Եթե դժվար վիճակում դու բեռ չես վերցնում, հեշտ պայմաններում բոլորը կվերցնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

FotorCreated– Էդուարդ Շարմազանովն, ըստ էության, հաստատեց մամուլի այն հրապարակումները, որ ՀՅԴ-ին կտրամադրվեն երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելո՞վ են այդ երեք պորտֆելները տրվել Դաշնակցությանը, թե՞ այդ երեք ոլորտներում են մեր խնդիրները:

– Մեր խնդիրներն ամենուր են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ և՛ արտաքին, և՛ ներքին, և ունենք ամենաէականը՝ երկրի որակական բարեփոխման խնդիր, որը բխում է նոր Սահմանադրությունից: Արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրությունն իր բովանդակությամբ դառնում է միանձնյա, միակուսակցական որոշումներ կայացնելու վերջի սկիզբը: Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կա անելու, երեկ նաև ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց, աջակցության խորհուրդ ստեղծեց այդ աշխատանքների համար: Եվ սա համալիր ծրագիր է, այնպես չէ, որ երեք ոլորտում մենք պրոբլեմ ունենք: Մենք ունենք բազմաթիվ պրոբլեմներ, բայց մեր համագործակցությունը բանակցությունների արդյունքում հանգեց ոլորտային պատասխանատվությունների այս աստիճանին:

– Պարոն Վարդանյան, երբ արդեն հաստատված է կառավարության ծրագիրը, և մինչև մյուս խորհրդարանական ընտրությունները կարճ ժամանակ է մնացել, այդ առումով ինչպե՞ս կարող եք որևէ դրական փոփոխություն բերել, ըստ էության դուք նշում եք, որ սա աթոռակռիվ չէ, ոչ էլ պաշտոնակռիվ, այլ՝ «եկել ենք երկիրն այս վիճակից դուրս բերելու»:

– Փորձելու ենք ստեղծված նոր իրավիճակում այնպիսի փոփոխությունների առաջարկներ անել և պաշտպանել դրանք, որոնք հույս, ակնկալիք, դրական սպասումներ կառաջացնեն մեր երկրում, և հետագա տարիներին կդրվի իսկապես լուրջ զարգացման հիմք: Մենք այս ծրագրին կողմ չենք քվեարկել, բայց մենք ասել ենք հետևյալը. այո՛, տնտեսական վիճակը շատ ծանր է, այո՛, սոցիալական վիճակը շատ ծանր է, բյուջեից մեծ սպասելիքներ չկան, բայց կա խնդիր՝ այդ բյուջեն արդյունավետ ծախսելու առումով: Կարծում եմ՝ այստեղ մեր մասնակցությունը ևս էական կլինի: Եկեք հենց սկզբից չկռռանք: Ի՞նչ պիտի անենք, աշխատանքը կարվի, մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել, երկրի ամենադժվար վիճակում ենք մենք գնում այս համագործակցության, բայց այլ բան անելն ուղղակի անթույլատրելի է մեզ նման պատասխանատու կուսակցության համար: Եթե դժվար վիճակում դու բեռ չես վերցնում, հեշտ պայմաններում բոլորը կվերցնեն:

– Մի քանի ամիս ժամանակ է մնացել, սեպտեմբերից արդեն ՏԻՄ ընտրություններն են սկսվում: Շատ կարճ չէ՞ ժամանակը որևէ դրական փոփոխության հասնելու համար:

– Ամենահիմնական պատճառը սահմանադրական հանրաքվեն էր, մեր պատկերացրած Սահմանադրության ընդունումը, այն տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին… Այնպես որ, ժամանակն Աստծո կողմից է տրված, մենք չենք տնօրինում ժամանակը:

– 2017-ին հնարավոր է խորհրդարան գնաք նույն ձևաչափով՝ միասնական, նկատի ունեմ նույն ընդհանուր ցուցակով:

– Մենք նման հարց երբեք չենք քննարկել, նաև այս բանակցությունների ընթացքում: Դաշնակցությունը միշտ իր ցուցակով է մասնակցել ընտրություններին, այդ հարցն այսօր մեր առջև կանգնած չէ: Մենք նաև պատրաստվում ենք շատ ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին: ԸՕ-ով հնարավոր է, որ երկու խոշոր քաղաքներում ևս համամասնական ընտրություններ կատարվեն. այնպես որ՝ անելիքները շատ-շատ են:

