ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում

FotorCreatedՃիշտ չէ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը որակել կամ բնութագրել «հաղթանակ կամ պարտություն» տերմիններով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին ու Վեհաժողովի կողմից մերժված՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով փաստաթղթին:

Դավիթ Իշխանյանն ասաց, որ ԵԽԽՎ վրա մեծ ազդեցություն ունեցան Եվրախորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, ինչու չէ՝ Արցախի ԱԺ խմբակցությունների մակարդակով արված համատեղ հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում՝ կողմնակալ մոտեցումներից զերծ մնալու մասին:

Խոսելով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի մասին՝ որը մերժվեց ԵԽԽՎ կողմից, պատգամավորը նշեց, որ լիագումար նիստում տարվող քննարկումներից պարզ դարձավ, որ այն չի ընդունվելու: «Այդ զեկույցն ինքնին անտրամաբանական էր ու շատ զարմանալի կլիներ, որ հաստատվեր ԵԽԽՎ նման կառույցի կողմից»,- նշեց Իշխանյանը:

Իսկ Մելիցա Մարկովիչի հեղինակած ու ընդունված զեկույցը, արցախցի պատգամավորի համոզմամբ, կողմնակալ էր, կողմնակալ էին նաև այդ քվեարկության արդյունքները: «Պարտվելու խնդիր չկա, պարզապես ԵԽԽՎ-ն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում»,- նկատեց նա:

Դավիթ Իշխանյանն ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային ատյանները, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն, կանգնում են կողմերից մեկի կողքին, որովհետև հարցը պատշաճ չեն ուսումնասիրում, չեն տիրապետում խնդրի ողջ էությանը, չունեն բավարար հետաքրքրվածություն քննարկվող հարցի նկատմամբ, անտարբեր են:

«Այդ պատգամավորները չեն տիրապետում հարցին, չունեն իրական պատկերացում՝ ինչ է կատարվում Սարսանգի ջրամբարում, դրա համար ունենք քվեարկության նման արդյունքներ: Արմեն Ռուստամյանը ճիշտ ասաց՝ ոնց որ Միլի մեջլիսում լինեն, տպավորություն է, որ ադրբեջանական մեջլիսում է հարցը քննարկվում: Մելիցա Մարկովիչն ունի պրոադրբեջանական վերաբերմունք ու զեկույցին կողմ քվեարկողներն էլ, տարբեր առիթներով ասել ենք, ունեն պրոադրբեջանական կողմնորոշում, ուստի, նրանք չէին կարող այլ վերաբերմունք ունենալ»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Մելիցա Մարկովիչի կողմից ԵԽԽՎ ատյանից հնչեցրած պնդումներին, թե Արցախը չի համաձայնել հյուրընկալել նրան, Դավիթ Իշխանյանը պատասխանեց. «Շոկային էր ինձ համար այս հայտարարությունը… Ինչպե՞ս թե Արցախը չի թույլատրել գալ: Արցախը բաց է ոչ միայն Մելիցա Մարկովիչի առաջ, այլև՝ բոլորի, բոլորը կարող են այցելել, ծանոթանալ իրենց հետաքրքրող հարցերին»:

tert.am

Տպել Տպել