ՀՅԴ-ն այնքան անփոփոխ չի մնում, որ հնանա ու անպետքանա, բայց նաև այնքան չի փոխվում, որ դառնա հեղհեղուկ

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի ելույթը Նոյեմբերի 28-ին Կիպրոսում կայացած ՀՅԴ 125-ամյակի տոնակատարությանը.

FotorCreated«Սիրելի հայրենակիցներ

Այս օրերին մեր մեծ ընտանիքը՝ ՀՅ Դաշնակցությունը, 125-րդ անգամ աշխարհի ամենատարբեր կետերում ուր գործում է մեր կառույցը նշում է իր տոնը՝ ԴԱՇՆԱԿԱՑԱԿԱՆԻ տոնը, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ օրը:

Մենք՝ դաշնակցականներս, այս օրը համարելով տոնակատարություն, բարձրաձայնում ենք նաև, որ այն լոկ տոնակատարություն չէ, այլ՝ հաշվետվության օր: Սա հատուկ է միայն մեզ, մեր հաշվետու տեսակին, որրովհետև մենք հաշվետու ենք ոչ միյան ինքներս մեզ, մեր կառույցին ու ժողովներին, ոչ միայն մեր կանոնագրի առջև, այլև հաշվետու ենք հենց ժողովրդի ու մեր խղճի առջև:

ՀՅԴ օրվան նվիրված միջոցառումներն ավանդաբար զերծ են եղել զուտ կուսակցական ընկալումից: Մենք այն միշտ վերածել ենք հայրենասիրական ոգու բարձարացման յուրօրինակ տոնի և այդ տոնը նվիրել ժողովրդին: Եվ ինչպես մեծն դաշնակցական Ռուբեն Տեր-Միանասյանն է ասել. «Դաշնակցության տեսաբանը ժողովուրդն է: Մեր ծրագիրը հարմարեցնում ենք ժողովրդին և ոչ թե ժողովրդին մեր ծրագրին»: Այդպես են գործել թշնամի կայսրություններում, այդպես են գործել անկախ Հայաստանում, Արցախում և սփյուռքում հարյուր տարի և ավելի, այդպես են գործում հիմա. Գործում ենք հանուն հայ ժողովրդի լինելիության:

1890 թվականին հայ ժողովուրդը հիմնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ համախմբի մեր ազատության երթը: Գործեցինք ընդհատակում, գործեցինք հանուն մեր ժողովրդի ազատ-անկախ ապրելու իրավունքի, զենք վերցրինք, ազգային-ազատագրական պայքար մղեցինք: Մենք արաջնորդեցինք 1918 թ. Մայիսյան հերոսամարտը և հայրենի հողի վրա կերտեցինք Հայաստանի անկախ Հանրապետությունը:

Հայության կամքով ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետության պատասխանատվությունը: Ավելին, Հայոց կորուսյալ հողերին տեր կանգնելու նպատակով՝ 1917թ-ին ՀՅԴ-ն ստեղծեց Արցախի ինքնիշխան կառավարությունը, որը ժողովրդի հետ միասին մինչև 1920թ. անխաթար պահեց Արցախի սահմանները:

Այդ օրերին էր, որ ՀՅԴ Արցախի «Ապառաժի» Կենտրոնական Կոմիտեն հատուկ կոչով դիմեց բնակչությանը և քաղաքական ուժերին, որում ասվում էր. «Նեցուկ լինել նոր կառավարությանը և պատրաստ լինել ինքնազոհությամբ նվաճված ազատությունը ամրապնդելու: Պետք է լռեն կուսակցական տարաձայնությունները, խմբվել, խտացնել շարքերը՝ դիմադրելու համար հակահեղափոխական փորձերին»:

1920թ. Դեկտեմբերի 2-ին, հավատարիմ հայրենիքի գոյության համար պայքարելու իր ուխտին, ՀՅԴ-ն կամավոր հրաժարվեց իշխանությունից՝ գերադասելով հայրենիքի ֆիզիկական անվտանգությունը և դարձավ վտարանդի, գործեց Սփյուռքում՝ հայրենիքի անկախության գաղափարի շուրջ համախմբելով հայությանը՝ ստեղծելով կրթական, մշակութային, մարզական, բարեգործական, երիտասարդական միություններ, հոգալով սերունդների հայեցի դաստիարակության գործը:

