ՀՀ քաղաքացին իր իրավունքները կպաշտպանի

FotorCreated
Երեկվանից մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Սահմանադրական փոփոխությունների նոր նախահիծն սկսել է «գործել» բայց ոչ բոլոր դրույթներով: Հայտնի իրողություն է, որ սահմանադրական փոփոխություններին այո ասող քաղաքական ուժերը մշտապես հայտարարել են, որ այդ փոփոխություններից հետո ՀՀ-ում ակնհայտ ու լուրջ իրավիճակ է փոխվելու, եւ դա զգալու է ՀՀ քաղաքացին: Բայց կարծես թե հանրությունը տեղյակ էլ չէ, որ այդ փոփոխություններն արդեն սկսել են «գործել»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»ի հետ զրույցում նշել է, թե նոր Սահմանադրության որ դրույթներն են արդեն սկսել «գործել» Սահմանադրական փոփոխությունների ջատագով պատգամավորից փորձել ենք պարզել նաեւ, թե երբ է ՀՀ քաղաքացին իր «մաշկի վրա» զգալու այդ փոփոխությունները` դրական առումով:

-Պարո՛ն Մինասյան, քանի որ արդեն սկսել է գործել նոր Սահմանադրությունը, խնդրում եմ` նշեք, թե ո՞ր դրույթներն են կիրառելի դարձել, ու ի՞նչ հերթականությամբ են գործելու այդ փոփոխությունները:

-Իսկապես արդեն ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, համաձայն անցումային դրույթների` սահմանադրական փոփոխությունները ժամկետի առումով 4 հիմնական փուլերի են բաժանվում: Ուժի մեջ է մտնում «Սահմանադրական կարգի հիմունքներ» բաժինը, որտեղ հիմնականում պետության, երկրի Սահմանադրական կարգին առնչվող հոդվածներն են, ինչպես նաեւ այն արժեքային համակարգը, որով պետությունը պետք է կառուցվի, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետությունից զատ, որպես արժեքային կարեւոր սկզբունքներ, ամրագրվում է ընտանիքի պաշտպանության ինստիտուտը, ամրագրվում է դրույթ տնտեսական կարգի վերաբերյալ, որի համաձայն` ՀՀ-ում շուկայական տնտեսության կարգն է հաստատվում, ամրագրվում են մի շարք սկզբունքներ ընտրական իրավունքի, կուսակցության, բազմակարծության, բազմակուսակցական համակարգի ոլորտներում: Ուժի մեջ են մտնում նաեւ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող 2-րդ եւ 3-րդ գլուխները, որտեղ կենտրոնում մարդու արժանապատվությունն է, այլ կերպ ասած` այսօրվանից սկսած ցանկացած բան, որը կհակասի մարդու իրավունքներին ու ազատությանը, որոնց սահմանափակումները նախատեսված չեն Սահմանադրությամբ կամ օրենքի համաձայն, այսօրվանից որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի խոչընդոտ ստեղծել քաղաքացու իրավունքի իրացման համար: Այսինքն` պաշտպանվում են քաղաքացու իրավունքներն անկախ նրանից` պետական մարմինն ունի լիազորություն միջամտելու, թե չունի: 3-րդ գլուխը, որը վերաբերում է սոցիալական, տնտեսական իրավունքներին, նույնպես ուժի մեջ է մտնում, որն էլ նշանակում է, թե այսուհետ ԱԺ-ի եւ գործադիր մարմնի առջեւ պահանջ է դրվում, որպեսզի այդ ուղղություններով ընդունվեն օրենքներ, որոնք կապահովեն մարդու արժանապատիվ գոյությունը, դա էլ վերաբերում է թե՛ նվազագույն աշխատավարձին, թե՛ առողջության պահպանման հարցերին:

-Բայց կարծես ՀՀ քաղաքացին տեղյակ չէ, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինչպե՞ս է պաշտպանելու իր իրավունքները կամ այսուհետ որ Սահմանադրությամբ է առաջնորդվելու: Սա չի նշանակո՞ւմ, որ, իսկապես, ՀՀ քաղաքացուն չեն հետաքրքրում այդ փոփոխությունները: Դրանք գործածելի չեն, քանի որ քաղաքացու համար ամեն ինչ նույնն է:

-Սահմանադրության փոփոխությամբ ուժի մեջ են մտել արդեն քաղաքացուն ու մարդուն վերաբերող դրույթները, սա նշանակում է, որ այս պահից սկսած գործելու են այդ բաժինները, արդեն պաշտոնական տեղեկագիրը հրապարակված է, ու ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին իր իրավունքները կպաշտպանի: Քաղաքացին անվճար էլեկտրոնային տարբերակով կտեղականա այն փոփոխությեւններին, որոնք վերաբերում են անմիջապես իրեն, ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փոփոխություններն ամբողջությամբ հրապարակվելու են մամուլով, որի միջոցով էլ քաղաքացիները տեղյակ կլինեն, ու դրանք իրական կյանքում կդարձնեն գործածելի` պաշտպանելով իրենց իսկ իրավունքները: Քաղաքացին իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքները, որոնք ամրագրվել են Սահմանադրության 2-3-րդ գլուխներում: Ցանկացած պետական մարմին, պաշտոնատար անձ պարտավոր է հիմք ընդունել սահմանադրական փոփոխությունների 2-րդ գլխում ամրագրված իրավունքները: Դրանք գործածելի են լինելու քաղաքացիների համար, դրանք նոր են սկսել իրավական ուժ ստանալ, շատ կարեւոր է, որպեսզի մեր քաղաքացիները ծանոթանան Սահմանադրության գլուխներին, որոնք անմիջապես կապ ունեն իրենց հետ:

-Իսկ երբվանի՞ց ենք տեսնելու սահմանադրական փոփոխությունների «պտուղները» փոփոխություններին կողմ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ Հայաստանում ակնհայտ են լինելու դրանք, ինչպե՞ս ենք զգալու, հասկանալու փոփոխությունների արդյունքը:

-Ես կարծում եմ, որ արդեն դրա արդյունքները կան, նախօրեին ԱԺ-ում քննարկվեց «Վարչական իրավախախտումների» մասին օրինագիծը, որտեղ կատարվեցին փոփոխություններ հօգուտ ՀՀ քաղաքացու. այսուհետ չի կարող վարչական մարմինը առանց քաղաքացուն լսելու, առանց նրա պնդումներն ու պատճառաբանությունները հաշվի առնելու տուգանել: Ես կարծում եմ, որ այդ փոփոխությունների արդյունքներն ակնհայտ են լինելու, քաղաքացին դա անպայման զգալու է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

zhoghovurd.am

Տպել Տպել