Կկազմակերպվի գլոբալ ֆորում

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

FotorCreatedՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման և աշնանը Հայաստանում նախատեսվող «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումի» կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարությունը հաստատակամ է ՀՀ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման գործում:

Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը 3 մարզերում իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի տարրական դպրոցի շուրջ 90 հազար աշակերտներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ դպրոցներում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների բարելավման հետ կապված հարցերին:

Անդրադառնալով ՀՀ կառավարության, «Երեխաների սնուցման գլոբալ հիմնադրամի» և ՊՀԾ գերազանցության կենտրոնի/Բրազիլիա/ կողմից համատեղ կազմակերպվող «Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումին»` նախարարն ընդգծել է, որ այն Հայաստանի համար խիստ պատասխանատու և հեղինակավոր միջոցառում է: Նշվել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որտեղ անցկացվելու է «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը»։ Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն շուրջ 50 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ֆորումի կազմակերպման հարցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու Ռուսաստանի պարենի ճյուղային սննդի ինստիտուտը կցուցաբերեն աջակցություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

tert.am

Տպել Տպել