Ջորջիա նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը քաղաքական կարևոր ձեռքբերում է

FotorCreatedaparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, դոկտոր Վիգեն Հովսեփյանը, անդրադառնալով օրերս ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, նշել է, որ այս իրադարձությունը քաղաքական կարևոր ձեռքբերում է եւ ունի քարոզչական մեծ արժեք:

«ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ԱՄՆ-ում որդեգրել են երկու հիմնական մարտավարություններ՝ մնայուն ու հետեւողական աշխատանքներ իրականացնելով ԼՂՀ պաշտոնական ճանաչման ուղղությամբ: Առաջինը՝ ԱՄՆ առավելագույն թվով նահանգներում, մանավանդ՝ ազդեցիկ նահանգներում, քարոզչական աշխատանքներ տանելն է: Իսկ երկրորդը՝ նույն մակարդակով եւ նպատակով աշխատել եւ քարոզչություն տանել Կոնգրեսի և կենտրոնական իշխանությունների շրջանակներում,- ասել է Վ.Հովսեփյանը եւ նշել, որ զուգահեռ ընթացող այս աշխատանքներն են, որոնք պիտի հասցնեն ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ պաշտոնական ճանաչմանը»:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ռոբերտ Դոլդի՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հղած նամակին, որում կոչ է արվում միանալ իրենց՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին 2017թ. ֆինանսական տարում ավելի շատ օգնություն ցուցաբերելու կոչին, Վ.Հովսեփյանը նշել է.

«Ինչպես նշեցի, մեր բոլոր քաղաքական ճիգերի և ճնշումների գլխավոր կիզակետն ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն է, որքան էլ որ ոմանք թերահավատորեն մոտենան այդ հավանականությանը: Մեր բոլոր քայլերն այդ ուղղությամբ են տարվում։ Հետեւաբար, մեզ աջակցող կոնգրեսականների ճիգերն այս գծով պետք է գնահատել» ։

«ԱՄՆ-ում ներկա քաղաքական և տնտեսական մթնոլորտի պատճառով բոլոր արտաքին օժանդակություններում կրճատումներ են տեղի ունենում: Նաեւ նկատի ունենալով ադրբեջանական ու թուրքական ճնշումները՝ մեր համեմատական հաջողությունն անգամ պետք է ընդունել որպես հաղթանակ»,- ասել է Վ.Հովսեփյանը եւ շեշտել, որ հարցը մի քանի միլիոն դոլարի օժանդակության մասին չէ, այլ դրա քաղաքական արժեքի։

Խոսելով 2016թ-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, Վ.Հովսեփյանը ասել է, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ամենայն ուշադրությամբ հետեւում են ԱՄՆ-ում զարգացող գործնթացներին եւ կապի մեջ են մի շարք թեկնածուների հետ՝ նրանց ծանոթացնելու եւ ներկայացնելու հայ ազգին հետաքրքրող խնդիրները, ինչպիսիք են՝ Հայաստանը, Արցախը և Հայ Դատը:

aparaj.am

Տպել Տպել