Պատերազմ չի սկսվել, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ` առավել եւս

FotorCreatedՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը: Այսինքն` պատերազմ չի սկսվել, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ` առավել եւս: Եվ, առհասարակ, որեւէ կատակլիզմ չկա այդ իրողության մեջ: Իսկ թե ինչն է այս համատարած աղմուկի պատճառը, թերեւս ճիշտ կլիներ հետաքրքրվել աղմուկ անողներից:

Մի՞թե այս աղմուկի պատճառն այն է, որ ՀՀԿ-ն քայլ է արել իր բացարձակ միապետությունը եւ միանձնյա իշխանությունը թուլացնելու ուղղությամբ: Եկեք ընդունենք, որ կոալիցիայի իմաստը նաեւ այն է, որ մեկ քաղաքական ուժ չկրի ողջ իշխանությունն ու պատասխանատվությունը: Հետեւաբար, տեղի ունեցածը տրամաբանորեն չի կարող ռեգրես` հետընթաց համարվել այն իրավիճակից, որ ունեինք մինչեւ վերոնշյալ հայտարարությունը:

Մարդիկ, ովքեր կուրծք են ծեծում, թե Դաշնակցությունը սխալ է վարվում, թե պետք էր այսպես կամ այնպես անել, ավելի լավ կանեն հիշեն, թե երբ է Դաշնակցությունը սրա-նրա ասելով որոշել իր տեղը քաղաքական դաշտում, երբ է վախեցել կամ ընկրկել ճղճղոցներից ու ճնշումներից: Դեռ 90-ականների սկզբին էլ քննադատում էին ՀՅԴ-ին, թեեւ ՀՅԴ-ն ընդդիմություն էր: Բայց դա պատճառ չդարձավ, որ ՀՅԴ-ն դառնա իշխանություն: ՀՅԴ-ն իշխանություն էր 2008-ին` դարձյալ քննադատում էին, բայց այդ քննադատությունը չէր պատճառը, որ 2009-ին կուսակցությունը դուրս եկավ իշխանությունից: Այսինքն՝ այս քաղաքական ուժը քաղաքական որոշումներով է առաջնորդվում եւ ոչ թե վախերով, ինչպես շատ շատերը:

Վերցնենք ամենաթարմ օրինակը` սահմանադրական հանրաքվեն: Բոլորը գիտեին, որ երկրի կառավարման կարգի փոփոխությունը` խորհրդարանական կառավարման անցումը եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրություններով ԱԺ ձեւավորումը ՀՅԴ-ի` տասնամյակներով քարոզած գաղափարներն էին, եւ ՀՅԴ-ն հաստատ լինելու էր «այո»-ի կողմնակից: Չնայած դրան, քննադատում էին ՀՅԴ-ին` «ոչ»-ին չմիանալու համար: Եվ այս դեպքում էլ ՀՅԴ-ն չընկավ պարզունակ պոպուլիզմի գիրկը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ՀՅԴ-ում չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենալու «այո»-ի հաղթանակի դեպքում, եւ թե քննադատության ինչ հեղեղ է թափվելու, ապա չարաչար սխալվում է: Կուսակցությունն այդ քննադատությանն էլ էր պատրաստ: Բայց կարեւորն այս դեպքում առաջընթացի հնարավորությունն էր, որ տալիս է նոր սահմանադրությունը:

Գանք օրվա հայտարարությանը. ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը: Այս կապակցությամբ իրական եւ վիրտուալ Հայաստանում մի այնպիսի աղմուկ է բարձրացել, ասես երկրաշարժ կամ ջրհեղեղ է տեղի ունեցել: Կան նույնիսկ ինքնահրկիզումի դեպքեր, որոնց դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Իսկ հիմա հարցը` ի՞նչ պետք է աներ ՀՅԴ-ն, երբ գրողի ծոցն են ուղարկվել հայ-թուրքական արձանագրությունները, երբ ընդունվել է այն սահմանադրությունը, որի համար պայքարել է 25 տարի շարունակ, երբ կա քաղաքական կյանքը ճենճահոտից ազատելու այս բացառիկ հնարավորությունը, երբ վաղուց ժամանակն է երկրի կյանքին բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունն ապահովելու, երբ օրախնդիր հարց է դարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում միմյանց փոխլրացնելու ճանապարհով առաջ գնալու:

Երկու օր առաջ ՀԱԿ-ը նամակ էր գրել եվրոպական գործընկեր կուսակցությանը, որպեսզի ԵԽԽՎ-ում այդ կուսակցության ներկայացուցիչները դեմ քվեարկեն հակահայկական բանաձեւերին: Արդյոք սա լավագույն օրինակը չէ՞ հասկանալու համար, որ ներքաղաքական խնդիրները մենք պետք է երկրորդ պլան մղենք`միասնաբար ինչ-որ մի բանի հասնելու համար: Իսկ ի՞նչ կստացվի, եթե մենք աղմկենք, թե այդ նամակով ընդդիմադիր ՀԱԿ-ն աջակցում է ՀՀ իշխանություններին միջազգային կառույցում:

ՀՅԴ-ն, համագործակցության համաձայնություն տալով, անշուշտ, նաեւ լրացուցիչ պատասխանատվություն է ստանձնում այն ամենի համար, ինչ կարող է տեղի ունենալ հետայսու` սկսած նոր իշխանությունների եւ կառավարման նոր համակարգի ձեւավորումից մինչեւ արտաքին քաղաքականություն, երկրի պաշտպանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ եւ այլն: Տրամաբանականն այս դեպքում ոչ թե անկապ աղմկելն ու չոք տփելն է, այլ հնարավոր գործընթացի կշռադատումը` ի՞նչ կտա դա մեզ ՀՀԿ-ի երկարուձիգ մենիշխանությունից հետո: Ինչո՞ւ չմտածել, որ սա հենց համակարգային իշխանափոխության ուղղությամբ արված առաջին քայլն է, որ հետագայում դուռ է բացելու ավելի լայն կոալիցիաներ ձեւավորելու, վերջապես` ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար, ինչի լավագույն օրինակը տալիս է մեր հարեւան Վրաստանը:

Եվս մեկ նկատառում, եւ ավարտեմ: Դժվար է մեկ հոդվածի շրջանակներում ամփոփել համակարգային այն հսկա փոփոխությունը, որ կատարվեց հանրաքվեով: Եթե հիշում էիք` մարդիկ կային, որ պնդում էին, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցումը ԵՏՄ միջավայրում անհնարին է եւ չի կարելի անել: Բայց արվեց: Մեզ արդեն 2017-ին բավականին հետաքրքիր ընտրություններ են սպասվում, ամենաանսպասելի լուծումներով: Այսօր հենց սա պետք է ազդակ հանդիսանա քաղաքական ուժերի համար` աշխատելու եւ հանրությանը կազմակերպելու գործում: Միմյանց վրա ցեխարձակումներն այլեւս ավելորդ են դառնում: Ճիշտ ժամանակն է մտորելու գաղափարակիցների համախմբման, ուժերը մեկտեղելու մասին: Սա նոր իրավիճակ է, որտեղ հաջողություն կունենան միայն հանունով առաջնորդվող, լուրջ կազմակերպական կառույց ունեցող ուժերը:

Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ» օրաթերթ

Տպել Տպել