Հումանիտար նոր ուղեբեռը Սիրիա կուղարկվի առաջիկայում` «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցությամբ

Սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ փուլի հումանիտար բեռներն արդեն պատրաստ են: Դրանք մոտ օրերս կփոխադրվեն Սիրիա: Քննարկվում է «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցելու հարցը՝ Իրանի և Իրաքի օդային ճանապարհներով մարդասիրական ուղեբեռն ուղարկելու համար` խուսափելով Թուրքիայի տարածքում դրանք ավելորդ անգամ վերազննելուց և ավելորդ ծախսերից:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ մարդասիրական օգնությունը 45 տոննայից ավելի է, և հաշվեհամարը նորանոր համալրումներ է ստանում:

«Պետք է ասեմ, որ գործարար շրջանակները ևս ակտիվ մասնակցում են, մի քանի օր առաջ Պռոշյանի կոնյակի գործարանի կողմից 3000 տուփ բանջարեղենային պահածո ստացանք: Կարևոր համալրում է արել նաև Սիվիլիթաս հիմնադրամը՝ փոխանցելով 1 մլն դրամ: Դրամական փոխանցումներ են եղել նաև մեր մտավորականների՝ Ազատ Գասպարյանի, Հաղթանակ Շահումյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից: Ուշագրավ է նաև ֆրասահայ գրող Մովսես Փչակչյանի ներդրումը, որն այստեղ է եկել իր գրքի շնորհանդեսի համար և գրքի վաճառքի գումարը տրամադրելու է մեզ: Պետք է անպայման շեշտեմ, որ մեր երկրում, մեր իրականության մեջ կա այն բարոյական ռեսուրսը, որը մեզ օգնում է միավորվել: Քանի դեռ մեր սիրիահայ եղբայրները մեր օգնության կարիքն ունեն, մենք պարտավոր ենք աջակցել նրանց»,-հայտնեց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ չեն կարող անտարբեր լինել նաև Հայաստանում հաստատված սիրիահայերի հանդեպ, որոնց ևս ցուցակագրում են տաք ծածկոցներ և պարենամթերք տրամադրելու համար:

Անդրադառնալով Սիրիա ուղարկված առաջին օգնությանը՝ Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ ստեղծվել էր «Շտապօգնություն» անվամբ համայնքային հանձնախումբ, որը կազմակերպում էր այդ աշխատաքները: Ուշագրավ էր նաև, որ Հալեպի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այդ օգնության համար, որն այս ծանր իրավիճակում անհրաժեշտ էր սիրիացիներին:

Տասնհինգ տոննա մարդասիրական ուղեբեռով բեռնված առաջին օդանավն օգնությունը Հալեպ է հասցրել հոկտեմբերի 15-ին: Այն Սիրիա է հասել Երևան-Էրզրում-Հալեպ երթուղով. թուրքական իշխանությունները հումանիտար օգնությունը Սիրիա հասցնելու համար թույլ են տվել օդանավին հատելու օդային տարածքը` պայմանով, որ պետք է ուղեբեռը զննվի:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը մտադիր է օգնության նոր խմբաքանակներն ուղարկել մաս-մաս` «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»

Տպել Տպել