Չի բացառվում, որ Դաշնակցությունը բոյկոտի նախագահական ընտրությունները

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

– Մենք արդեն թևակոխել ենք նախագահական ընտրարշավի նախաեռուն շրջան, և քաղաքական դաշտն սկսում է նախընտրական տեսք ստանալ։ Ամեն ինչ կանխատեսելի է իշխանական դաշտում՝ մենք գիտենք, որ ընտրությունները կեղծվելու են, և իշխանությունը ազատ ու արդար ընտրություն կատարելու ռեսուրս չունի։ Որպես ընդդիմադիր ուժ, որը միշտ առանձնացել է այլ ընդդիմադիր ուժերից, ի՞նչ օրակարգով է մասնակցելու այս ընտրություններին ձեր կուսակցությունը։

– Ճիշտ եք ասում, որ իշխանությունը ազատ և արդար ընտրություն կատարելու ռեսուրս չունի, բայց ունի մեկ ուրիշ՝ վարչաֆինանսական ռեսուրս։ Ցավոք, պիտի արձանագրենք, որ 1990-91-ից հետո Հայաստանում իշխանությունները չեն ձևավորվել ընտրությունների միջոցով։ Սա մի սինդրոմ է, երբ ով եկել է իշխանության, առաջին հերթին ամրապնդել է իր վերարտադրման համակարգը, և այստեղ աշխատող հիմնական ռեսուրսը վարչաֆինանսականն է, որից զուրկ է ընդդիմությունը։ Սա բերում է անհավասար մրցակցային պայմաններ։ Վերջին ընտրություններն ավելի խորացրին այս իրավիճակը։ Սա հանգեցնում է նրան, որ ժողովուրդը սկսում է հիասթափվել ընտրություններից։

– 2008-ի նախագահական ընտրություններին ընդդիմությունն ընդհանրապես չուներ հեռուստատեսություն և լայն զանգվածներին հասնելու կարելիություն, բայց կարողացավ հասարակական ակտիվ մոբիլիզացիա կազմակերպել։ Այսօր ընդդիմությունը՝ ի դեմս ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի, ունի հեռուստատեսություն. սա գոնե ստարտային ավելի լավ պայմաններ չի՞ ենթադրում։

– Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե քարոզչամիջոցների տիրապետողները կունենան որոշակի առավելություն։ Բայց խնդիրն այն է, որ դա չի աշխատում։ Մարդիկ քարոզչությունից ազդված չեն գնում ընտրության. նրանք գնում են ոչ թե իշխանություն փոխելու, այլ իրենց մի շաբաթ-տասը օրվա հարցը լուծելու, և այստեղ աշխատում է ընտրակաշառքների համատարած երևույթը։ Դժվար է նրանց բացատրել, որ դա մի արա և ավելի լավ կյանք ու երկիր կունենաս։ Նա դրան չի հավատում, բայց աշխարհում այդ փորձը տեսնում է և ընտրում է ոչ թե պայքարի ճանապարհը, այլ արտագաղթում է, ինչն էլ ձեռնտու է իշխանություններին, քանի որ գնում է դժգոհ զանգվածը։ Խնդիր է առաջանում՝ այս պայմաններում իմաստ ունի՞ քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Անկախ ընտրություններից, ամեն մի քաղաքական ուժ պիտի ասի իր տեսլականը երկրի զարգացման մասին։ Մոտ ժամանակներս մենք կհրապարակենք Հայաստանի անվտանգ և արագընթաց ռազմավարությունը՝ մեր պատկերացմամբ, և դրա առաջնահերթ քայլերը։ Մենք ազգային ենք, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ենք, Սոցինտերնի անդամ։ Դա մեր գաղափարական լուծումներից բխող ծրագիր է, որը, կարծում եմ, այսօր ամենաադեկվատն է ստեղծված իրավիճակին։ Մենք ասում ենք, որ ընտրությունները դարձան այդպիսին, որովհետև Հայաստանում գոյություն ունեցող իշխանական համակարգը հմտացել է իր վերարտադրության մեջ և, պահպանելով այդ համակարգը, ապահովում է իր վերարտադրությունը։ Երեք նախագահների օրոք չի փոխվել գերկենտրոնացված այդ համակարգը։

– Իշխող կուսակցությունն ասում է՝ մենք չենք կարող պարտվել ժողովրդին։ Այս մոտեցումով երկրում իշխանափոխություն ինչպե՞ս կարող է երբևէ տեղի ունենալ։

– Այստեղ նոնսենս կա՝ ի՞նչ է նշանակում՝ իշխանությունը պարտվի ժողովրդին։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մարդիկ քեզ պատվիրակում են ծառայել երկրի ու ժողովրդի շահերին։ Մենք ասում ենք, որ այս ամենի պատճառը միահեծան իշխանությունն է։ Պետք է հրաժարվել այս համակարգից, պետք է քանդել գերտենտրոնացված իշխանական բուրգը և դարձնել ապակենտրոն, և այդ ձևով իշխանությունը մոտենա ժողովրդին։ Պետք է հրաժարվել նախագահական համակարգից և գնալ դեպի խորհրդարանական համակարգ՝ իհարկե փոխելով խորհրդարանի կարգավիճակը և հակակշռման-զսպման մեխանիզմներ ավելացնելով, սահմանադրական լուրջ փոփոխությունների քաղաքական կամք դրսևորելով։ Պետք է վերահսկման կարևոր լծակները տալ ընդդիմությանը։ Իսկ այսօր ընդդիմությունն այդ գործիքը չունի։

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դաշնակցությունը չի որոշել իր մասնակցության ձևաչափը։

– Այո, չենք որոշել,բայց հիմա հենց այս քննարկումների մեջ ենք։

– Կարո՞ղ է՝ ընդհանրապես չմասնակցեք։

– Չի բացառվում։ Եթե կտեսնենք, որ ընտրությունը դառնում է իշխանափոխության միջոց, իհարկե կմասնակցենք։ Չմասնակցելը վայել չէ որևէ քաղաքական ուժի։

– Գլխավոր այլընտրանքին՝ Վարդան Օսկանյանին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Գլխավոր այլընտրանք ես չեմ տեսնում։

– ԲՀԿ-ն ասում է, որ ինքը իշխանության գլխավոր այլընտրանքն է։

– Ասելով չէ։

– Փաստորեն, ընդդիմությունն էլ կարծես չի ուզում հետ մնալ իշխանությունից և դաշտը ուզուրպացնելու քայլեր է անում։

– Ընտրությունները կարող են իշխանափոխության միջոց դառնալ, եթե ընդդիմադիր զանգվածը մոբիլիզացվի և հանդես գա համախմբված ձևով։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում փոխել։ Բայց այսօր ամեն մեկն ասում է՝ իմ թեկնածուն ավելի լավն է, եթե ուզում եք միավորվել՝ միավորվենք իմ թեկնածուի շուրջ։ Այդպես բազմիցս փորձել ենք, և չի ստացվել ու չի էլ ստացվի։

– Այս ընտրություններում չի՞ կարող պրոյեկտվել խորհրդարանականից առաջ գործած միասնական շտաբը։

-Մենք այնտեղ գաղափարական, քաղաքական համաձայնություններ չենք ունեցել։ Մենք ուզում էինք պարզապես ուժեղացնել վերահսկելիությունը ընտրական գործընթացի նկատմամբ։

«Առաջին լրատվական»

Տպել Տպել