Եկեք փորձենք դուրս գալ այս փոսից

FotorCreated ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունները բացառիկ հնարավորություն են ստեղծում դուրս բերել երկիրը «փոսից»։

-Ոմանք սահմանադրական փոփոխություններին իրենց դեմ լինելը պայմանավորում են այն հանգամանքով, որ դրանք իշխանությունն է նախաձեռնել: Բայց երեւի նրանք չգիտեն (կամ էլ կանխամտածված են դա ասում), որ գործող սահմանադրությամբ, բացի հանրապետության նախագահից եւ ԱԺ-ից, ուրիշ որեւէ սուբյեկտ իրավունք չունի նախաձեռնել սահմանադրության փոփոխություններ:

Այլ կերպ ասած, երբ իշխանություններն իրենց լիազորությունն են իրացնում, ոչ թե պետք է մեղադրել նրանց, այլ փորձել ներգրավվել այդ աշխատանքներին եւ ավելին պահանջել փոփոխությունների խորքային, ծավալային եւ այլ առումներով: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իրեն իրացված զգա այս փոփոխությունների համատեքստում:

Չէ՞ որ փոփոխված փաստաթղթով հնարավորություն է տրվում սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնության իրավունք վերապահել քաղաքացիներին, հանրությանը:

-Ոմանց կարծիքով, ոչ թե սահմանադրությունը, այլ իշխանության գործելակերպն է անհրաժեշտ փոխել:

-Իհարկե, դեմ քվեարկողների մի մասն իր այդ քայլը պատճառաբանում է իշխանությունների վարած քաղաքականությունը չընդունելու հանգամանքով: Հասարակության մի զգալի մասը աղքատության մեջ է, օտարված է, ստիպված արտագաղթում է: Մենք դա շատ լավ գիտենք, բայց նաեւ համոզված ենք, որ այդ ամենի հիմնական պատճառները թաքնված են պետության անարդյունավետ կառավարման մեջ: Ու եթե սա բոլորս ընդունենք, կկարողանանք նաեւ ելք գտնել:

Ոմանք էլ ասում են իշխանություններին՝ ավելի լավ է դուք փոխվեք, իսկ փոփոխման իրական մեխանիզմը սա է: Քաղաքացիական անհնազանդության, փողոցներ լցվելու կոչեր են անում, որի դեպքում, ըստ նրանց, իշխանությունը կհեռանա: Լավ, 25 տարվա փորձը ցույց չտվե՞ց, որ փողոց լցվելով՝ իշխանությունը չի հեռանում, հակառակը, «մարտի 1» է լինում:

Բոլորս, առաջին հերթին իշխանության մեղավորության պատճառով, փոսի մեջ ենք, բայց հիմա իշխանությունը եւ քաղաքական ուժերի մի մասն ասում է՝ եկեք փորձենք դուրս գալ այս փոսից: «Ոչ» ասողների մի մասն ասում է՝ չէ, մերժեք այդ առաջարկը: Բայց որ մերժես, փոսի մեջ ես մնալու, այլ տարբերակ չունես:

-Խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում շատ կարեւոր է կուսակցությունների կայացվածությունը, առկա համակարգով պատրա՞ստ ենք գնալ ընտրության:

-Գոյություն ունեցող կուսակցական համակարգով չենք կարող պատրաստ լինել շատ պարզ պատճառով. այսօր կուսակցություններն առնվազն երկու առումով խնդիրներ ունեն:

Առաջինը նրանց ներքին ժողովրդավարությունն է, երկրորդը՝ ֆինանսավորման խնդիրը: Այսօր, ցավոք, մեր քաղաքական ուժերի գաղափարախոսությունները ստորադասվել են ֆինանսավորման եւ ներքին ժողովրդավարության համակարգին: Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով՝ նախագիծն առաջարկում է համապատասխան լուծումներ:

Օրինակ, Գերմանիայում կուսակցությունների 65 տոկոսը պետական բյուջեից է սնվում: Տրամաբանությունը հետեւյալն է. եթե կուսակցություն ես ու ծառայություն ես մատուցում հանրությանը, ուրեմն նրա միասնական փողից պիտի ստանաս որոշակի վճար, բայց նաեւ պարտավորված լինես հաշվետվություն ներկայացնել: Եվ հանրաքվեից հետո մեր հրատապ խնդիրը պետք է լինի կուսակցությունների մասին օրենքի, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի մշակումն ու ընդունումը:

-Իսկ եթե այս սահմանադրությունն էլ պարզապես մնա թղթի վրա:

-Ես նման մտածելակերպը անվանում եմ իրավական նիհիլիզմ։ Եթե նման պնդումներ անողները ուսումնասիրեն սահմանադրական նորմերը, ապա կհամոզվեն, որ այս փոփոխությունները պարտադրում են ցանկացածին՝ անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելուց, գործել:

-Օրերս վարչապետ, ՀՀԿ քարոզարշավի շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Շիրակի մարզում հանրաքվեին կողմ կլինի մոտավորապես 30 տոկոսը: Կարելի՞ է ասել, որ այդ թիվը կարող է դառնալ ուղղորդող:

-Դա իրեն պետք է հարցնեք: Իսկ ես կխոսեմ քարոզարշավից ստացած իմ տպավորությունների մասին: Հանդիպելով, խոսելով մարդկանց հետ՝ զգում եմ, որ բացասաբար են տրամադրված, բայց երբ սկսում եմ բացատրել փոփոխությունները, մեծամասնությունը փոխվում է, արդեն ամբողջությամբ կամ գոնե մասնակիորեն ըմբռնում է, թե ինչ է տեղի ունենում, հասկանում է, որ կարելի է դուրս գալ այդ անհուսության վիճակից:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

armworld.am

Տպել Տպել