Տարաձայնությունները հիմնականում մարտավարական են

«Հրապարակ» օրաթերթի հարցազրույցը ԻԻՀ խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի hետ

FotorCreated– Թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նոր գումարման խորհրդարանում այդ երկրի հայության շահերը ներկայացնելու բարձր պատվին արժանանալու կապակցությամբ: Խնդրում եմ ներկայացրեք ԻԻՀ խորհրդարանում ազգային փոքրամասնություններից ընտրվող պատգամավորների հանգամանքը: Դա մեզ համար հետաքրքիր է նրանով, որ նոր Սահմանադրությամբ առաջին անգամ ՀՀ ԱԺ-ում նույնպես պետք է ներկայացված լինեն փոքրամասնությունները: Ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կան։

– Որպես նմանություն՝ երեւի նշեմ միայն բուն երեւույթը, այն, որ օրենքը թույլ է տալիս թե ԻԻՀ եւ թե ՀՀ խորհրդարանում ունենալ այլ ազգերի ներկայացուցիչներ եւս: Իրանում, սակայն, փոքրամասնությունները որոշված են ոչ թե զուտ ազգային պատկանելությամբ, այլ համարվում են էթնո-կրոնական խմբեր: Չմոռանանք` Իրանը կրոնական պետություն է: Այդտեղից էլ գալիս են էթնո-կրոնական փոքրամասնությունների սահմանումները` հայեր, ասորիներ, հրեաներ եւ զրադաշտներ: Այդ խմբերի նեկայացուցիչների առկայությունն ԻԻՀ խորհրդարանում պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ նրանք կարողանան իրենց համայնքային խնդիրները լուծել օրենսդրական ճանապարհով: Հայաստանում նման խնդիր դրված չէ: Օրինակ, ազգությամբ եզդիները խնդիր չունեն իրենց կրոնական հարցերը կարգավորել Հայաստանի օրենսդրությամբ, որով կրոնն անջատ է պետությունից:

Երեւույթն ինքնին ժողովրդավարական է, դրական եմ գնահատում, թեեւ մի փոքր անհասկանալի է, թե ինչպես պետք է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն ԱԺ անցնեն տարբեր կուսակցությունների ցուցակներով: Կա մեկ ուրիշ խնդիր եւս: Հայտնի է, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ աշխատում են մոտ լինել իշխանություններին, հետեւաբար նաեւ` իշխանական կուսակցություններին: Այս հանգամանքն արդյոք չի՞ ազդի ընդդիմադիր կուսակցության ցուցակով ԱԺ անցած փոքրամասնության ներկայացուցչի օրենսդրական գործունեության վրա: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ Հայաստանում եւս փոքրամասնություններն ունենային ֆիքսված տեղեր խորհրդարանում եւ ընտրվեին իրենց համայնքների կողմից, ինչպես դա տեղի է ունենում Իրանում:

– Իսկ ի՞նչ կարող է անել իրանահայության համար ընդամենը 2 հայ պատգամավորը ԻԻՀ հսկա խորհրդարանում: Մեր ԱԺ-ում նույնիսկ 30 հոգանոց խմբակցությունը չի կարողանում մերժել կամ փոփոխել իշխանությունների որեւէ նախագիծ, եթե որոշել են այն անցկացնել:

– Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը մի փոքր այլ կառուցվածք ունի: Մեջլիսում քաղաքական շեշտված հակասություններ, կուսակցությամբ տարանջատված ընդգծուն խմբեր, ինչպիսիք տեսնում ենք ՀՀ ԱԺ-ում, չկան: Մենք հանգիստ աշխատում ենք ամենատարբեր հոսանքների պատկանող օրենսդիրների, նաեւ` գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մենք այսօր խնդիր ենք դրել այդ աշխատանքի շնորհիվ հասնել այն բանին, որ հայերը կարողանան ներկայացված լինել նաեւ գործադիր իշխանության մեջ: Քաղաքական պաշտոններ կան, օրինակ՝ փոխնախարարներ եւ այլն, որոնց մինչ այժմ անձեռնահաս են եղել էթնո-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Խորհրդարանում քաղաքական հոսանքների հետ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում դա, կարծում եմ, հնարավոր է: Եթե նախկին ռեժիմի ժամանակ խորհրդարանն ինչ-որ տեղ ձեւական բնույթ էր կրում, ապա Իսլամական հեղափոխությունից հետո այն ունի օրենսդրական եւ քաղաքական լուրջ ֆունկցիաներ, որոնցով ազդեցություն է ձեռք բերել գործադիր իշխանության վրա: Այնպես որ, էթնո-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն այս խորհրդարանում գործունեության լայն դաշտ ունեն:

– ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավորներին ընտրում են հայերը: Եվ խոսակցություններ են շրջանառվում ամեն անգամ, որ համայնքի կյանքում զգալի դերակատարություն ունեցող ՀՅԴ-ն իր լծակների շնորհիվ բացառապես դաշնակցականների է ներկայացնում խորհրդարանում` մրցակցություն համայնքի ներսում գրեթե չկա:

