինգ տարի ժամկետով, որևէ մեկի առաջ պատասխանատու չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` գործող Սահմանադրությամբ` չունենք այն անձին, ով պատասխանատու է ազատ ընտրություններ անցկացնելու համար, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո այդ պատասխանատու մարմինը դառնալու է ԿԸՀ-ն: Քաղաքական կուսակցությունները չպետք է մտնեն քաղաքական վարչարարության մեջ, դա կուսակցության խնդիրը չէ, վարչարարությունը պետական գործառույթ է, իսկ կուսակցականը պետք է հսկի, որ այդ վարչարարությունը ճիշտ աշխատի:

Սահմանադրական փոփոխություններով, Արծվիկ Մինասյանի խոսքով, իշխանությունը մշտապես զգալու է ընդդիմության շունչը, ինչը չէր կարողանում ապահովել գործող Սահմանադրությունը, և ինչի արդյունքում էլ իշխանության գործողությունները դարձել էին կամայական, չվերահսկվող ու սանձարձակ: Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ ժողովուրդը կարևոր որոշումների ընդունման մասնակից է դառնում:

Վերջում Արծվիկ Մինասյանը խոսեց պետականության նկատմամբ հարգանքի կարևորության մասին, առանց որի երկիրը չի կարող զարգանալ: Նրա խոսքով` գնում ենք շատ լուրջ և արմատական փոփոխությունների, որի կարիքը մեր երկրում վաղուց էր զգացվում:

Տպել Տպել