Համաձայն են ցանկացած քննարկման. բայց ոչ վերջնագրերի լեզվով

«Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը

FotorCreated
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք «4+4+4» ֆորմատով երկխոսելու եւ կոնսենսուսի գալու ՀԱԿ-ի նախաձեռնությունից. դա աշխատո՞ղ տարբերակ է ձեր կարծիքով։

-Ցանկացած ֆորմատով պատրաստ ենք քննարկումների՝ ամեն մի ձեւաչափ մեզ համար ընդունելի է։ Եթե կլինի բոլոր կողմերի ցանկությունը՝ կառուցողական դաշտում համոզելու իրար, ապացուցելու, հիմնավորելու սեփական տեսակետները եւ գտնելու ճիշտ լուծումներ։
Բայց եթե կլինեն ուժեր, խմբեր, որոնց նպատակը վերջնագրերով խոսելն է՝ մեր ասածը չեք անում, ուրեմն վերջ, ոչինչ չի ստացվի։ Այսօրվա քաղաքական իրավիճակը, ներկայիս քաղաքական հարաբերությունները հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ այդ առումով որոշակի պրոբլեմներ կունենանք, բայց ամեն մի տարբերակի պատրաստ ենք։

-Համամասնական ընտրակարգի այն մոդելը, որ ամրագրված է ԸՕ նախագծում, ձեզ լիովին բավարարո՞ւմ է։

-Սա 100 տոկոս համամասնական ընտրակարգ է։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ թաքնված մեծամասնական է, պարզապես ընտրական համակարգերին տեղյակ չեն։

Կա խնդիր՝ մենք, օրինակ, գտնում ենք, որ տարածքային ցանկերը ճիշտ չէ կազմել «ամեն 10 հազար ընտրողին մեկ թեկնածու» հաշվարկով։ Դա շատ մեծ թիվ է։ Ավելի տրամաբանական կլինի տեսնել՝ տեսականորեն մեկ ընտրատարածքին քանի մանդատ կարող է հասնել, եւ տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների թիվը սահմանել դրա կրկնապատիկը կամ առավելագույնը եռապատիկը։ Մնացածի հետ կապված՝ խնդիր չեմ տեսնում։

-Կա՞ն ձեզ համար սկզբունքային դրույթներ, որ «մինչեւ վերջ» պնդելու եք՝ չնայած նախագծի շուրջ քննարկումների ընթացքում հեղինակների բազմիցս ներկայացրած պարզաբանումներին։

-Այո, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ եւ շարունակում ենք այդ աշխատանքները։
Պնդելո՞ւ ենք մեր մոտեցումները, թե՞ ոչ։ Մենք որեւէ բան չենք պնդում, ասում ենք՝ այս հարցը այսպես կարգավորելը ճիշտ է, եկեք քննարկենք. մենք ձեզ կհամոզենք՝ մեր մոտեցումը կընդունեք, դուք մեզ կհամոզեք՝ թող լինի ձեր ասածը։

Լ.Պ.

armworld.am
«Հայոց Աշխարհ»

Տպել Տպել