Մի կարևոր բաժանարարի մասին


Հայաստանի ներքաղաքական դաշտն այսօր ծածկված է ամենաբազմապիսի բաժանարար գծերով: Իսկական լաբիրինթոս: Տարբեր հաստության միջնորմներով միմյանցից բաժանված են գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու անհատ գործիչները: Բոլորը, որպես կանոն, մյուսներից մի բանով տարբերվում են` ունենալով շատ ընդհանրություններ: Հաճախ այդ ընդհանրություններն այնքան շատ են, բաժանարար միջնորմն այնքան բարակ, որ դրա միջով նույնիսկ արևի լույսն է թափանցում, և մտածում ես` արժե՞ր ավելորդ ջանք թափել այդ միջնորմը կառուցելու համար:

Քաղաքական դաշտի առանցքային խաղացողներ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը վերջին տարիներին զգալի դերակատարություն ունեցան զուտ նրբերանգային տարբերություններ ունեցող քաղաքական առանձնյակներին իրենց տոպրակներում հավաքելու գործում: Այդ սելեկցիոն աշխատանքի արդյունքում քաղաքական ներկապնակից մաքրվեցին ոչ անփոխարինելի այնպիսի երանգներ, ինչպիսիք էին Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը, Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ը, Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն, Հրանտ Խաչատրյանի ՍԻՄ-ը, որը սխալմամբ համարվում է Հայկ Բաբուխանյանինը, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը, երիտասարդական քաղաքական բազմաթիվ միավորումներ և էլի մոտ երկու տասնյակ կուսակցություն, որոնց ժողովուրդը տվեց «Լևոնական» ընդհանուր անունը:

Թեեւ որսորդության շրջանը դեռ բաց է (մինչև նախագահական ընտրություններ 3,5 ամիս դեռ կա), գործընթացը զգալիորեն դանդաղել է: Ասենք` որս էլ չի մնացել համարյա: «Ժառանգությանը» չհաշված` մնացածները մեկ-երկու առանձնյակներով դիմորոշված փոքրիկ ցեղախմբեր են` Կարմիր գրքում գրանցված (Պարույր Հայրիկյան, Տիգրան Կարապետյան, Դավիթ Հակոբյան, Արամ Կարապետյան, Ռուբեն Թովմասյան…): Որսի սակավությունն այսօր արդեն առանցքային խաղացողներին ստիպել է աչք տնկել միմյանց ունեցվածքի վրա: Սերժ Սարգսյանն ուզում է իրենով անել ԲՀԿ-ի եղած-չեղածը, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էն կողմից է ցանկանում ԲՀԿ-ից մի բան տանել: Հատկապես վերջինս շատ ծիծաղելի վիճակում է հայտնվել: Փոխանակ մի բան տանելու, ինքն է ընկել ԲՀԿ-ի մեջ, ու հիմա վտանգ կա, որ Սերժ Սարգսյանը, հաջողելու դեպքում, ԲՀԿ-ի հետ նաև իրեն կմտցնի տոպրակը:

Այս քաշքշոցից ժամանակավորապես մի կողմի վրա է մնացել «Ժառանգությունը», որն էլ, սակայն, կրակն է ընկել իր ավարի` «Ազատ դեմոկրատների» ձեռքը, ու հայտնի չէ` ո՞վ է որսը` Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Խաչատուր Քոքոբելյանը:

Ի մի բերելով վերն ասվածը` կարող ենք հստակ ասել, որ այն ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ մեր քաղաքական լաբիրինթոսում, հետևանք է մեկ բանի, այն է`հիշատակված և չհիշատակված մոտ 80 քաղաքական ուժերի մեջ նմանություններն ու ընդհանրությունները գերակշռում են տարբերությունների չափաբաժինը: Այսինքն` այս ամենը, որը մենք քաղաքական դաշտ ենք անվանում, իրականում միաբևեռ մի ախմախություն է, որը, զուրկ լինելով ներքին հակասություններից, զանազան թատերախաղերի շնորհիվ քաղաքական պայքար է բեմադրում և ժամանակ անցկացնում պետության ղեկի մոտ:

