Հայաստանի կառավարության մեջ Դաշնակցության լինելը նշանակում է Սփյուռքի ներկայություն

FotorCreatedՖրանսիայի բոլոր խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին ցույցեր և տարբեր միջոցառումներ են անցկացվելու:

Այս մասին «Արմենպրես» -ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը` ընդգծելով, որ բոլոր միջոցառումներն ունենալու են պահանջատիրական բնույթ:

«Փարիզում կազմակերպվող միջոցառումները կառավարական բնույթ ունեն: Հերթական տարին է, որ մենք ապրիլի 24-ի միջոցառումները կազմակերպում ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ, մասնակցում են կառավարության ներկայացուցիչները: Թեման է` «Արդարության քայլարշավ»: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ 100-ամյակով ոչինչ չի վերջանում: Մենք պահանջատեր ենք, և Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նախորդ տարիներին Ֆրանսիայում մենք լուրջ աշխատանք ենք տարել, որպեսզի ունենանք կառավարության համակրանքը: Հայկական համայնքն ամուր կապեր է հաստատել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայում հայկական համայնքից բացի ակտիվ աշխատում է նաև Թուրքիան: Մուրադ Փափազյանը նշեց, որ հայկական և թուրքական համայնքների միջև կա քաղաքական մրցակցություն: Նրա խոսքով. երբ Ֆրանսուա Օլանդը դարձավ նախագահ, Թուրքիան նպատակ էր դրել փչացնել նախագահի ու հայկական համայնքի հարաբերությունները:

«Թուրքիան ցանկանում էր տպավորություն ստեղծել, թե Ֆրանսուա Օլանդը ծախել է հայերին, բայց տեղի ունեցավ հակառակը: Ֆրանսուա Օլանդը կանգնեց հայ համայնքի կողքին: Երբ գնաց Թուրքիա, նախագահ Օլանդը խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, 100-ամյակի միջոցառումների շրջանակում եկավ Հայաստան: Ինքը նաև ձգտում է շեշտը դնել Հայաստանի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու վրա: Մենք պնդեցինք, որ Ֆրանսիան ավելացնի իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ֆրանսիան հանդես եկավ առաջարկություններով և կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը»,-ավելացրեց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանը նշեց, որ թուրքերի հետ քաղաքական մրցակցության մեջ հայկական համայնքը թույլ չէ: Ըստ նրա` Թուրքիան հասկացել է, որ հայկական համայնքը լուրջ գործոն է և այժմ Ադրբեջանի հետ զգալի միջոցներ է ներդնում հակահայկական քարոզչության գործում:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի մշակման գործընթացին` Մուրադ Փափազյանը նշեց, որ այս հարցում կա Ֆրանսիայի նախագահի աջակցությունը:

«Իրավական խնդիր ունենք` կապված խոսքի ազատության հետ, և, ինչպես գիտեք, Փերինչեքի դատավարության ժամանակ շեշտը հենց դրա վրա դրվեց: Այժմ պետք է այնպես անել, որ նախագիծն իրավական ամուր հիմքերի վա լինի: Մենք կապի մեջ ենք նախագծի մշակման հարցերով զբաղվող Ժան Պոլ Կոստայի հետ: Ապրիլի կեսերին, ըստ երևույթին, պատրաստ կլինի: Բայց այստեղ մի խնդիր կա: Միգրանտների հարցով պայմանավորված Թուրքիան նոր կարևորություն է ստացել Եվրիամության մոտ և դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարցի վրա: Միգուցե փորձ արվի դանադաղեցնել գործընթացը, բայց մենք հետևում ենք իրադարձություններին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Հայաստանի կառավարության մեջ ՀՅ Դաշնակցության լինելը նշանակում է Սփյուռքի ներկայություն. շատ լավ է, որ համահայկական բնույթ ունեցող կուսակցությունը կառավարության մեջ է, ասուլիսի ժամանակ նման գնահատական տվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: «Քննարկվեց, թե ինչպես կարող է Դաշնակցությունը հայ ժողովրդին օգտակար լինել: Մնա՞լ որպես ընդդիմություն, թե իշխանության մաս կազմել: Որոշվեց իշխանության մեջ լինել, բայց պայմաններ դրվեցին, որոնք էլ ընդունվեցին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նա անդրադարձավ նաև հարցին` արդյոք ՀՅԴ-ում կոալիցիա կազմելու հետ կապված կային տարակարծություններ` վերահաստատելով, որ կոալիցիա կազմելու հարցի հետ կապված ՀՅԴ-ում ներքին պատերազմ չկա: «Եթե որևէ լրատվամիջոց այդպիսի տեղեկություն է հրապարակում, ապա դա պետք է հիմնված լինի փաստերի վրա, ոչ թե բամբասանքների: Դաշնակցության շարքերում ներքին պատերազմ, բյուրոն տապալելու պայքար չկա: Դաշնակցության ներսում, անշուշտ միակարծիք չեն կոակիցիա կազմելու հարցի վերաբերյալ, բայց դա նորմալ է: Բնական է, որ պետք է լինեն տարբեր կարծիքներ»,-նկատեց Փափազյանը:

Նրա խոսքով` նրանք, ովքեր դեմ էին ևս հասկացան, որ ավելի շատ կարող են օգտակար լինել` ՀՅԴ-ի կառավարության մաս կազմելու պարագայում:

armenpress.am

Թուրքիան միգրանտների հարցն օգտագործում է մեր դեմ

FotorCreated

Թուրքիայից դեպի Եվրոպա միգրանտների հոսքը մեծ խնդիր է նաեւ Հայաստանի համար, Թուրքիան այս հարցը փորձում է օգտագործել մեր դեմ: Այս մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Միգրանտների խնդիրները լուրջ ազդեցություն ունեն, դրանք միջազգային ընտանիքի ներսում լուրջ կարեւորություն են ստացել ու սա պրոբլեմ է: Թուրքիան օգտագործում է միգրանտների հարցը մեր դեմ: Թուրքիան իր բանակցություններում ճնշում է բանեցնում, որ հաղթական դուրս գա: Մի կողմից մենք ունենք մտերմություն Օլանդի հետ, մյուս կողմից էլ ուրիշ շահեր կան»,- նշեց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` հայկական համայնքը, ամեն դեպքում, ամեն բան անում է, որ չազդի սա հայկական հարցի լուծման վրա:

news.am

Տպել Տպել