ՀՅԴ-ն Գործելով աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ միշտ վեր է պահել եռագույնը՝ երիտասարդության սրտում պահելով Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու, Ազատ Անկախ Միացյալ Հայաստան կերտելու գաղափարը: Այս կերպ էր ՀՅԴ-ն Սփյուռքում զինվորագրում հայության դատի նվիրյալներին, ովքեր հետագայում պիտի հերոսանային Հայաստանում ու Արցախում:

Այսօր ՀՅԴ-ն ՀՀ իշխանության հետ համագործակցաբար, իսկ ԼՂՀ-ում որպես իշխանություն, փորձում է մասնակիցը լինել յուրաքանչուր հայի համար ապահով, արդար ու շեն տուն հիմնելու գործին:

Հայաստանի և Արցախի հզորացումն ու ամրապնդումը մեր գերխնդիրն է: Հայական հզոր պետականությունը միակ միջոցն է հայ ժողովրդի անվտանգ գոյության, զարգացման և ազգային երազների իրականացման համար:

ՀՅԴ-ն Արցախում գործում է դեռևս 1989թ-ից սկսած , գործել ենք ընդհատակում, ստեղծելով մարտական խմբեր, ինքնակազմակերպել մեր ժողովրդին: 1991 թ-ին հավատարիմ լինելով ազգային-ազատագրական պայքարին՝ մի կողմից ստանձնել էինք պատասխանատվություն ԼՂՀ պետականաշինության գործին՝ ակտիվ դերակատարություն ունենալով անկախության հանրաքվեի անցկացմանը և առաջին Գերագույն խորհրդի ընտրություններին, մյուս կողմից՝ մեր կազմավորած ջոկատները մարտնչում էին Գետաշենում, Շահումյանում, Արցախի մյուս շրջաններում:

Պատիվ է միայն, որ Դաշնակցությունը իր գործունեության նոր շրջանը սկսել է Արցախով և Արցախի ազատագրական պայքարով՝ անմնացորդ նվիրվելով Արցախին, սկսել է հաղթական պայքարով ու ազատագրված հայրենիքի վերակերտումով:

Արցախի ազատագրումը Դաշանակցության համար եղել և մնում է Հայ Դատի՝ ամբողջական հայությամբ՝ ամբողջական Հայաստանի կերտման անբաժան մասնիկը, այլ կերպ ասած Արցախը հայ դատի փորձաքարն է:

Այսօր մենք համայն հայության ներուժով՝ գործում ենք Աստվածային խոյանքով վերանվաճած մեր Արցախ պետության իրավական անկախությունը կերտելու և միջազգային ճանաչմանը հասնելու համար, աշխարհասփյուռ կառույցներով և ազգային գաղափարական հզոր հենքով համայն հայությանը համախմբում ենք Արցախի շուրջ՝ Արցախի պետականությանը սպառնացող և օրեցօր ահագնացող վտանգը չեզոքացնելու համար:
Այսօր մենք բոլորս տեսնում ենք ու զգում թե ինչպես է հոխորտում թշնամին՝ փորձելով վախ սփռել մեր մեջ, բայց միևնույն ժամանակ ականտեսն ու վկան ենք մեր նորորյա սերունդի՝ հայոց բանակի այսօրվա զինվորի սխրագործությանը ու անկոտրում կամքին: Հավաստիացնում եմ ձեզ՝ հայ զինվորը հպարտ ու մարտունակ է, հայ զինվորն ունակ է անառիկ պահելու մեր սահմանները, իսկ մեր հայրենակիցները՝ ահել թե ջահել, կին թե տղամարդ, շարունակելու են ապրել ու արարել իրենց հայրենի հողում: Մենք արցախցիներս մեր հողի ու ջրի պատվո պահակներն ենք ու մեր հողում ապրելը մեր պատիվն ու կյանքն է:

Վերջին տասնամյակներում ՀՅԴ-ն գործելով Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եղել է թե իշխանություն և թե ընդիմություն: Ինչպես անփոփոխ է մեր տեսակը, այնպես էլ չփոխվեց այդ տասնամյակներում մեր նպատակը՝ գործել հանուն վաղվա ապագայի, հանուն միացյալ և անկախ Հայաստանի:

2012թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն քաղաքական որոշում է կայացրել՝ սատարել ԼՂՀ գործող նախագահին՝ այդպիսով կրելով քաղաքական պատասխանատվություն: ՀՅԴ Արցախի կառույցի իշխանություն լինելու քաղաքական որոշումը շահադիտական չէ կամ անձին ուղված որոշում չէ, այն ելնում է մեր ժողովրդի և մեր պետականության շահից՝ հայ ժողովրդի առջև ստանձնած մեր պատասխանատվությունից:

Ոչինչ չի խոստանում Դաշնակցությունը իր անդամներին՝ ո՛չ դիրք, ո՛չ պատիվ, ո՛չ գանձ և ո՛չ էլ հանգիստ: Եթե երբեմն հասցնում է քաղաքական բարձր դիրքի, միմիայն նրա համար, որ կատարի դաշնակցական պարտականություն: Երեկ պարզ զինվոր էիր կամ խմբապետ, այսօր դառնում ես նախարար, բայց չես դադարում մնալ դաշնակցական, ենթակա ՀՅԴ Ծրագրին և Կանոնագրին։ Ու երբ նկատում է թե նոր դիրքում դու փորձում ես մտածել ու գործել որպես ոչ դաշնակցական, նա քեզ գահավիժում է չարաչար, առանց նայելու հռչակիդ ու դիրքիդ: Շատերս լսել ու տեսել ենք հայտնի անուններ, որ ստեղծել է Դաշնակցությունը և գահավեժ անկումներ, որը ստեղծել է նույն Դաշնակցությունը՝ նույն մարդկանց համար։ Սա իմ խոսքերը չեն այլ մեծանուն դաշնակցական Նիկոլ Աղբալյանի:

Սիրելի ընկերներ,

Դաշնակցականը միայնակ ասպետ չէ պայքարի դաշտում: Դաշնակցականները իրենց գիտակցական և բարոյական կողմերով մոտավորապես նման են իրար, այս հենքի վրա ամեն մի դաշնակցական իր նկարն է գործում գորգի զարդերի նման, տարբեր են գույները, նկարն ու դասավորությունը, տարբեր է մեծությունը, բայց նույնն է հենքը, և բոլորն էլ գորգ են:

Մենք հեղափոխական ենք և հեղափոխականությունը Դաշնակցության անվան անբաժան մասն է: Այն ինքնանպատակ չէ, այլ՝ պայքարի ձև: Սակայն եղել են շրջաններ, որ ՀՅԴ-ն եղել է բարեփոխիչ ու խաղաղ կազմակերպություն: Շատերը այս կերպարանափոխությունը փորձում են որակել որպես անսկզբունքայնություն, մինչդեռ մենք ուժեղ ենք և ազատ ամեն կարգի նախապաշարումներից:

Մենք սոցիալիստներ ենք և արդար հասարակարգի ձգտողներ: Սոցիալիզմը հայ մարդու ինքնագիտակցության մեջ է, և մենք կերտելու ենք այն: Բայց նաև պնդում ենք, որ սոցիալիստական իդեալը անիրականանալի է առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց սոցիալիզմի:

Այս զուգահեռ պայքարները մղվում են ժողովրդավարական միջոցներով, իսկ ժողովրդավարության խափանման պարագայում՝ նաեւ հեղափոխությամբ:

ՀՅ Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման:

Ահա այն տեսլականը, որով արդեն 125 տարի առաջնորվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Ունենալով 125 տարվա քաղաքական պաշար, գաղափարական ամուր հենք եւ ազգի ու պետականության հզորացման հստակ տեսլական՝ մենք՝ դաշնակցականներս, հենց այս կերպ ենք պատկերացնում Արցախի ու Հայաստանի համատեղ ապագան:

Սիրելի հայրենակիցներ,
խոսքիս այս մասում առնաձնահատուկ ցանակնում եմ դիմել ձեզ, այսօր Հայաստանն ու Արցախը առավել քան երբեևէ ձեր աջակցության, օգնության և որ ամենակարևորն է ներկայության կարիքն ունեն, ներկայություն ոչ միայն հոգևոր, այլև գործուն ու ֆիզիկական: Իզուր չէ, որ ՀՅԴ ամենագործուն և դեռևս ակտուալ կարգախոսներից է «ԴԵՊԻ ԵՐԿԻՐ» տեսալական-կարգախոսը, մեր հայրենակիցները, որոնք ապրում են Հայաստանում ու Արցախում ձեր կարինք ունեն՝ ձեր արհեստին ու արվեստին տիրապետելու փորձին, ձեր առևտրային հմտությունների, ձեր միջազգային կապերի, ձեր բանիմացության ու կրթության, ձեր հայրենիքը սիրելուն ու նվիրվելուն: Այնպես որ, հայրենիքը սպասում է ձեզ, իսկ հայրենասիրությունը շատ կոնկրետ է և նախևառաջ գործ:
Արցախում արդեն մշակում ենք կոնկրետ ծրագրեր, հնարավորություն ընձեռնելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին չբնակվելով Արցախում, մասնակցեն Արցախի հզորացման գործին, ոչ միայն նվիրատվությամբ, այլև գործարարությամբ:

Հարգելի հայրենակիցներ,
ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատել է իր դերակատարումն Արցախի Հանրապետության ազգային, քաղաքական և հասարակական կյանքում՝ հաստատելով, որ.

– շարունակելու է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը,

– համախմբելու է համայն հայության ներուժը Արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական և ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար,

– հետամուտ է լինելու ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը,

– գերակա խնդիր է համարելու համահայկական ճիգերով ԼՂՀ վերաբնակեցումը և բնակչության էական աճը,

– ապահովելու է Դաշնակցության ներդրումը ԼՂՀ տնտեսական և սոցիալական զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ռազամավարական ծրագրերի մշակման և իրագործման գործընթացներում,

– սատար է լինելու Արցախի իշխանության՝ Արցախի կրթական, մշակութային, առևտրային ներկայացուցչություններ բարեկամ երկրներում հիմնելու նախաձեռնությանը:

Ինչպես գիտեք, վերջերս Արցախում խորհրդարանական ընտրություններ էին, որի արդյունքում վերահաստատվեց, որ Դաշնակցությունն Արցախում ունի գաղափարակիրների հոծ զանգված՝ ՀՅԴ-ն Արցախում երկրորդ քաղաքական ուժն է, որի էլ ավելի կայացման ու հզորացման դերում գործ ունի արդեն ՀՅԴ համահայկական կառույցը, գործ ունեք դուք սիրելի ընկերներ, գործ ունենք բոլորս:

ՀՅԴ Արցախի «Ապառաժ»-ի կառույցը ժողովրդական հանդիպումներում բարձրաձայնել ու բարձրաձայնում է, որ ՀՅԴ-ն ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Լիբանանում, Քուվեյթում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ավելի քան 30 երկրներում գործելու է հանուն Արցախի հզորացման՝ իր շուրջը համախմբելով աշխարհասփյուռ հայությանը:

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ մենք կարող ենք ակնկալել, որ ազգը երբևէ կհասնի այն գիտակցությանը, թե Դաշնակցությունը պատմական ազդակ է հայ իրականության մեջ և իր գիտակցության չափով նյութապես կնպաստի ՀՅԴ գոյությանը և գործին: ՀՅԴ-ն ավանդապահ կուսակցություն է և այդ ավանդության մեջ է իր միության և նույնության գաղտնիքը: Նա այնքան անփոփոխ չի մնում, որ հնանա ու անպետքանա հանրային կյանքի ղեկավարության համար, բայց նաև այնքան չի փոխվում, որ դառնա հեղհեղուկ: Նա իր բնույթով մնում է նույնը, բայց հարմարվում է կյանքին:
Սիրել հայրենակիցներ կրկին շնորհավորում եմ բոլորիս ՀՅԴ 125-ամյակի կապակցությամբ, մենք կբոլորենք բազում ամյակներ հանուն Ազատ, Անկախ, Միացյալ Հայասատանի:

Փառք նրանց ովքեր 125 պատասխանատու տարիներ ապրել են այս տեսլականով, հազար փառք նրանց ովքեր իրենց կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում այսուհետ կկառուցեն հանուն Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի»:

aparaj.am

Տպել Տպել