Այս շիլայի միջից ինչպե՞ս ջոկես ընդդիմադիրին: Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` ես եմ ամենասրսուռ ընդդիմադիրը, որովհետև ճանապարհներն ու Օպերան փակ են իմ հանրահավաքների ժամանակ: Ինչպիսի՛ անհերքելի փաստարկ: Բայց եկավ Տիգրան Կարապետյանն ու հայտարարեց` տեսե’ք, ժողովո’ւրդ ջան, Օպերան տվեցին նրանց, բայց իմ առջև շարունակում են ճանապարհները փակել: Այստեղից պետք էր հստակ հետևություն անել` ճշմարիտ ընդդիմադիրը Տիգրան Կարապետյանն է: Լևոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, չէր կարող նման բան հանդուրժել և ավելի ուժեղ հայտարարություն արեց` ճշմարիտ ընդդիմադիրը ես եմ, տեսե’ք, նույնիսկ զուգարաններն են փակել: Ծիծաղելի՞ է: Իհարկե, ծիծաղելի է:

Հավանաբար նկատեցիք, որ այս բավականին երկարաբանված խոսքում որևէ բառ չասացինք հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ դերակատարությունն ունեցած քաղաքական ուժի` ՀՅ Դաշնակցության մասին: Դրա բացատրությունն այն է, որ ՀՅԴ-ն ոչ մի կերպ չի տեղավորվում այն լաբիրինթոսում, ինչի մասին խոսում էինք վերևում: ՀՅԴ-ն մյուսների հետ ունի մի շատ կարևոր բաժանարար գիծ` դա իր սոցիալիստական գաղափարախոսությունն է, ծանրակշիռ մի տարբերություն, որը հակակշռել չեն կարող ո’չ կոալիցիայի մաս կազմելու անտեղի հիշեցումները, ո’չ ՀՅԴ-ի հանրահավաքների համար ճանապարհների բաց լինելը և ո’չ էլ, առհասարակ, ընդդիմություն համարվելու այլ ծիծաղաշարժ ապացույցներ:

Մաքուր թուղթը ուղղահայաց գծով բաժանեք երկու մասի, ապա, առանց վարանելու, գծի մի կողմում գրեք ՀՅԴ, իսկ մյուս կողմում` մնացածի անունները, որոնց հիշում եք: Դուք կստանաք մեր քաղաքական դաշտի հստակ պատկերը: Մի կողմում ազատական-լիբերալներ, իսկ մյուս կողմում` սոցիալիստական ՀՅԴ: Ձեր քաշած ուղղահայած գիծն էլ հենց կդառնա մեր քաղաքական դաշտի հիմնական բաժանարարը` ընդդիմության և իշխանության տարորոշիչը: Ինչո՞ւ ՀՅԴ-ին չի հաջողվում ընդհանուր համաձայնություն կայացնել ընդդիմադիր միասնական թեկնածուի հարցի շուրջ: Ինչպես ասում են, ամեն ինչ ծամել, դրել է բերանները, որ կուլ տան, բայց դա էլ չեն կարողանում անել ընդդիմադիրի թիկնոց կրողները` Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Րաֆֆի Հովհաննիսյան ու Գագիկ Ծառուկյան: Ամեն մեկն իսկույն սկսում է վերմակն իր վրա քաշել, և միասնական թեկնածուի գաղափարը մնում է տկլոր: Պատճառը դարձյալ սոցիալիստական ՀՅԴ-ից հեռու մնալու և գաղափարակից ՀՀԿ-ին որևէ կերպ չվնասելու` նրանց մղումն է: Ինչ-որ տեղ նույնիսկ տարօրինակ է արդեն, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն միասնական ընդդիմադիր թեկնածու փնտրում այլոց մեջ, երբ միակ ընդդիմադիրն ինքն է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Երկիր»

Տպել Տպել