ԿԲ-ն պետք է պայքարի ապօրինի փողերը դուրս բերելու դեմ

FotorCreated– Պարոն Մինասյան, Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ի՞նչ է նշանակում այս երևույթը:

– Պետք է բացվի, թե ինչ է նշանակում «անօրինական կերպով գումարի դուրսբերում» արտահայտությունը: Գումարի ծագո՞ւմն է ապօրինի, թե՞ դուրսբերումն է ապօրինի: Դա շատ բարդ գնահատվող երևույթ է, ես այդ կազմակերպության մեթոդաբանությանը ծանոթ չեմ: Բայց եթե նման հայտարարություն կա, դա նշանակում է, որ համապատասխան իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով: Եթե գումարը ծագմամբ ապօրինի է, դա նշանակում է, որ ներկայացված ձևակերպման մեջ հանցակազմ կա: Չմոռանանք նաև, որ Հայաստանն ապօրինի ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի անդամ է և բացի այդ՝ իրականացնում է շատ կոշտ վերահսկողություն: Դա նաև նշանակում է, որ Կենտրոնական բանկը նույնպես պետք է ներգրավվի այդ գործընթացի մեջ:

– Իսկ Հայաստանի տնտեսության համար այդքան գումարների արտահանումը, թեկուզ տասը տարվա ընթացքում, ի՞նչ է նշանակում:

– Իսկապես, գումարի մեծությունը նման արտահայտությամբ պետք է ճշգրտվի: Քանի դեռ չի ճշգրտվել, ես ինձ իրավունք չեմ վերապահում դա համարել հավաստի:

– Անկախ այդ կազմակերպության հայտարարությունից, Հայաստանից մեծ քանակությամբ գումար է դուրս գալիս:

– Անկախ դրանից չի կարող լինել, որովհետև գումարի մեծությունը պայմանավորված է Հայաստանի տնտեսական վիճակով: Ես անպատասխանատու հայտարարություններ անելու իրավունք չունեմ: Այնուամենայնիվ, ներկայումս Հայաստանում ներդրված բազմաթիվ սխեմաներ ուղղակի բացառում են նման կարգի գումարի առաջացումը, առավել ևս՝ արտահանման շղթայի գործունեությունը: Բայց եթե իսկապես կան այդպիսի դեպքեր, դա նշանակում է, որ մեր տնտեսությունը չափազանց խոցելի է այդ առումով: Թեև շատ երկրներ նույնիսկ թույլ են տալիս, որ ապօրինի գումարներ առաջանան, բայց ներդրվեն տնտեսության մեջ: Այդպիսի երկրները հատկապես նրանք են, որոնք տուժել են պատերազմական գործողությունների և այլ դրսևորումների արդյունքում, բայց որոշակի ժամանակահատված թողնում են, որ այդ գումարը մնա այդ երկրում ու ծառայի նոր տնտեսական ձեռքբերումների համար: Որպես պետություն՝ մենք իրավունք չունենք կտրուկ սահմանափակումներ դնել դրա դեմ, բայց շատ կարևոր է, որ այդ գումարների շրջանառությունն արդեն օրինական լինի: Եթե անգամ չգրանցված գումար է Հայաստան գալիս, շատ կարևոր է, որ այն ծառայի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Եթե չի ծառայել և դուրս է եկել, նշանակում է, որ դրա դեմ պետք է կտրուկ պայքար մղվի:

– Ամեն դեպքում Հայաստանի քաղաքական շրջանակներում էլ տարիներ շարունակ բարձրաձայնվել է հարցը, որ մեր երկրից մեծ չափի գումար է դուրս տարվում, փոխանակ այստեղ ներդրվելու: Գործարարների մեջ էլ քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց բիզնեսն ու գումարներն այլ երկիր են տեղափոխում: Ո՞րն է նման դրսևորումների պատճառը:

– Եթե հարցադրումն այդ կոնտեքստում է արվում, այսինքն՝ կապիտալի արտահանման սխեմաներում ինչն է Հայաստանում առկա խնդիրը, ապա դրանք բազմաթիվ են: Դրանցից առաջինը ներդրումների պաշտպանության ոչ բավարար համակարգի առկայությունն է, երկրորդը՝ մենաշնորհային տնտեսության վիճակն է, երրորդը՝ որպես օբյեկտիվ հանգամանք, Հայաստանի շուկայի փակ և փոքր լինելն է: Եվ վերջապես չորրորդ հիմնական խնդիրը միջազգային զարգացումներում առավել նախընտրելի ոլորտների առկայությունն է որպես օբյեկտիվ պատճառ: Եթե դու կարող ես միավոր կապիտալով ստանալ ավելի շատ եկամուտ Ռուսաստանում, Վրաստանում կամ եվրոպական երկրներում ներդրում անելով, քան Հայաստանում ներդնելով, կապիտալի արտահոսքը օբյեկտիվորեն սկսում է հիմնավորվել: Եթե անգամ այլ պատճառ չկա, Հայաստանի պարագայում կան այդ խնդիրները:

Տպել Տպել