Հայաստանը եւ Արցախը իրական պատերազմի մեջ են

FotorCreatedՆախօրեին Արցախում էր ՀՅ Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ ներկա մարտահրավերների շուրջ «Ապառաժ»-ի թղթակիցը զրուցել է Արմեն Ռուստամյանի հետ:

– Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը շարունակվում է մնալ լարված, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էլ ինտենսիվ կրակոցները սահմանի ողջ երկայնքով շարունակվում են: Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը:

– Նախ պետք է արձանագրել, որ այսօր սահմանին ոչ թե հրադադարի ռեժիմի խախտումներ են սոսկ, այլ, ըստ էության, տեղի է ունենում չհայտարարված պատերազմ, որովհետեւ այն ինտենսիվությունը, որը մենք նկատում ենք հրադադարի խախտումների առումով եւ հայ զինվորների կորուստները, որոնց մասին գրեթե միշտ լսում ենք, խոսում են ամբողջ բաժանարար գծի երկայնքով սկսված ռազմական գործողությունների մասին:

Ներկա իրավիճակն ունի մի քանի պատճառներ: Նախ՝ չեմ բացառում, որ վերջին սրացումները կապ ունեն Թուրքիայի հետ, որովհետեւ այն լարվածությունը, որն առաջացել է ռուս-թուրքական հարաբերություններում, Դավութողլուի՝ հանպատրաստից այցը Բաքու, որից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածությունը նոր թափ սկսեց ստանալ, խոսում են այն մասին, որ Թուրքիան որոշել է ասիմետրիկ հարվածով կանխարգելել Ռուսաստանի հնարավոր հարվածներն իր նկատմամբ, ուշադրություն շեղել իրենից: Սա մի բացատրություն է, իսկ ընդհանուր ֆոնը, որը միշտ գոյություն է ունեցել, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ըստ էության, չի ուզում խաղաղ բանակցությունների գործընթացը շարունակել: Նա այդ մասին բացեիբաց չի հայտարարում, բայց իրականում փորձում է հարցը լուծել իրեն հատուկ՝ ուժային մեթոդներով, պատերազմ հրահրելով, փորձելով այդ կերպ բանակցությունների վրա ազդել:

Բացի դրանից, ստեղծված իրավիճակին նպաստում են միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում տեղի ունեցող զարգացումները. այնտեղ պատրաստվում է ընդունվել հակահայկական բանձեւ, ինչը չափազանց ոգեւորել է Ադրբեջանին: Այդ բանաձեւը ոչ միայն միակողմանի է, այլ, կարելի է ասել, մելի մեջլիսի հայտարարություն է, որովհետեւ ամբողջությամբ արտահայտում է Ադրբեջանի մոտեցումները՝ հիմնախնդրի կարգավորման հետ կապված: Բնականաբար, եթե ԵԽԽՎ-ն ընդունի դա, կդառնա Ադրբեջանի հակահայկական քարոզչության ձեռքում որպես գործիք: Սա ակնհայտ մարտահրավեր է, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա կանխվի:

Այն լոբբինգը, որն Ադրբեջանն իրականացնում է, օգտագործելով իր նավթադոլարները, Եվրոպայի խորհուրդը վեր են ածել այնպիսի մի հարթակի, որտեղ Ադրբեջանը թելադրում է իր կամքը:

– Ի՞նչ մեթոդներ պետք է կիրառել նման զեկույցների ընդունումը կանխելու եւ ընդհանրապես ադրբեջանական լոբբինգին հակադարձելու համար:

– Մենք զուգահեռ երկու բան պետք է անենք, առաջին հերթին՝ ինքներս գիտակցենք, որ իրականում գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Պարզ խոսքով ասած՝ մենք պետք է գործենք ռազմական դրությանը համապատասխան ռեժիմով. սա նշանակում է՝ մաքսիմալ մոբիլիզացիա մեր ներսում, որպեսզի մեր պաշտպանվածությունն ինքներս ապահովենք: Բոլոր նրանք ովքեր չեն հասկացել այս վտանգը, պետք է գիտակցեն, որ իրականում պատերազմի մեջ են ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Բոլոր մնացած հարցերը, որոնք կարող են մեր ներսում տարաձայնություններ ու պառակտումներ առաջացնել, պետք է մի կողմ դրվեն եւ հասկանանք, որ ունենք մեկ ընդհանուր գործ՝ պաշտպանել մեր սահմանները եւ այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անկախության վերջին տարիներին:

Երկրորդ՝ մենք պետք է բարեփոխենք մեր ներքաղաքական կյանքը, դարձնենք մեր երկիրն ավելի հզոր՝ ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների, արդարության սկզբունքների պահպանմամբ: Այդ գործընթացը Հայաստանում արդեն սկսվել է՝ կապված նոր Սահմանադրության ընդունման հետ: Այդ ամենը պետք է արագ թափով, լուրջ ծրագրերով իրականացվի, որ օր առաջ այսօրվա մեր դե ֆակտո իրավիճակը համապատասխանեցնենք դե յուրե արդեն գործող սահմանադրական կարգին:

Միս ու արյուն պետք է տրվի այն Սահմանադրությանը, որը լավ նախադրյալներ է ստեղծում՝ երկրում արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Մենք պետք է լավ հասկանանք, որ մեր հույսը պիտի դնենք մեր ուժերի վրա, մեր ողջ ռեսուրսը մեր ձեռքով ստեղծելու վրա:

Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է արտաքին քաղաքականության ոլորտում նոր ռազմավարության իրականացում, որպեսզի չկրկնենք անցյալի պատմության դառը դասերը: Ես պարզ խոսքով ասում եմ՝ մեր 42 հազար քառակուսի կիլոմետրը մենք ըստ արժանվույն, ի շահ մեր նպատակների եւ մեր՝ ինքնաբավության մակարդակի բարձրացման չենք կարողացել օգտագործել : Պետք է հենվենք մեր ներուժին եւ ամրանանք:

aparaj.am

Տպել Տպել