– Այսինքն՝ այդ քաղաքներում Դաշնակցությունը կունենա՞ իր թեկնածուն ՏԻՄ ընտրություններում:

– Եթե համամասնական ընտրություններ են տեղի ունենալու, բնականաբար որևէ լուրջ և իրեն հարգող ուժ իր ցանկով կմասնակցի: Մենք ունենք 900-ից ավելի համայնքներ, և կորոշենք, թե որ համայնքներում թեկնածուներ կառաջադրենք:

– Արդեն մամուլն անդրադարձել է՝ շիրակցիները դեմ են, որ իրենց մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին տրվի, որովհետև գոհ են իրենց մարզպետի գործունեությունից: Սա կարո՞ղ է ինչ-որ տրամադրություն փոխել:

– Մենք վերջնական որևէ բան չենք կարող ասել, վերջնական բան չի ասել նաև ՀՀԿ խոսնակը, շտրիխները դեռևս ճշտվում են: Սա միայն մի բանի մասին է խոսում, որ պարոն Ցոլակյանն իր տեղում իսկապես հարգանք է վայելում և պատասխանատու աշխատանք է կատարել:

– Արդեն անցյալո՞վ եք խոսում, պարոն Վարդանյան:

– Ես խոսում եմ մինչև այսօր արդեն կատարված աշխատանքի մասին:

– Արծվիկ Մինասյանն ըստ էության էկոնոմիկայի նախարար կնշանակվի, ո՞վ կլինի պատգամավոր նրա փոխարեն…

– Դեռևս այդ հարցը վերջնականապես չենք քննարկել, տարբերակներ կան, բայց վերջնական որոշում դեռ չունենք: Դուք եք շտապում: Կլինեն վերջնական որոշումները: Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ պատգամավոր է:

– Այսինքն՝ համենայնդեպս քննարկումներ կան, թե ով պետք է լինի:

– Քննարկումներ կլինեն:

– Հնարավո՞ր է իգական սեռի ներկայացուցիչ լինի:

– Երբեք մի՛ ասեք՝ երբեք, ոչինչ մի՛ բացառեք:

– Եվ ԿԳ նախարարի հավանական թեկնածուն Լևոն Մկրտչյա՞նն է… Լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ քաղաքականության մեջ դադարել է որևէ բան բացառել: Արդեն 4-րդ անգամ նույն նախարար ունենալը արդյոք ոլորտը չի՞ տանում լճացման:

– Ո՛չ, վստահ եմ, չի տանում լճացման: Ես Ձեզ կառաջարկեմ բացի ԱԺ պատգամավորներին և մյուս գործիչներին հարցնելուց, հարցում կազմակերպեք այն նախարարություններում, որտեղ Դաշնակցությունն է աշխատել՝ Առողջապահության, Գյուղատնտեսության և ԿԳ նախարարությունում, և կտեսնեք այն հարգանքը, նաև այն ակնկալիքները, սպասումները, որոնք կան:

– Արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Նորմալ:

– Համենայնդեպս, շատ չէր տարբերվում Ձեր ծրագրային գծից՝ կրթության ոլորտում:

– Գիտեք, կրթությունն այն ոլորտն է, որտեղ, կարծում եմ, մենք ունենում ենք լրջագույն խնդիրներ և՛ հանրակրթական դպրոցներում, և՛ բուհերում, առանց որակական թռիչքի այս ասպարեզում, որը նաև բխում է տնտեսական հնարավորություններից, ընդհանուր հոգևոր-մշակութային մթնոլորտից, առաջադրվող խնդիրներից… Այստեղ անսպառ աշխատանք կա, հատկապես մեր երկրի, մեր ժողովրդի պարագայում:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ աշխատանքը, նկատի ունեմ այն, որ մամուլն անդրադարձավ ներիշխանական ինտրիգին, որը հենց պայմանավորված էր Հովիկ Աբրահամյանի անձով:

– Ես չեմ մեկնաբանի մամուլի տարբեր գնահատականները, ասածները: Հովիկ Աբրահամյանը հանրապետության վարչապետն է, կառավարության ղեկավարը, և շատ նորմալ եմ համարում այդ աշխատանքը: Կարծում եմ, որ շատ նորմալ աշխատանք կլինի:

Սիրանույշ Պապյան

1in.m

Տպել Տպել