ՀՅԴ և քուրդ երիտասարդները Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են անցկացրել

yerkirԼոս Անջելեսում հայ և քուրդ երիտասարդները բողոցի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ դատապարտելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ շարունակվող հալածանքներն ու Անկարայի որդեգրած ծայրահեղական քաղաքականությունը:

Քրդական «Ռոժավա» զորակցության մարմնի և Հայ Յեղափոխական Դաշնակցության համատեղ ջանքերով կազմակերպված ցույցի ընթացքում հատկապես դատապարտվել է մարդու իրավունքների քուրդ պաշտպան Թահիր Էլչիի սպանությունը: Երիտասարդները Էլչիի սպանությունը համեմատել են «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ:

«Բոլորս Հրա՛նտ ենք», «Բոլորս Էլչի՛ ենք» և «Բոլորս այստեղ ենք» վանկարկող ցուցարարները պարզել են Հրանտ Դինքի, 2011 թվականի ապրիլ 24-ին Թուրքիայի բանակում սպանված Սևակ Բալըքչըի, Թահիր Էլչիի եւ Թուրքիայի իշխանության այլ զոհերի լուսանկարները և մեկ վայրկյան լռությամբ հարգել նրանց հիշատակը:

Ցուցարարները նաև հիշեցրել են Թուրքիայում ներդրումներ չանելու կոչ անող #DivestTurkey արշավի մասին՝ նշելով, որ Անկարան շարունակում է նեցուկ կանգնել ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին:

Հիշեցնենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախումբը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել Տիգրանակերտում իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանության գործով:

asbarez.com

Տպել Տպել