Ընդդիմության մեջ էլ թող չլինեն ուսուցիչներ ու տնօրեններ

FotorCreatedԿրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ կրթական համակարգը վարկաբեկող արատավոր երեւույթներն իր ուշադրության տիրույթում են, մասնավորապես ընտրախախտումներին դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը։ Դաշնակցական նախարարը պայքարելո՞ւ է դրա դեմ, թե՞ փորձելու է իշխանության հետ կիսել կրթական ոլորտի քվե բերող ռեսուրսը։

Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Լեւոն Մկրտչյանի հետ։

-Պարոն Մկրտչյան, կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ կուսակցականացված է, դպրոցի տնօրենները, ռեկտորները Հանրապետական կուակցությունից են եւ ներգրավված ընտրական գործընթացներում։ Բազմիցս գրվել ու բարձրաձայնվել է, որ նրանք կրթական լծակները ծառայեցնում են իշխանության օգտին եւ համարվում ձայն բերող ուժ։ Դաշնակցական նախարարի դեպքում քվե բերող ռեսուրսը կիսվելո՞ւ է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ։ Այս հարցի մասին մտածե՞լ եք։

-Երբ 1998 թվականին առաջին անգամ նախարար դարձա, «Կրթության մասին» օրենք մենք դեռ չունեինք։ Այն ժամանակ ես ասացի, որ մեր երկիրը զարգացնելու այլ շանս, բացի կրթությունից չկա եւ պատկերացնում եք՝ այդ լարված պայմաններում, երբ խորհրդարանը չէր կարողանում աշխատել, «Կրթության մասին» օրենքն անցավ առանց «դեմ»-ի,երեք ձեռնպահ էր արձանագրվել։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ կրթական համակարգը չօգտագործվի ընտրական գործընթացներում, իմ կարծիքով, կշահի կրթությունը։ Ես հիշում եմ՝ 92 թվականից, ցանկացած իշխանություն, որ ձեւավորվում էր ու չկար քաղաքական մշակույթ, հնարավոր բոլոր լծակները օգտագործվում էին՝ այդ թվում նաեւ կրթական համակարգը՝ որպես շատ լայն ոլորտ։ Մենք պիտի կարողանանք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կարողանանք կրթական համակարգը չվարկաբեկել։ Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ տնօրենը կարող է ընտրողների ցուցակներ կազմել ուսուցիչների, ծնողների միջոցով… Այս տարիների ընթացքում շատ ենք ականատես եղել դրան եւ դա 92-ից միշտ եղել է։ Հիմա, որքան կարողանանք այս խնդիրը կարգավորել ու խնայել կրթական համակարգը, ես իմ պարտականությունները կհամարեմ կատարված։

-Ինչպե՞ս պետք է կարգավորեք։

-Նախ՝ ես պիտի կոչ անեմ բոլոր քաղաքական ուժերին, պատրաստ եմ աշխատել բոլոր ֆրակցիաների հետ, կրթության բնագավառի ցանկացած հիմնահարց, ցանկացած խնդիր քննարկենք, դիմենք, որ կրթական համակարգը լինի բոլորի հոգածության առարկան եւ խնայենք այն։ Խնայենք մանկապարտեզները, դպրոցները եւ համալսարանները, եւ երկկողմանի խնայենք, քանի որ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մոտ կա այդ գայթակղությունը։ Նախկինում իմ տեղակալը եղել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ես՝ Դաշնակցության, եւ մենք կարողացել ենք հաջողությամբ կրթական համակարգը զերծ պահել Ձեր ասած խնդիրներից, որոնք իսկապես անընդունելի են։ Խոսքը նրա մասին չէ, որ մարդիկ չպետք է իրենց քաղաքական համոզմունքների համաձայն քվեարկեն, կամ աշխատեն, բայց այդ աշխատանքը չպետք է լինի իրենց պաշտոնական լծակի չարաշահման ձեւով։ Սա է խնդիրը։ Այսինքն՝ ես կարող եմ քվեարկել, բայց իրավունք չունեմ պարտադրել, որ քվեարկեն այնպես, ինչպես ես եմ ցանկանում։

-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո համացանցում հրապարակվեցին տնօրենների, ուսուցիչների լուսանկարներ, որոնք այս կամ այն ընտրախախտումներին անմիջապես մասնակից էին։ Սա չի՞ վարկաբեկում դպրոցը։