– Այդպես չէ, իհարկե: Կա եւ լուրջ մրցակցություն, եւ լուրջ մրցակիցներ կան: Ի վերջո, համայնքը միայն Դաշնակցություն չէ: Այն շատ ավելի բարդ կառուցվածք ունի, ներսում կան քաղաքական եւ գաղափարական հոսանքներ՝ իրենց ընդգծված դեմքերով: Ի մեծ բարեբախտություն մեզ, պետք է նշեմ, որ մրցակցությունն ի հայտ է գալիս հիմնականում ներհամայնքային խնդիրների շուրջ, այդ թվում՝ նաեւ ընտրապայքարի ժամանակ, իսկ համաիրանական կամ համայնքի ու հայապահպանությանը վերաբերող հարցերում կա հստակ փոխըմբռնում: Այլ խոսքով` տարաձայնությունները հիմնականում մարտավարական բնույթի են: Դա է պատճառը նաեւ, որ ընտրապայքարն ընթանում է հիմնականում քաղաքակիրթ ձեւով, իսկ ընտրություններից հետո հաղթողներին ուղղված շնորհավորանքների պակաս չի զգացվում:

– Կնշե՞ք Իրանի այն հայաշատ բնակավայրերը, որտեղ հայերը պատգամավոր են ընտրում:

– Հյուսիսային իրանահայությունն ընտրում է իր պատգամավորին, իսկ հարավայինը` իր: Հանձնաժողովները մեր տեղամասերում ձեւավորում ենք մենք: Նախընտրական աշխատանքներն ընթանում են սովորականի պես. քարոզչություն, հանդիպումներ ընտրողների հետ եւ այլն: Հյուսիսային Իրանում մենք սնդուկներ ունենք` Թեհրանում, Ուրմիայում, Թավրիզում, Անզալիում, Ռաշտում, Սարիում եւ այլ բնակավայրերում: Հարավում հայերը պատգամավոր են ընտրում Սպահանում, Շահինշահրում, Շիրազում, Փերիայում, Ահվազում եւ այլուր:

– ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ կապված՝ լուրջ փոփոխություններ են սպասվում այդ երկրի տնտեսական եւ արտաքին քաղաքականության մեջ: Իրանը դառնում է տարածաշրջանային լուրջ խաղացող: Դուք, որպես դեռեւս գործող նախորդ խորհրդարանի անդամ, ի՞նչ ընդգծված գործունեություն եք ծավալելու այս գումարման խորհրդարանում:

– Համաիրանական եւ համայնքային առումով բազմաթիվ աշխատանքային ոլորտներ կան, որոնցից կցանկանայի ընդգծել այն երկուսը, որոնք կհետաքրքրեն հայաստանցի ընթերցողին: Առաջին` Հայոց ցեղասպանության ճանաչում: Դեռեւս գործող խորհրդարանում ինձ եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին հաջողվեց Ցեղասպանության 98-ամյակին նվիրված պարսկալեզու միջոցառմանն ապահովել խորհրդարանի փոխխոսնակ պարոն Աբութորաբիֆարդի ներկայությունը, որն իր ելույթում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին: Այս ուղղությամբ աշխատանքը, անշուշտ, կշարունակենք:

Երկրորդ հիմնական ուղղությունը կլինի Հայաստան-Իրան փոխհարաբերությունների խորացումը: Պատժամիջոցների վերացումն աննախադեպ հեռանկարներ է բացում այդ համագործակցության համար: Դուք գիտեք, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-վեցնյակ հայտնի բանակցություններից հետո Իրանն այսօր դուրս է գալիս քաղաքական շրջափակումից: Սա նշանակում է նաեւ տնտեսական, առեւտրային կապերի, հաղորդակցական ուղիների վերանայում եւ զարգացում: Սպասվող փոփոխությունների համատեքստում Հայաստանը չի կարող դուրս մնալ Իրանի հետաքրքրությունների շրջագծից: Խոսքը վերաբերում է այնպիսի լուրջ ուղղությունների, ինչպիսիք են տարանցիկ ճանապարհները, համացանցային կապերի ընդլայնումը, զբոսաշրջության զարգացումը: Էլ չենք խոսում առեւտրային կապերի ընդլայնման եւ ներդրումային նորանոր հնարավորությունների մասին:

Իրանահայ համայնքը եւ ԻԻՀ օրենսդիր մարմնում նրա ներկայացուցիչներն ավանդաբար ունեն իրենց որոշակի տեղն ու դերը Իրան-Հայաստան փոխհարաբերություններում, եւ առաջիկայում եւս մեր աշխատանքի հիմնական ուղղությունն այդ փոխհարաբերությունների խորացումն է լինելու:

Զրույցը վարեց
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Hraparak.am

Տպել Տպել