ՀՅԴ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը կորոշվի դեկտեմբերյան Գերագույն ժողովին

Հայ Յեղափոխական Դաշնակցության մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կախված է մի շարք հիմնախնդիրների հանդեպ վերաբերմունքից և դրանց լուծումից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դեկտեմբերին կգումարվի կուսակցության Գերագույն ժողովը, որի ժամանակ էլ Դաշնակցությունը կքննարկի իր անելիքները. կառաջադրի իր թեկնածուին, թե կպաշտպանի որևէ այլ թեկնածուի, թե ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին:

«Դաշնակցությունում կան մեկ տասնյակից ավելի գործիչներ, ովքեր կարող են առաջադրվել, սակայն մենք անձի խնդիր չէ, որ քննարկում ենք: Մեր մոտեցումը մենք փորձում ենք ձևակերպել այն հիմնախնդիրների միջոցով, որոնք կանգնած են Հայաստանի Հանրապետության առջև: Առաջին խնդիրներից մեկն ընտրական համակարգն է»,- ասաց Վարդանյանը` համոզմունք հայտնելով, որ պետք է անցում կատարել խորհրդարանական համակարգի, որտեղ գործադիրը հաշվետու կլինի խորհրդարանին:

Աղվան Վարդանյանի խոսքով, անհրաժեշտ է նաեւ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, որոնք սերտաճած են: Դաշնակցական գործիչը սխալ է համարում նաև մեծամասնական ընտրակարգը, որը «բիզնեսն ուղղակիորեն բերում է քաղաքականություն»:

«Հայաստանում, ի վերջո, պետք է ունենանք նորմալ, կայուն ընդդիմություն և իշխանական համակարգ. իրենք պետք է լինեն նույն համակարգի մարդիկ, ովքեր պետք է կատարեն տարբեր գործառույթներ:Ընդդիմությանը պետք է օրենսդրորեն տրվեն այնպիսի լծակներ, որպեսզի այն կարողանա հակակշռել իշխանությանը»,-հավելեց Վարդանյանը:

Հաշվի առնելով նախկին տարիների ընտրությունների փորձը` ԱԺ պատգամավորը կանխատեսում է թեժ նախագահական ընտրություններ:

«Արմենպրես»

Տպել Տպել