-Այո, այդ երեւույթը նոր չի եւ մեզ ուղեկցում է մեր անկախության ամբողջ շրջանում։ Այսինքն, մենք ունեցել ենք մարդիկ, որոնք ուղղակի ժամանակին փողոց են շպրտվել միայն այն բանի համար, որ ունեցել են այս կամ այն կուսակցական պատկանելությունը։

-Պարոն նախարար, մենք խոսում ենք վերջին դեպքերից, Դուք՝ անընդհատ հղում անում հին դեպքերին… Ձեր նշանակվելուց երեք ամիս առաջ է ընդամենը արձանագրվել նշածս օրինակը, դրա դեմ Դուք ինչպե՞ս եք պայքարելու։

-Որովհետեւ դա նույն խնդիրն է, ինչպե՞ս եք պատկերացնում՝ փայտիկով պիտի հարվածենք, եւ այդ խնդիրը լուծվի՞, ես երբեք նման խոստումներ չեմ տա։ Մենք պիտի աստիճանաբար ստեղծենք մթնոլորտ, որ խնայվեն կրթական հաստատությունները։

-Ինչո՞ւ նշված խնդիրները մինչեւ հիմա չեն լուծվել, ի՞նչն է խոչընդոտում դրանց լուծմանը, Ձեր կարծիքով…

-Եթե տարիներ հետ նայեք, կտեսնեք, որ որոշակիորեն առաջընթաց կա, ամեն դեպքում, օրինակ քաղաքացիական հասարակության կայացումը, որը ազդեցություն ունենում է…

-Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածում էին ընտրախախտումներին մասնակից տնօրենների, ուսուցիչների լուսանկարները՝ հանրային պարսավանքի ենթարկելով նրանց, այս առումով առաջընթաց նկատվում է…

-Այո, պիտի քաղաքացիական հասարակությունը ակտիվանա, իրավիճակը կամաց-կամաց փոխվի…

-Այսինքն՝ նշված արատավոր երեւույթների դեմ կրթության նախարա՞րը, թե՞ քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի։

-Բնականաբար, նախարարը պարտավոր է կանխել, եթե այդպիսի երեւույթներ ու դեպքեր լինեն, իր քաղաքական հայտարարություններով հստակ կաջակցի նախարարը, բայց քաղաքացիական հասարակությունն էլ ստեղծված է նրա համար, որ այդ հիմնախնդիրը բարձրացնի։

-Պարոն Մկրտչյան, վստահեցնո՞ւմ եք, որ Դաշնակցությունը ոչ թե Հանրապետականի հետ կկիսի տնօրեն-ուսուցիչ ձայն բերող ռեսուրսը, այլ կպայքարի երույթի դեմ։

-Ամբողջ խնդիրն այն է, որ ուսուցիչներին կիսում է ոչ միայն իշխանությունը, այլ բոլորը։ Ով չի ալարում մեր երկրում ուսուցիչների վրա աշխատում է, ոչ թե գաղափարախոսական մեթոդներով, այլ նրանց լծակներն օգտագործելով։

-Բայց փաստ է, որ իշխանության օգտին են առայժմ միայն օգտագործվել։

-Իշխանության օգտին, եղել են դեպքեր՝ նաեւ մյուսների օգտին։

-Հնարավոր չէ՞ ուղղակի որոշում ընդունել եւ նրանց զերծ պահել ընտրական գործընթացներից։

-Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս պետք է լինի…

-Օրինակ, ուսուցիչներն ուղղակի չլինեն այդ հանձնաժողովներում։

-Իսկ ո՞վ պետք է լինի։

-Կուսակցությունների այլ ներկայացուցիչներ…

-Դուք նայում եք Երեւանի կտրվածքո՞վ, թե՞ մարզային։ Ընտրական գործընթացները մտավորականներն են անում, ընտրական գործընթացներում եթե մտավորականությունը ակտիվ դիրքորոշում չունեցավ.. Ընտրությունների ժամանակ երկկողմանի է, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մեջ քանի՞ տոկոս են կազմում ուսուցիչները, դե եկեք ասենք՝ ընդդիմության մեջ էլ թող չլինեն։

Եթե որեւէ ուսուցիչ, տնօրեն իր քաղաքական հայացքների համար կենթարկվի հետապնդման, ես իբրեւ կրթության նախարար՝ կկատարեմ իմ պարտականությունը, այն է՝ թույլ չտալ, որպեսզի մարդը, պրոֆեսիոնալ գործունեության հետ չառնչվող համոզմունքների համար պատժվի պրոֆեսիոնալ դաշտում։

news.am

Տպել Տպել